Պուտինին՝ Լուկաշենկո՛ն է մեղավոր, որ ես Եվրոպա գնացի․․․
Fri, 07 Aug 2026 16:45:04 +0400

Երբ քաղաքականապես ոչ պատրաստ մարդը մտնում է քաղաքականություն, նա գործում է ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես մարդ՝ իր բոլոր արատներով, կոմպլեքսներով, սովորույթներով։ 8 տարի մենք դրա ականատեսն ենք։
Նիկոլ Փաշինյանը նախկինների փեշերից էնքան կախվեց, որ անգամ նրա թիմակիցներն են զահլա գնացել։ Տնտեսությունը կերան նախկինները, Արցախը հանձնեց Պուտինը, պատերազմում պարտվեց ժողովուրդը, զինվորը, գեներալը, տարածքները հանձնեց Քոչարյանը։
8 տարի վարչապետ է ու ոչ մի պատասխանատվություն իր վրա չի վերցրել։ Բոլորը մեղավոր են, բացի իրենից։
Հիմա էլ՝ ԵՄ, ԵՄ ասելով, Հայաստանը տնտեսապես այնքան «ծաղկեց», որ ծնկած վիճակում հասավ Եվրոպա։ Պարզվում է՝ ԵՄ-ի դուռը բացելու ամբողջ պատմության մեջ էլ իր մեղքը չկա։ Ավելին՝ պարզվում է, որ իրեն այդ դռնից ներս հրողը ոչ ավել, ոչ պակաս՝ Լուկաշենկոն է եղել։
Ռուս լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասել է․ «ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը՝ հայտարարելով, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, և նրան ոչ մի տեղ չեն սպասում»։
Քանի որ այդ միտքը ժամանակին Լուկաշենկոն է արտահայտել, ստացվում է՝ Լուկաշենկոն է Հայաստանի եվրոպական ապագայի իրական ճարտարապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդամենը լսել է նրա խոսքերը, նեղացել, հավաքել ճամպրուկը և գնացել Եվրոպա՝ ապացուցելու, որ Հայաստանը, այնուամենայնիվ, ինչ-որ մեկին պետք է։
Ու այստեղ արդեն կարելի է պատկերացնել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ․
-Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես մեղավոր չեմ, որ Հայաստանը գնում է Եվրոպա։
– Բա ո՞վ է մեղավոր։
– Լուկաշենկոն։
– Լուկաշենկո՞ն։
– Հա։ Ինքն ասաց՝ Հայաստանին ոչ ոք պետք չէ։ Ես էլ նեղացա ու գնացի։
Այսինքն՝ ստացվում է՝ նույնիսկ Եվրոպա գնալու պատմության մեջ էլ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ։ Լուկաշենկոն է մեղավոր։
Միայն թե այս ամբողջ պատմության մեջ մի անհարմար հարց կա։
Եթե նախկինները «լափեցին» տնտեսությունը, Պուտինը հանձնեց Արցախը, ժողովուրդը պարտվեց պատերազմում, Քոչարյանը հանձնեց տարածքները, իսկ Լուկաշենկոն քեզ հրեց Եվրոպա՝
բա ութ տարի վարչապետն ո՞վ էր։
Թե՞ վարչապետը միայն պաշտոնն է, իսկ պատասխանատվությունը՝ ուրիշներինը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր