Հայաստանի համար պայքարն Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ է, Ադրբեջանը հաղթում է
Sat, 29 Aug 2026 18:15:29 +0400

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ իշխանության կողմից իրականացվող քաղաքական հետապնդումներին, որոնցից հերթականը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էր: Զախարովան ասել է, որ Փաշինյանն անտեսում է ապրիլի 1-ին ՌԴ նախագահի այն հորդորը, որ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանման եւ ամրապնդման կողմնակից քաղաքական ուժերին եւ գործիչներին ազատ գործելու հնարավորություն պետք է տրվի, մինչդեռ, հակառակ դրան, նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներն էլ ավելի են սրվում: Զախարովան ակնարկել էր նաեւ, որ հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծվել են, քանի որ, ըստ նրա, այդ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հայ հասարակությունը եւս երկկողմ հարաբերությունների զարգացման կողմնակից է: Այսպիսով, Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ գործող իշխանությունը չի ներկայացնում հայ հասարակությանը եւ նրա պահանջները: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հակառակ պնդումն է անում՝ ասելով, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայ հասարակության մեծամասնությունը կողմ է քվեարկել Հայաստանի եվրաինտեգրմանը:
Չնայած Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է իրեն մեղսագրվող ինչ-որ տնտեսական հանցագործությունների համար, սակայն հրահանգն իջեցվել է Նիկոլ Փաշինյանից` հրապարակայնորեն, խորհրդարանի ամբիոնից: Բայց այդ հրահանգը եւս բազմաստիճան է, Փաշինյանն էլ իր հերթին կատարում է Ադրբեջանի նախագահի հրահանգը, որը նրան իջեցվել է խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո` Ալիեւի աշխատակազմի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի՝ Հայաստան կատարած վերահսկողական այցի շրջանակներում: Փաշինյանը, խոսելով այդ այցի մասին, ասել էր, որ Հաջիեւը բացատրություններ է պահանջել, թե ինչպես կարող էին խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի անկախության կողմնակից երեք քաղաքական ուժեր միաժամանակ լինել խորհրդարանում՝ պնդելով, որ դա հակասության մեջ է Հայաստանի ադրբեջանական վասալիտետ ընդունելու փաշինյանական հավաստիացումների հետ: Փաշինյանը խոստացել էր այդ հարցը լուծել` այնպես, որ Ալիեւը գոհ մնա: Արդյունքում նա նախ մանդատից զրկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապաեւ կալանավորեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, իսկ երկու օր առաջ էլ կալանավորեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն արդեն մեկ տարուց ավելի է՝ կալանավորված է:
Ռուսաստանի եւ Հայաստանի հակամարտությունը գնալով սրանում եւ ավելի բացահայտ դրսեւորումներ է ստանում: Մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի ԱԳՆ-ն էր պաշտոնական հայտարարություն տարածել՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից Ռուսաստանին ներկայացվող հրապարակային առաջարկին` վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի որեւէ երրորդ երկրի: Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի կա՛մ Թուրքիային, կա՛մ Ադրբեջանին, քանի որ այդ երկրները մի կողմից հանդիսանում են Հայաստանի սյուզերենը` Փաշինյանի իշխանության երաշխավորի կարգավիճակով, մյուս կողմից բավական նորմալ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ: Իրականում, հայկական երկաթուղին պետք է բացառապես այս երկու երկրներին՝ իրար միջեւ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու համար, եւ նրանք չեն ուզում որպես միջնորդ ունենալ Ռուսաստանին` ի դեմս «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության:
Պատասխանելով Փաշինյանի այս հայտարարություն-պահանջին, ՌԴ ԱԳՆ-ն ասել էր, որ Հայաստանի գործողությունները թելադրված են Արեւմուտքի կողմից իրականացվող շանտաժով: Սրանով ՌԴ իշխանություններն ուզում էին ասել, որ իրականում իրենք գիտակցում են, որ Հայաստանի իշխանության գործողություները չեն բխում Հայաստանի շահերից, այլ թելադրված են դրսից, եւ Փաշինյանը պարտադրված է կատարել արտաքին թելադրանքը: Սա նաեւ նշանակում է, որ եթե Փաշինյանն արեւմտյան շանտաժի ազդեցության տակ է եւ դրա համար ուզում է խլել հայկական երկաթուղին, ապա այդ շանտաժն իրենց վրա չի ազդում, եւ իրենք մտադիր չեն ենթարկվել դրան:
Եթե Ռուսաստանը մի փոքր ավելի անկեղծ լիներ, ապա կարող էր ասել, որ Փաշինյանը ոչ միայն Արեւմուտքի, այլ նաեւ Ադրբեջանի շանտաժի տակ է: Ուղղակի Ռուսաստանի համար ավելի հարմար է ցույց տալ, որ Հայաստանի համար ինքը պայքարում է ոչ այնքան Արեւմուտքի, որքան Ադրբեջանի դեմ, որ Փաշինյանն Ադրբեջանի վասալացումը փաթեթավորել է եվրաինտեգրման փայլուն թղթով: Ադրբեջանն ասում է, որ ինքը հաղթել է Հայաստանին երեք պատերազմում, եւ Ռուսաստանը, որպես դաշնակից, չի կարողացել օգնել կամ պաշտպանել Հայաստանին:
Պատերազմի օրենքով՝ հաղթողը դառնում է պարտված երկրի տերը, Հայաստանն այլեւս իր վասալն է, մանավանդ որ երկրի փաստացի իշխանություններն ընդունում են Ադրբեջանից վասալային կախվածությունը եւ հրապարակային հրաժարվում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից: Այդ թվում՝ կառավարության ծրագրի մակարդակով, որտեղ հրաժարվել են Ռուսաստանից՝ որպես ռազմավարական դաշնակցից: Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում Հայաստանը դիտարկել որպես Ադրբեջանի վասալ, դրա համար շարունակում են իրենց պահանջները ներկայացնել Հայաստանին՝ համարելով, որ Հայաստանի իշխանությունն իրավասու է ինչ-որ հարցեր լուծել կամ տնօրինել Հայաստանի ճակատագիրը, նաեւ՝ այն հիմնավորմամբ, որ Հայաստանի հասարակությունը եւ քաղաքական ուժերի մեծ մասը մերժում են ադրբեջանական վասալիտետը: Ռուսաստանի ազդեցության լծակները գնալով ավելի են փոքրանում` Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անընդհատ փոքրանում է, իսկ Ադրբեջանից կախվածությունը` էներգետիկ, տրանսպորտային, անվտանգային, օրեցօր մեծանում է: Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանը Հայաստանին տանում է իր ձեռքից, բայց ուժ չունենալով դրան հակադրվել՝ ընդամենը ժամանակ է ձգում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր