Հայ ժողովուրդ, ինչպե՞ս ես ուզում ապրել, քո՞, թե՞ Նիկոլի խելքով
Sat, 29 Aug 2026 20:45:40 +0400

Գրող, հրապարակախոս Պատրիկ Արտեմիի խոսքը ահազանգի պես հնչեց: Լսել էր Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի Հանրապետության հետագա համագործակցության, ավելի ճիշտ՝ չհամագործակցության մասին ԱԺ-ում վիճահարույց եւ այլևս անկառավարելի թվացող տեղաշարժերի մասին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքն ու վճռական համոզումը, որն ուղղակի միահեծան փաթաթում է հայ ժողովրդի գլխին եւ խնդրում էր «Հրապարակի» ընթերցողներին տեղեկացնել, զգուշացնել գալիք «փոթորկահույզ» օրերի մասին: Ընթերցողներին եմ փոխանցում նրա խոսքը.
«Հայ ժողովուրդը խելքը չի թռցրել, որ հրաժարվի ԵԱՏՄ-ից և Ռուսաստանից։ Հայ ժողովուրդը խելքը չի թռցրել, որ տուրք տալով Թուրքիա-Ադրբեջան տանդեմի սադրանքին, թողնի իր գոյության միակ երաշխավորին՝ Ռուսաստանին և ապավինի նենգ ու դավաճան Եվրամիությանը։ Երևի բոլորդ լավ եք հիշում, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանին պարտադրված կործանարար պատերազմի նախօրյակին եվրոպական միության նախագահ Դոնալդ Տուսկը ժամանելով Ադրբեջան, հայտարարեց, որ Եվրամիությունը, մերժելով ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքները, պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բայց, ահա, մինչ այդ Կոսովոյի ալբանացիների դեպքում պաշտպանել էր ալբանացիների ինքնորոշման իրավունքը։ Հայ ժողովուրդ, Ռուսաստանից կտրվելը, Ռուսաստանից հեռանալը Թուրքիայի և Ադրբեջանի վաղեմի երազանքն է։ Նիկոլն ուզում է իր այդ վերջին դավաճանությամբ ավարտին հասցնել հայ ժողովրդի և հայոց պետականության գոյությունը։ Հայ ժողովուրդ, նիկոլը, ինչպես միշտ, ստում է, թե Ռուսաստանը պատերազմի ժամանակ չի օգնել մեզ։
Նիկոլը գիտակցաբար մերժել է Ռուսաստանի օգնությունը։ Նիկոլը համագործակցելով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, ոչնչացրել է մեր բանակը, երկիրը ենթարկել է կապիտուլյացիայի, որպեսզի Արցախը և մեր ժողովրդի մեծ զոհողությունների գնով ձեռք բերած բոլոր նվաճումները հանձնի մեր թշնամուն։ Հայ ժողովուրդ, նստիր և գոնե գլխարկիդ հետ խորհուրդ արա՝ ինչպե՞ս ես ուզում ապրել՝ քո՞, թե Նիկոլի խելքով: Եթե քո խելքով՝ համախմբիր ուժերդ, իջիր հանրապետության հրապարակ և բարձրաձայնիր ամբողջ աշխարհին, որ քո ընտրությունը քո մեծ եղբայր Ռուսաստանն է, որտեղ ապրում է մոտ երեք միլիոն հայություն և ԵԱՏՄ-ն ավանդական շուկան է։ Սիրելի հայրենակիցներ, դուրս եկեք հրապարակ և հայտարարեք, որ Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում։ Իսկ քանի որ դա հակասում է Նիկոլի վարած քաղաքականությանը, նա պարտավոր է անհապաղ ժողովրդին ներկայացնել հրաժարական»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր