Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Հա՞նք, թե՞ տուրիզմ. նոր ռիսկեր

«Հրապարակ». Հա՞նք, թե՞ տուրիզմ. նոր ռիսկեր

Wed, 19 Aug 2026 13:45:45 +0400


Օգոստոսի 11-ին Լոռու մարզի խոշորացված Փամբակ համայնքի Վահագնի, Դեբեդ եւ Եղեգնուտ բնակավայրերում տեղի են ունեցել հանրային բաց լսումներ՝ Հանքաձորի հանքային դաշտի տարածքում արդյունաբերական նշանակության հանք հայտնաբերելու նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ։ Նշենք, որ «Բարիբա» ՍՊԸ-ն մտադիր է վերագործարկել նախորդ դարասկզբին ֆրանսիացիների շահագործած Հանքաձորի հանքավայրը, իսկ մինչ այդ նոր երկրաբանական ուսումնասիրություններ է ուզում անցկացնել՝ շուրջ 30 քառակուսի կիլոմետր տարածքում:

Բնապահպան, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարածքում դեռ 2021 թվականին են փորձել հետազոտություններ կատարել, բայց այն ժամանակ դա կանխվել է: Այժմ նույն հարցն առաջ են քաշել, սակայն. «Ցավալիորեն, բնակիչների հիմնական մասը չի արտահայտվել: 3 բնակավայրում հանրային քննարկում է եղել, եւ այդ 3 բնակավայրից 4 մարդ է արտահայտվել: Որեւէ կարծիք չեն արտահայտել, տեղական իշխանությունները որեւէ հիմք չունեն՝ այդ գործընթացին տալ դրական եզրակացություն, որովհետեւ բնակչությունը չի արտահայտվել»: Հարցին, թե ինչով էր պայմանավորված բնակչության նման պասիվ վերաբերմունքը, Դուլգարյանը պատասխանեց. «Երեւի նրանից է, որ Հայաստանի որ համայնքում ակտիվ խոսում են, դրանից հետո թիրախավորվում են: Բնակիչները, դեմ լինելով հանդերձ, նաեւ լռում են, մարդիկ ասում են` լավ է չխոսեն, քան՝ խոսեն: 30-օրյա ժամկետում համայնքի ավագանին պետք է որոշում կայացնի, եթե որոշում ընդունվեց, ապա դա ուղղակի տվյալ համայնքի ավագանու կամարտահայտությունն է լինելու, որը որեւէ կերպ հիմնավորում չի ստանում բնակչության կողմից: Եթե մտնեք Դեբեդ գյուղ, Ձեզ կթվա, թե մտել եք ինչ-որ եվրոպական մի գյուղ: Այնտեղ հյուրատներ են, գյուղական տուրիզմն է զարգացած, դարձել է տուրիզմի խոշոր կենտրոններից մեկը: Համայնքի զարգացման ուղղությունը կանաչ տնտեսությունն է, զբոսաշրջությունն է, եւ մեծ պոտենցիալ կա օրգանիկ գյուղատնտեսության համար, այսինքն, մեկը մյուսից է բխում: Զարգացող զբոսաշրջությունը հանգեցնելու է նրան, որ մարդիկ որակյալ մթերք ունենան, ու եթե այդ տարածաշրջանը դարձավ հանքարդյունաբերական, դա նշանակում է, որ ամբողջ ընթացքը կասեցվում է, եւ համայնքը կանաչից դառնում է արդյունաբերական համայնք: Փոխելու է իր զարգացման ուղղվածությունը, իսկ մարդիկ դրան հասել են ինքնուրույն, տարիներ շարունակ աշխատել են, որ զբոսաշրջությունը զարգանա: Եթե դարձավ հանքարդյունաբերական, դա հակասում է կայուն զարգացման սկզբունքներին: Փամբակ համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում հանքարդյունաբերության մասին խոսք չկա, այնտեղ կա խոսք՝ շրջակա միջավայրի կանաչ տնտեսությունների եւ այլնի մասին: Այդ ամենը հակասում է նաեւ համայնքի զարգացման հեռանկարներին, եւ, բնականաբար, այդպես չի կարելի՝ վերցնել ցանկացած տեղ եւ որոշել հանք բացել: Հանք բացելու համար պետք է երկարաժամկետ կտրվածքով օգուտի, վնասի հաշվարկի գնահատում: Որոշեն` այս տարածքում զբոսաշրջությո՞ւնն օգուտ կբերի, թե՞ հանքարդյունաբերությունը: Նաեւ պետք է լինի հստակ տնտեսական գնահատում, պետք է հստակ բաժանում լինի: Այդ տարածքում չի կարող հանք շահագործվել, քանի որ այդտեղ ջրեր են, կենսաբազմազանությունը հարուստ է, այդտեղ զբոսաշրջությունն է զարգանում, եւ, ընդհանրապես, պետք է լինի իմունիտետ՝ որեւէ տարածքում նախաձեռնություններով հանդես գալու: Նման բան չկա, դա օրենսդրական բաց է, պետք է տարիների ընթացքում հասնել դրան, որ չկարողանան օրումեջ մի համայնքում հանք բացել»:

Ինչո՞ւ տարիներ հետո կրկին այդ թեման շահարկվեց։ «Չեմ կարող ասել եւ հասկանալ` ինչու որոշեցին, քանի որ այդպիսի փորձեր արվել են նաեւ 2021 թվականին, դրանից առաջ էլ: Կարող եմ ասել, որ հանքարդյունաբերությունը շատ շահավետ ոլորտ է, եւ որտեղ կա կապիտալ, ցանկանում են ներդնել շահավետ տեղ: Վերցնում են սովետական քարտեզները, նայում են` որտեղ ինչ պաշարներ կան, եւ գնում են այդտեղ, փորձում են ինչ-որ նախաձեռնություններ առաջ բերել»:

Զրուցեցինք նաեւ Դեբեդ եւ Եղեգնուտ վարչական շրջանների ղեկավարների հետ, թե ինչ կարծիք ունեն այդ նախագծի հետ կապված, եւ արդյոք առանձին քննարկում ունեցե՞լ են համայնքի բնակիչների հետ։ «Մենք որեւէ որոշում չունենք այդ առումով, փորձել ենք լսել բնակիչների կարծիքները: Իրականում, տարատեսակ են եղել կարծիքները: Տարբեր տեսանկյունից հնարավոր է կարծիք ներկայացնել՝ ե՛ւ լավ կողմերը, ե՛ւ վատ կողմերը: Ունի ե՛ւ ռիսկեր, ե՛ւ առավելություներ, դրա համար էլ ես դեռեւս կողմնորոշում չունեմ, կուզեմ, որ ավելի շատ մասնագիտական վերլուծություն լինի, որի հիման վրա կարողանամ որոշում կայացնել: Մի կողմից՝ տնտեսապես շատ լուրջ տնտեսական զարգացում է խոստանում տեղի բնակիչներին, մյուս կողմից՝ մեր գյուղը նաեւ տուրիստական զարգացող գյուղ է, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ գյուղի զարգացման համար: Ես հստակ կարծիք չեմ կարող հայտնել: Ճիշտ է` հանրային լսում տեղի ունեցավ, այդ օրը կային թե՛ բնապահպաններ, թե՛ հանքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց առավելություններն ու թերություններն էին ներկայացնում, ու այդ օրը այդպես էլ հստակ որոշում չկայացվեց»,- ասաց Դեբեդի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը:
Եղեգնուտի վարչական ղեկավար Կարմինե Ավետիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հանրային լսման ժամանակ կարծիք չի արտահայտել. «Բնակիչներ կան, որ ուզում են, բնակիչ էլ կար, որ դեմ էր: Մեծամասնությունը կողմ է, որ տեսնեն՝ ինչ կա այդ վայրերում: Եթե ես բացասական որոշում կայացնեմ, ժողովուրդը կասի՝ բա աշխատատեղ չկա, դրանից թող ժողովուրդը որոշի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ հայտնաբերվել են խախտումներ

Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ հայտնաբերվել են խախտումներ Mon, 17 Aug 2026 19:10:33 +0400 Սննդամթերքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով