Ինչ նոր օր են ավելացնելու տոների ցանկում
Thu, 20 Aug 2026 11:12:55 +0400

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին։ Նախագծով առաջարկվում է հունիսի 23-ը Հայաստանում սահմանել որպես Հանրային ծառայողի օր։ Միաժամանակ նախատեսվում է, որ այդ օրը կլինի աշխատանքային։
Նախաձեռնության հիմնական նպատակն է հանրային ծառայության տարբեր ոլորտներում աշխատող անձանց գործունեությունը դիտարկել որպես մեկ ընդհանուր համակարգի մաս։ Նախագծի հեղինակների համոզմամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից կամ իրականացվող գործառույթների բնույթից՝ հանրային ծառայողները հետապնդում են ընդհանուր նպատակ՝ պաշտպանել հանրային շահը, նպաստել պետական կառավարման արդյունավետությանը և քաղաքացիներին ապահովել որակյալ ծառայություններով։
Առաջարկվող մոտեցմամբ՝ իրավապահ, վարչական, սոցիալական, վերահսկողական և այլ ոլորտներում աշխատող հանրային ծառայողների գործունեությունը պետք է ընկալվի ոչ թե առանձին համակարգերի շրջանակում, այլ որպես պետության կառավարման միասնական մեխանիզմի բաղադրիչ։ Այդ պատճառով առաջարկվում է տարբեր ծառայությունների համար առանձին օրեր սահմանելու փոխարեն ունենալ մեկ միասնական օր, որը կընդգծի հանրային ծառայության ընդհանուր առաքելությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր