«Հրապարակ». 2 հազար տնից դեռ ընդամենը 128-ն է ավարտված եւ բնակեցված
Fri, 14 Aug 2026 10:45:51 +0400

Նիկոլ Փաշինյանն ու մեծ պաշտոնյաները հպարտանում են բնակարանային ապահովման պետական ծրագրի արդյունքներով, սակայն այդ արդյունքները հպարտանալու տեղի՞ք են տալիս։ Մայիսի 30-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջեւանի սահմանամերձ Սեւքար գյուղում հայտարարեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագրով կառուցվում է 1931 տուն։ Իսկ 4 բնակավայրում՝ Տավուշի սահմանամերձ Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար, Բերքաբեր գյուղերում, բնակարանային ապահովման պետական ծրագրով առանձնատների կառուցման համար վարկավորմամբ տրվում է 21 միլիոնական դրամ։
Օգոստոսի 5-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրով օգոստոսի 6-ի դրությամբ քանի՞ առանձնատան կառուցման համար է վարկավորում իրականացվել, քանիսի՞ շինարարության ավարտական ակտն է առկա։ Խնդրում եմ այդ տվյալները գրել ըստ մարզի բնակավայրերի։ Այդ ծրագրով կառուցված քանի՞ առանձնատուն է օգոստոսի 6-ի դրությամբ փաստացի բնակեցված, որ բնակավայրում քանի տուն»։ Մարզպետի աշխատակազմից ոչ լիարժեք պատասխան են տվել․ «ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական ծրագրով, օգոստոսի 6-ի դրությամբ, ըստ Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի համայնքապետարանների տված տեղեկատվության, փաստացի բնակեցված է 128 տուն, իսկ կառուցման համար վարկավորման իրականացման եւ շինարարության ավարտական ակտի հետ կապված՝ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին»։
Նկատենք նաեւ, որ ոչ միայն թմբկահարված մոտ 2 հազար տնից առայժմ, փաստորեն, ընդամենը 128-ն է բնակեցված, բացի այդ՝ պետական աջակցությամբ, վարկային ծրագրով սահմանամերձ գոտում կառուցված շատ տներ կառուցել են ոչ թե սահմանին բնակվողները, այլ՝ ուրիշ բնակավայրերում ապրողները, ովքեր այդ տները որպես ամառանոցներ են սարքել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր