Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Էշ-էշ մի դատիր, որ էշ-էշ չդատվես

Էշ-էշ մի դատիր, որ էշ-էշ չդատվես

Wed, 26 Aug 2026 18:15:14 +0400


Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Փաշինյանը շեղվեց եւ ակամայից սկիզբ դրեց մի նոր քննարկման՝ «ինչո՞ւ եք դուք միլիոնատեր» հարցադրմամբ: Նա այնքան անբռնազբոս էր այդ պահին, որ ես մտածեցի, թե այդ հարցը պետք է տալ անխտիր բոլորին: Ըստ Փաշինյանի՝ միլիոնատեր եւ հարուստ լինելը հանցագործություն է, իսկ հանցագործությունը, որքան հասկանում եմ, պետք է պատժվի: Պատրա՞ստ է Փաշինյանն իր կուտակած հարստության համար պատասխան տալ եւ պատիժ կրել, ինչպես մյուս միլիոնատերերն ու հարուստները: Փաշինյանն ասաց, որ պատրաստ է: Դեռ մեջբերում էլ արեց ինչ-որ կտակարանից, թե դատում եմ, լավ եմ անում, ինքս էլ պատրաստ եմ դատվել նույն հանցանքի համար:

Իսկ հիմա զեղումները մի կողմ դնենք եւ փորձենք հասկանալ, թե Հայաստանում ով ինչպես է հարստացել, ում կամ ինչի հաշվին: Սա շատ կարեւոր է՝ հասկանալու համար այդ հանցագործության բնույթը, չափերը, վտանգավորության աստիճանը եւ մյուս բոլոր պարամետրերը: Փաշինյանը հասցրեց իր խոսքում մի փոքր խուսանավել նախապես դուրս տված էշությունից՝ ասելով, թե իր համար խնդիրը հարստությունը չէ, այլ՝ այն, որ այդ հարստությունը կուտակվել է մեր ժողովրդի հաշվին: Անշուշտ, լավ չէ ժողովրդի հաշվին հարստանալը, բայց աշխարհում չեք կարող գտնել մի հարուստ մարդու, որի փողերն օդից են ընկել: Բիզնես՝ սա է շահի աղբյուրը, իսկ բիզնեսն ու ժողովուրդը միմյանցից անջատ չեն: Ստերիլ միջավայր այստեղ չկա: Ամեն ինչ բնական է՝ ոմանք աշխատում են, բարիք ստեղծում, ոմանք էլ՝ տնօրինում այդ բարիքը՝ ամեն մեկն իր չափով: Փաշինյանը հարց է տալիս Լեւոն Քոչարյանին՝ ինչո՞ւ եք դուք հարուստ, ինչո՞ւ եք դուք միլիոնատեր… Հետո սպառնում՝ ես թույլ չեմ տալու, որ այդ հարստությունը վայելեն ձեր զավակներն ու թոռները: Ահա՝ այսպիսի անբռնազբոս հարցադրումներ եւ նույնքան անպատկառ հոխորտանք:

Թե այս երկխոսությունից հետո ինչ հրահանգ ստացան իրավապահները, մենք իմացանք հաջորդ առավոտյան: Խուզարկություններ Քոչարյանների տներում, բիզնեսներում, ՀՀ երկրորդ նախագահին ԱԱԾ, ապա Հակակոռուպցիոն կոմիտե տանել, ՀՀ երրորդ նախագահին Հակակոռուպցիոն հրավիրել եւ այլն: Ինչպես ասում են՝ սկսվեց… Քոչարյանների համար այս քաշքշուկը նոր չէ, էլի են տեսել, պայքարել են, արդարացվել, էլի մեղադրվել, էլի արդարացվել: Այս անգամ Փաշինյանը կարծես սեւեռվել է Քոչարյանների հարստության վրա, որը, ըստ իրեն, նրանք կուտակել են ժողովրդի հաշվին: Փաշինյանը պատրաստվում է դատել եւ հայտարարում է, որ ինքն էլ պատրաստ է դատվել նույն հարցով:

Սակայն նա կառավարության ծրագրի քննարկման ժամանակ չնկատեց, որ իր հայտարարության վերջին մասին, թե ինքն էլ պատրաստ է դատվել, ոչ ոք չհավատաց: Բոլորը, ներառյալ նաեւ ԱԺ ՔՊ-շնիկ մեծամասնությունը, վստահ էին, որ Փաշինյանը փչում է, որ ինքն իր իշխանության գալուց ի վեր դեռ ոչ մի անգամ, գոնե 5-10 րոպեով պատրաստ չի եղել ո՛չ դատվելու, ո՛չ որեւէ բանի համար պատասխան տալու:

Եվ ահա, ես ինձ իրավունք եմ վերապահում ՀՀ մեծարգո վարչապետին հարցնելու՝ շատ կներեք, պարոն Փաշինյան, ինչո՞ւ եք դուք միլիոնատեր, եթե հայտնի է, որ ո՛չ բիզնեսներ ունեք, ո՛չ էլ շնորհք՝ բիզնեսով զբաղվելու: Մեր ժողովրդի հաշվին չե՞ք, արդյոք, դարձել միլիոնատեր կամ այդ միլիոնների հետ միջնորդավորված կապեր ունեցող մեծահարուստ: Դուք միլիարդատիրուհու ամուսի՞ն եք, թե՞ նախկին ամուսին, չգիտեմ, բայց, որքան ինձ հայտնի է, փողի նեղություն չեք քաշում: Ժողովուրդը, պատահաբար, ներդրում չունի՞ այդ միլիոնների կամ միլիարդների մեջ՝ հարկեր, տուրքեր, տուգանքներ, ունեզրկումներ, բոմժացումներ, հատիկ առ հատիկ «բացահայտումներ»… Այս ամենը, ի վերջո, դառնում է պետական ապարատի աշխատավարձ, բյուջետային մուտքեր, ճոխ պարգեւատրումներ: 8 տարում, ինչպես ասում են, կարող էիք կարգին հարստանալ, ո՛չ ձեռքներդ բռնող կա, ո՛չ էլ ախորժակներիդ փական դնող:

Ժողովրդի հաշվին (աջակցությամբ) հարստացածները մեկը, երկուսը չեն: Փաշինյանը, սակայն, ոչ բոլոր հարուստների վրա է կենտրոնացել: Սա եւս մեկ ապացույց է այն բանի, որ ինքն անսկզբունքային մարդ է եւ պատրաստ չէ պատասխան տալ իր կուտակած հարստության համար: Եթե դուք ինձ ասեք, որ Խաչատուր Սուքիասյանի միլիարդներն օդից են ընկել, ես չեմ հավատա: Ես չեմ հավատա նաեւ Սամվել Ալեքսանյանի՝ տվածուրիկ միլիարդատեր լինելու «փաստին»: Էլ չեմ խոսում Նարեկ Նալբանդյանի մասին: Ձեւ չկա, բոլորն էլ ինչ-որ կերպ ժողովրդի հաշվին ու աջակցությամբ են դարձել միլիարդատերեր: Թրամփն էլ, Քրքորյանն էլ, Ռոքֆելլերն էլ, ՔՊ-ի նորելուկ շուն-շանգյալն էլ: Բա հիմա ի՞նչ անենք, ինչո՞ւ եք Հայաստանում ընտրողաբար հետապնդում հարուստներին:
Հայ ժողովրդի հաշվին (աջակցությամբ) հարստացած մարդիկ, նկատել եմ, ահագին անշարժ գույք ու ներդրումներ ունեն հենց Հայաստանում: Այլ կերպ ասած՝ նրանց հարստության այդ հատվածը ենթակա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահպանմանն ու տիրապետմանը: Գագիկ Ծառուկյանն ուր էլ գնա, նրա տունը (դղյակը) Հայաստանում է, հայոց հողի վրա, եւ նա չի կարող այդ դղյակը հետը տանել: Այդպիսի բազմաթիվ սեփականություններ կային, խլեցիք, չէ՞, պետականացրիք, չգիտեմ ինչ արեցիք: Այդ հարուստներից ո՞վ իր հետ տարավ շքեղ հյուրանոցներն ու առանձնատները: Ահավասիկ, միլիոնատեր Փաշինյանն ասում է՝ պատրաստ եմ դատվելու: Մի պահ հավատանք, որ ճիշտ է ասում: Ո՞ւր է ունեցվածքդ, կարո՞ղ է դա քեշ փողով շվեյցարական բանկերում ես պահում, իսկ Հայաստանում ոչինչ կառուցած չկաս: Ինչո՞ւ որեւէ անձնական ներդրում չունես Հայաստանի Հանրապետությունում: Մեր հարեւան Շմավոնը, օրինակ, որ քեզ չի ընտրել, պնդում է, թե դու հարստացել ես Ալիեւի փողերով: Ճիշտ է, ասում է՝ դա ոչ մի տեղ ֆիքսված չէ, բայց մենք հո էշ չենք, հասկանում ենք: Ասում եմ՝ վերջ տուր, Շմավոն, այդ ցնդաբանությանը, Ալիեւն ինչո՞ւ պետք է փող տա Փաշինյանին: Չի զիջում՝ ո՞նց թե ինչու… Արցախի համար, Կիրանցի համար, Սեւ լճի համար, Գորիս-Կապան ճանապարհի համար, Ջերմուկի բարձունքների համար, Տիգրանաշենի համար… TRIPP-ի համար դաժե Թրամփից է փող առել… Ներքեւում լրիվ գժանոց է, Փաշինյան, ավելի լավ է չլսես, թե այստեղ ինչեր են խոսում քո միլիարդների մասին: Հավատա՝ հենց իշխանությունը տվեցիր, դատելու են քեզ մի ուրիշ կարգի: Գիտես, չէ՞, որ դա սովորական հարուստի դատ չի լինելու: Լուրջ հոդվածներ են դրվելու սեղանին, լուրջ մարդիկ են դատելու եւ ոչ թե քո վնգստացող հացկատակները:

ՀԳ. Էն ո՞նց էր գրված… Հա, էշ-էշ մի դատիր, որ էշ-էշ չդատվես:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Պաշտոնը եւ ֆիզիկական գոյությունը դարձել են անբաժանելի

«Հրապարակ». Պաշտոնը եւ ֆիզիկական գոյությունը դարձել են անբաժանելի Wed, 26 Aug 2026 08:45:58 +0400 Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով