Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Շոուներով զբաղեցնում են, որ կարեւոր թեմաները չնկատվեն

Շոուներով զբաղեցնում են, որ կարեւոր թեմաները չնկատվեն

Sat, 22 Aug 2026 09:00:23 +0400


Եկեք տեսնենք, թե ինչ թատերականացված տեսարաններ է բեմադրում այս իշխանությունը, ինչպես է հանրությանը զբաղեցնում, ինչ մանիպուլյատիվ հնարքներ է կիրառում, ինչպես է ծաղրում ու խաբում, որ ինքը հանգիստ վայելի պետբյուջեն ու պետական պաշտոնի շնորհած արտոնություններից օգտվի, շարունակելով մաս-մաս հանձնել երկիրը:
Զվարճության ու զբաղվածության մի լուրջ պատուհան փակում են խորհրդարանի նիստերը, որոնք վերածվել են շոուի, զվարճալի բեմադրության, որը միապաղաղ կյանքով ապրող հանդիսատեսը վայելում է ամեն օր` տեսնելով, թե ինչպես են ընդդիմությունն ու իշխանությունն իրար հայհոյում, մեղադրանքներ հնչեցնում, թատերականացված տեսարաններ մատուցում իրենց: Այդ տեսարանները նայողները սկսում են մտածել, որ մեր երկրում ամենակարեւոր հարցն ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցն է կամ վիզաների ազատականացումը, կամ նոր անձնագրեր տրամադրելը եւ այլն: Ի՜նչ Արցախ ու Տիգրանաշեն:

Մյուս պատուհանը քաղբանտարկյալներն են, որոնց գոյությունը մեծ ռեսուրս եւ ժամանակ է խլում հանրությունից, հատկապես` ընդդիմադիր հատվածից: Անդրանիկ Թեւանյան եւ Գագիկ Ծառուկյան, Արեգնազ Մանուկյան եւ Ալիկ Ալեքսանյան, Կանդազ եւ Խաչիկ Գալստյան, Սեդրակ Առուստամյան եւ Մարտուն Գրիգորյան: Ահա` Արեգնազ Մանուկյանի դստերը թույլ տվեցին տեսակցել մոր հետ, Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին, հանրության ընդդիմադիր հատվածն արդեն ուրախ է ու երջանիկ: Ու դա եւս հանրությանը զբաղեցնելու-զվարճացնելու ծրագրի մասն է կազմում: Իսկ այդ ընթացքում ադրբեջանցի չափագրողներ են գալիս Հայաստան, հող են պատրաստում նոր տարածքներ հանձնելու համար: Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կամ նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում, որ Ադրբեջանից մեր կախվածությանն այլընտրանք չլինի: Բանակում քաոսային վիճակ է:

Շոուի մի մասն էլ ապահովում են ապօրինի գույքի բռնագրավման մասին հաղորդագրությունները, դատավարությունները, որոնցով դեռ դատարանի որոշումներ չկան, բայց դիտարժան պրոցես`այո: Այս ընթացքում նաեւ երկար, հալումաշ անող դատավարություններ` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատ, Մկրտիչ, Արշակ սրբազանների, կաթողիկոսի, կեղծ ընտրակաշառքների եւ այլ գործերով, որոնք աչքի առաջ փլվում են` թղթե տնակների նման:

Շուտով դատարան կմտնի Անդրանիկ Թեւանյանի դեմ դատավարությունը, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քննությունը կշարունակվի: Այս բոլոր դատերի ու քննչական տանել-բերելու ժամանակ մարդիկ կհավաքվեն, ակցիաներ կանեն, լրագրողները դատերը կլուսաբանեն, եւ դա եւս հանրության մի մասի համար լավ զբաղմունք կլինի, որ հանկարծ չմտածեն Սահմանադրությունը փոխելու, առջեւում սպասվող տնտեսական դժվարությունների, սահմանազատման ընթացքում ակնկալվող վտանգների մասին: Չհիշեն Արցախն ու Բաքվում խոշտանգվող գերիներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Վանաձորի Աբելյանի անվան թատրոն․ ոչնչացնե՞լ պատմությունն ու վանաձորցու հիշողությունը, թե՞ կառուցել ժամանակակից թատրոն

«Հրապարակ». Վանաձորի Աբելյանի անվան թատրոն․ ոչնչացնե՞լ պատմությունն ու վանաձորցու հիշողությունը, թե՞ կառուցել ժամանակակից թատրոն Tue, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով