Կիրակի , 30 Օգոստոսի 2026

Ո՞րն է ավելի ծանր հանցագործություն

Ո՞րն է ավելի ծանր հանցագործություն

Sat, 29 Aug 2026 21:15:45 +0400


ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն անընդհատ շեշտում է, որ 2021-2026 թթ.-ի կառավարության ծրագրի հիմնական մեխը խաղաղության հաստատումն էր: Ու ինքը հասել է դրա իրականացմանը: Նախ, խաղաղություն, որպես այդպիսին, չի հաստատվել. Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա չէ ստորագրված ու հաստատված նման պայմանագիր: Ինչը նշանակում է, որ ծրագիրը չի կատարվել, քանի որ նախաստորագրված փաստաթուղթը կարող է տարիներով մնալ չստորագրված ու չհաստատված: Երկրորդ, խաղաղության հաստատումը ենթադրում է դրան համապատասխան պաշտոնական խոսույթի առկայություն: Հայաստանում մենք դա տեսնում ենք՝ որքան էլ չընդունենք որպես կապիտուլյացիոն: Ադրբեջանում, դա, բնականաբար, հաղթական խոսույթ է՝ բայց կիսատ-պռատ: Ընդունելով խաղաղության հաստատման հանգամանքը՝ այնտեղ չեն դադարեցնում «արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ խոսույթը: Ինչն ինքնին թշնամական գործողության արտահայտություն է:

Երրորդ, խաղաղության հաստատումը ենթադրում է դրա լույսի ներքո պետական ողջ քաղաքականության փոփոխություն: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ Ադրբեջանում պետք է վերանար հայատյացության քաղաքականությունն իր բոլոր դրսևորումներով: Դա ևս տեղի չի ունեցել: Չորրորդ, խաղաղության հաստատումը ենթադրում է նաև հայաստանյան գրավյալ տարածքների վերադարձ: Հաշվի առնելով, որ դրանցում կառուցվել են ժամանակակից ռազմական ենթակառուցվածքներ, դրանք միտք չունեն վերադարձնելու:

Հինգերորդ, պետական մակարդակով խոսվում է «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին, ինչը կրկին թշնամական վերաբերմունքի դրսևորում է: Քանի որ, նախ, մինչև 1991 թվականն այդքան ադրբեջանցի չի բնակվել Հայաստանում: Եվ երկրորդ, դրանք բոլորը հեռացել են տները փոխանակելով կամ վաճառելով՝ իրենց հետ տանելով համարյա ողջ շարժական գույքը: Ի տարբերություն այդ երկրից մազապուրծ եղած ու միայն իրենց կյանքը փրկած հայերի մեծամասնության: Էլ չասած Արցախի էթնիկ զտման մասին:

Ի դեպ, նույնիսկ այն հանգամանքը (վեցերորդ), որ ի տարբերություն Նիկոլի, Իլհամը երբեք չի նշել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի տարածքային չափը, նշանակում է, որ դրանք ամեն պահի դեռևս կարող են փոփոխվել: Հատկապես որ մեր երկրի արևելյան սահմանը նա համարում է պայմանական սահման՝ ինչի մասին բազմիցս է ասվել Բաքվում: Եվ ի տարբերություն Փաշինյանի, ով Ալմա Աթայի 1991 թ.-ի հռչակագիրը դարձրել է մի նոր «ավետարան», ինքը մեծ հաշվով թքած ունի դրա վրա: Վերը նշվածը վկայում է, որ իրականում ոչ մի խաղաղություն էլ չի հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Իմաստ չունի առանձին թվարկելու, թե ինչ է կորցրել Հայաստանը, որպեսզի խաղաղության փոխարեն ստանա նախաստորագրված թղթի կտոր: Դա մենք զգում ենք մեր կաշվի վրա՝ բացառությամբ իշխանության կերակրատաշտակից օգտվողներից: Իսկ թղթի կտորն էլ հանգիստ կարող է չեղարկվել թշնամու կողմից՝ եթե աշխարհաքաղաքական հարմար պայմաններ ստեղծվեն ագրեսիվ գործողություն իրականացնելու համար: Բայց ասվածի համատեքստում իմաստ ունի անդրադառնալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի սպառնալիքներից մեկին: Ըստ որի, իր թրի տակով չանցածները պետք է այնպես ունեզրկվեն, որպեսզի ստիպված լինեն մնացած կյանքում գոյատևեն 50-60 հազար դրամ թոշակով: Եվ յուրաքանչյուր ամսվա 1-ին հեռախոս բացեն՝ ստուգելու՝ թոշակը նստել է, թե ոչ:

Դրանով, նախ, խոստովանում է, որ 50-60 հազար դրամով «65+» տարիքում գոյատևել հնարավոր չէ՝ երբ դեղերը վերածվում են առաջին անհրաժեշտության ապրանքի: Ի տարբերություն իրեն ու իր ենթակաների, որ տասնյակ միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում: Բայց այս հարցում առկա է մեկ այլ խնդիր, որ չի ընկալվում նրա կողմից: Եթե նախկինների օրոք, այսպես ասած, ժողովրդին թալանածները պետք է 50-60 հազարով գոյատևեն, ապա հայրենիքի տարածքները թշնամուն հանձնածները, հասարակությանը մի քանի հազար զոհ և մի քանի տասնյակ հազար հաշմանդամ «պարգևած» իշխանության ներկայացուցիչներն ի՞նչ իրավունքով են, նախ, միլիոնավոր դրամների եկամուտներ դուրս գրում իրենց:

Երկրորդ, նրանք, ովքեր տապալել ու քարուքանդ են արել ամեն ինչ, թոշակի անցնելուց հետո ի՞նչ իրավունքով պետք է ստանան 50-60 հազարը մի քանի անգամ գերազանցող թոշակներ: Թե՞ ժողովրդին թալանելն ավելի ծանր հանցագործություն է, քան հայրենիքը անդունդ գլորելը: Այն ամենն անելը, ինչ կատարվել է մեր հայրենիքում 2018-ի գարնանային օրերից այս կողմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նորանշանակ փոխնախարարը 47 մլն եկամուտ ու 9 անշարժ գույք ունի․ 332 հազար դոլար էլ պարտքով է տվել

Նորանշանակ փոխնախարարը 47 մլն եկամուտ ու 9 անշարժ գույք ունի․ 332 հազար դոլար էլ պարտքով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով