«Հրապարակ». Դրսից կադրեր հրավիրվել են ամենաշատը Տեր-Պետրոսյանի ժամանակ. ովքեր էին նրանք
Sat, 22 Aug 2026 09:15:20 +0400

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե աշխարհի 200 լավագույն համալսարանների շրջանավարտներին հրավիրում է Հայաստան` կառավարման համակարգում աշխատելու: Օգոստոսի սկզբին էլ հայտնեց, որ հազարից ավելի մարդ է դիմել, որից ընտրել են մոտ 400-ին եւ շուտով կնշանակեն տարբեր օղակներում: Եվ իրոք` մի խումբ անհայտ անձանց փոխնախարարներ են նշանակել, որոնց կենսագրություններից տեղեկացանք, որ նրանք արեւմտյան տարբեր համալսարաններում են ուսանել` ոմանք ինչ-որ դասընթացներ են ավարտել, ոմանք լիարժեք կրթություն են ստացել:
Հիմա փաշինյանական ռեժիմը թմբկահարում է, թե բացառիկ բանիմաց կադրեր են նրանք, տիրապետում են օտար լեզուների, ունեն գիտելիքների մեծ բազա եւ այլն: Օրինակ, առողջապահության նորանշանակ փոխնախարար Շահանե Մնացականյանը, ԲՏԱ փոխնախարար Տաթեւ Ասլանյանը, որը սովորել է Նիդերլանդներում, եւ այլք: Իհարկե, սա լավ է, բայց արդյո՞ք երկրի կառավարումը մեկ-երկու փոխնախարարի աշխատանքով կբարելավվի, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, իշխող քաղաքական ուժը` «Քաղպայմանագիրը», եւ երկրի քաղաքականությունը որոշում է, ըստ էության, մեկ մարդ: Գործ ունենք մեկի հետ, որն անգամ դատաիրավական համակարգն է փորձում ղեկավարել, դատավճիռներ կայացնել: Արդյո՞ք այս պայմաններում փոխնախարարները կարող են ինչ-որ բան փոխել:
Ընդ որում, դրսից կադրեր բերելու գործընթացը փորձում են ներկայացնել որպես նախադեպը չունեցող, մի բացառիկ երեւույթ, բայց երրորդ հանրապետության ձեւավորումից հետո՝ հենց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին են բազմաթիվ կադրեր սփյուռքից տեղափոխվել Հայաստան եւ բարձր պաշտոնների նշանակվել: Ի տարբերություն Փաշինյանի կադրերի, նրանք ծնվել եւ մեծացել էին արտերկրում, կայացել, բարձր կարգավիճակ ունեին: Րաֆֆի Հովհաննիսյանը, օրինակ, 1991-1992 թվականներին արտգործնախարար է աշխատել: Նա ծնվել է Ֆրեզնոյում եւ Հայաստանի անկախությունից հետո դարձել է հանրապետության առաջին արտաքին գործերի նախարարը։ Սեպուհ Թաշճյանը նշանակվել էր էներգետիկայի եւ վառելիքի նախարար, իսկ 1992-1993 թվականներին եղել է նաեւ պետական նախարար։ Պաշտոնավարել է 1992-1993 թթ.։ Միրոն Շիշմանյան` էներգետիկայի եւ վառելիքի նախարար, 1993-1995 թթ. ծնվել է Լենինգրադում, մինչեւ Հայաստան գալը երկար տարիներ ապրել ու աշխատել է ԽՍՀՄ-ում, իսկ 1993-1995 թթ. եղել է էներգետիկայի եւ վառելիքի նախարար։ Մեծ թվով փոխնախարարներ ու բարձր պաշտոնյաներ են նշանակվել: Հալեպում ծնված Վարդան Օսկանյանը նշանակվել էր ԱԳ նախարարի տեղակալ, ապա՝ 1996-ին` առաջին տեղակալ, 1998-ին արդեն Ռոբերտ Քոչարյանի կողմից նշանակվել էր ԱԳ նախարար։ Ժիրայր Լիպարիտյանը եղել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ, ապա՝ նախագահի գլխավոր խորհրդական։ Իշխան Մարտիրոսյան` գյուղատնտեսության փոխնախարար: Հետագայում դրսից մասնագետ հրավիրելու փորձեր էլի են եղել, օրինակ` Կարեն Կարապետյանին հրավիրեցին Երեւանի քաղաքապետ, ապա վարչապետ աշխատելու: Իսկ Արմեն Դարբինյանի կառավարությունը ստացավ արհեստավարժների կառավարություն անվանումը, որովհետեւ անկուսակցական կադրերից էր կազմված` ոլորտային մասնագետներից:
Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Պետք է նախ արձանագրենք, որ հայության կապիտալի օգտագործումը պետականաշինության գործընթացում միշտ է եղել, եւ դա դիտվել է որպես դրական միտում` երկու կոնտեքստում. առաջինը` հայ մասնագետների մասնագիտական կարողությունների օգտագործումը, որոնք նաեւ վերաբերել են քաղաքականությանը, ինչպես նաեւ սփյուռքի հետ համագործակցությունը սերտաճեցնելու նպատակով են այդ քայլերն արվել: Սրանք մեկը մյուսին լրացնող տենդենցներ են եղել, որոնք երրորդ հանրապետության ձեւավորման առաջին իսկ օրվանից են գործի դրվել: Այն ժամանակ ամենապատասխանատու ոլորտների ղեկավարները հասկանում էին, որ ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակում` պետականաշինության գործում կար լավ կադրերի դեֆիցիտ: Բնական է, որ ԽՍՀՄ կազմաքանդման արդյունքում այդ ժամանակվա կադրերը չէին կարող որակապես բարձր լինել, քանի որ ԽՍՀՄ-ի պահանջներն այլ էին, հետեւաբար՝ առանձին ոլորտներում դրսից եկած կադրերին բարձր պաշտոններ վստահելն արդարացված էր: Այդ նախադեպը եղել է միշտ, անկախացումից հետո` առավել եւս: Խնդիրն այն է, որ քաղաքական որոշումները ձեւավորվում են նախապատրաստական փուլում: Ցանկացած որոշում պետք է նախապատրաստել: Քաղաքական որոշում կայացնողները մշտապես եղել են երկրի ղեկավարները` Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան եւ այլն: Նրանք որոշումներ կայացնում էին նախապատրաստված նյութերի հիման վրա: Քաղաքականության որակը հենց այդ հանգամանքով է պայմանավորված, պետք է նախապատրաստվել: Այսօր էլ որոշում կայացնողը վարչապետն է, այդ կադրերը որոշում կայացնողներ չեն, սակայն նրանք կարող են քաղաքական որոշումների որակի վրա ազդել, եթե տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Այս երեւույթը նորույթ չէ, հեծանիվ չեն հայտնագործում: Տարբեր ինտենսիվությամբ, սակայն միշտ են նման կադրեր նշանակվել»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր