Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Նախաբանն ալիեւյան է, մնացածը՝ նիկոլական

«Հրապարակ»․ Նախաբանն ալիեւյան է, մնացածը՝ նիկոլական

Tue, 24 Nov 2026 09:15:37 +0400


Երեկ՝ առավոտյան, իշխանությունը վերջապես գաղտ­նազերծեց նոր սահմանադրության նախագիծը։ Սահմանադրությունը հրապարակված է հատուկ դրա համար ստեղծված YourConstitution.am կայքում։ Սա հանրության դեմքին շպրտված, առանց նախնական հանրային լսումների, գրեթե գաղտագողի ստեղծված տեքստ է:
Իրավաբանները, քաղաքական գործիչները դեռ չեն հասցրել ուշքի գալ շոկից: Բացասական մեկնաբանությունները ողողել են բոլոր հարթակները: Ոչ միայն Անկախության հռչակագրի հղումը չկա այս տեքստում, այլեւ, ըստ էության, ոչնչացվում է իշխանության տարբեր ճյուղերի հավասարակշռության սկզբունքը: Սահմանադրական իրավունքում դա կոչվում է զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի խախտում։ Նոր սահմանադրության նախագծով՝ իշխանության օրենսդիր, գործադիր, դատական ճյուղերն իրար չեն հավասարակշռում: Որոշումների կայացման կենտրոնը տեղափոխված է գործադիր իշխանության, այսինքն՝ վարչապետի ձեռքը։

Եվ այսպես, նախագծով հանվում է Անկախության հռչակագրին հղումը, նվազեցվում է հանրաքվեի որոշման շեմը` ԱԺ-ն այդ որոշումն ընդունելու է ոչ թե պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով, այլ՝ 3/5-ով։ Մայր օրենքի որոշ հոդվածներ կարող են փոխվել ուղղակի խորհրդարանի կողմից՝ առանց հանրաքվեի: Եթե ՍԴ դատավորների, գլխավոր դատախազի կամ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ խորհրդարանում 3/5-ի շեմը չի հաջողվում ապահովել, ապա երկրորդ փուլում նրանք կարող են ընտրվել պարզ մեծամասնությամբ։ ԱԺ-ն կարող է ինքնալուծարվել 3/5 ձայնով: Սահմանափակվում է մամուլի ազատությունը՝ «ատելության խոսքի» կամ «ապատեղեկատվության» դեմ պայքարի անվան տակ եւ այլն, եւ այլն:
Ի՞նչ իրավական ականներ են թաքնված նախագծի տակ, ինչպե՞ս է ՔՊ-ն ոչնչացնում պետության իրավական հիմքերը: Զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ, որը գործող սահմանադրության հեղինակներից է:

– Չեմ կարող չհարցնել՝ ինչպե՞ս եք գնահատում այն, որ մայր օրենքի սրբագրումը քաղաքական սակարկությունների ներքո է կատարվում, ճի՞շտ եմ հասկանում:

– Միանշանակ: Սահմանադրու­թյան այս նախագիծն առնվազն նախաբանի ու առաջին հոդվածի իմաստով Ալիեւի սահմանադրություն կարելի է կոչել, որովհետեւ հենց Ալիեւի պահանջով է նախաբանը փոխվել, նախաբանից հանվել է Անկախության հռչակագրին հղումը, առաջին հոդվածով էլ ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նոր-նոր հիմնադրվում է, այսինքն՝ այս նոր սահմանադրության ընդունմամբ: Առաջին հոդվածի 2-րդ մասն ասում է՝ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է այսինչ նպատակներն իրականացնելու համար: Հարց է առաջանում․ իսկ մինչ այդ Հայաստանի Հանրապետություն չի՞ հիմնադրվել: Իսկ եթե մենք նախաբանից հանում ենք Անկախության հռչակագրին կատարված հղումը, որով ՀՀ-ն դարձել էր ինքնիշխան, անկախ պետություն, ապա ստացվում է, որ ՀՀ չի էլ եղել, ու հիմա ինչ-որ անհասկանալի մի կառույցից ժողովուրդը հիմնադրում է Հայաստանի Հանրապետությունն ու սահմանադրությունը: Նախաբանն ու առաջին հոդվածը հանգիստ կարելի է ալիեւյան սահմանադրություն անվանել, իսկ մնացածը՝ նիկոլական սահմանադրություն, որովհետեւ այն բոլոր ապօրինությունները, որոնք նա կատարել է այս տարիների ընթացքում, հիմա փորձում է նոր սահմանադրությամբ լեգիտիմացնել:

– Ճի՞շտ եմ հաշվել, որ եթե նախկինում սահմանադրության փոփոխությունների մասին որոշում ընդունելու համար ԱԺ-ի 72 ձայն էր պետք՝ 107-ի 2/3-ը, ապա հիմա պետք կլինի 65 ձայն:

– Այո, ճիշտ եք նկատել: Իջեցրել են այդ շեմը: 2/3 շեմը մտցվել էր միայն 2015 թվականի սահմանադրության մեջ: 1995 եւ 2005 թվականների մայր օրենքում դա չկար: 2015 թվի փաստաթղթում շատ մտածված կերպով արվեց այդ քվորումների դիֆերենցիացիան, բացի սահմանադրական օրենքների նոր ինստիտուտի համար 3/5 նախատեսելուց, սահմանադրության 202-րդ հոդվածը հստակ նախատեսեց, որ սահմանադրության փոփոխության համար, անկախ նրանից՝ դա արվում է ԱԺ-ի, թե հանրաքվեի միջոցով, անհրաժեշտ է, որ ԱԺ 2/3 մեծամասնությամբ ընդունվի այդ նախագիծը եւ միայն 2/3 ստանալուց հետո դրվի հանրաքվեի: Այսօր ներկայացված նախագիծը, ըստ էության, այլեւս սահմանադրական քվորումը դարձրել է սահմանադրական օրենքների ընդունման համար քվորում, միայն ձայների 3/5 մեծամասնություն է պահանջում:

– Ինչպե՞ս կարող է Վենետիկի հանձնաժողովն ընդունել այս փաստաթուղթը, չէ՞ որ իշխանության ճյուղերն այլեւս իրար չեն հավասարակշռի:

– Լավ հարց եք տալիս, ինձ էլ է հետաքրքիր դա: Հրապարակավ երբեք չեմ ասել, բայց արդեն իսկ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո, երբ որ Վենետիկի հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Ջաննի Բուկիկիոն Հայաստանում էր, ելույթ ունեցավ եւ ասաց, որ Հայաստանի սահմանադրությունը Եվրոպայի լավագույն սահմանադրություններից մեկն է: Հետո նա արդարանալով ինձ ասաց՝ Վարդան, չէի կարող ասել՝ աշխարհի, որովհետեւ աշխարհի համար պատասխանատու չեմ, բայց Եվրոպայի համար պատասխանատու եմ: Հիմա տեսնենք, թե այդ նույն՝ Վենետիկի հանձնաժողովն ինչ գնահատական կտա այս նախագծին:

– Այս նախագծով ԱԺ-ն երբ կուզի, ինքնալուծարման կգնա ու շատ արագ: Այսինքն՝ երբ ուզեն, ընտրությո՞ւն կանեն:

– Ես հիմա չեմ ուզում մանրամասն անդրադառնալ կարգավորումներին: Իրականում, ինքնալուծարման մեջ ինչ-որ արտառոց բան չկա: Եթե ԱԺ-ում կա մեծամասնություն՝ 50 տոկոս + 1 ձայն, ու եթե իրենք իրական են, կարող են ամեն վայրկյան գնալ ինքնալուծարման, բայց այլ մեխանիզմներով: Այսօրվա գործող սահմանադրությամբ կարող են վարչապետի հրաժարականի դեպքում երկու անգամ վարչապետ չընտրել ու դրանից հետո ավտոմատ գնալ նոր ընտրությունների: Ընդհանրապես, ԱԺ լուծարումը խորհրդարանական համակարգում տարբեր մոդիֆիկացիաներով այդպես է կարգավորված, եւ ես դրանում արտառոց բան չեմ տեսնում, բայց արտառոց բան եմ տեսնում, օրինակ, ԱԺ ընտրություններից հետո կառավարության ձեւավորման մեխանիզմի մեջ, որն իրենք ուզում են մտցնել: Ամենայն հավանականությամբ, նրանք մինչեւ հիմա չեն հասկացել, թե գործող սահմանադրությունն ինչ է հասկանում կայուն մեծամասնության ներքո, կառավարության ձեւավորման ինչ մեխանիզմ է նախատեսել: Իրենք հիմա մի անհեթեթ կարգավորում են նախատեսել՝ 30-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով, որտեղ, ըստ էության, առանց հասկանալու, մեկը մյուսի հետ խառնելով՝ վերցրել են գործող սահմանադրության համապատասխան 89-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, խառնել են ու ստացել են, որ սկզբից ԱԺ ընտրություն պետք է տեղի ունենա, հետո` եթե մեծամասնություն չի լինում, կամ արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունները չեն կարողանում կոալիցիա ձեւավորել, անցկացնում են նոր ընտրություն: Նոր դրանից հետո ասում են, որ կայուն մեծամասնության սկզբունք պետք է գործի, հետո ինչ-որ անհասկանալի երկրորդ փուլ են դնում, որը որ կոնտեքստից լրիվ դուրս է, եւ ասում են, որ այդ ժամանակ նոր կայուն մեծամասնություն պետք է ձեւավորվի: Իսկ գործող սահմանադրությամբ ամեն ինչ հստակ կարգավորված էր: Բայց սահմանադրական տեխնիկայի խախտման կանոններն ինձ հիմա չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է երկու բան՝ որ Անկախության հռչակագիրը հանելով՝ մենք ենթարկվել ենք Ալիեւի կամքին, եթե սա դառնա սահմանադրություն: Մյուս հոդվածներով Փաշինյանը, ըստ էության, անձնական դիկտատուրա է սահմանում: Բայց, ի տարբերություն այսօրվա իրավիճակին, սահմանադրությանը համապատասխանող դիկտատուրա է դա, քանի որ ինքը դատական իշխանության անկախության երաշխիքներն ամբողջությամբ վերացնում է:

– Ի՞նչ խախտումներ եք տեսնում դատավորի անկախության առումով:

– Առողջ մարդու բանականության մեջ դրանք չեն կարող տեղավորվել: Իրենք ասում են՝ չնայած մենք ընդունում ենք նոր սահմանադրություն, բայց նոր ընտրություններ չենք նախատեսում, քաղաքական մարմինները շատ լավ աշխատում են, բայց նոր դատավորները պետք է այսուհետ 85-րդ հոդվածի ուժով վերագնահատվեն: Եթե այս նախագիծն ընդունվում է, նրանք դառնում են դատավորի ԺՊ-ներ: Ապա ամենաանընդունելին՝ ԱԺ-ն պարզ մեծամասնությամբ ընտրում է 5 հոգուց հանձնախումբ, որը որոշում է ՀՀ բոլոր դատավորների ճակատագիրը:

– Դա վեթինգն է, չէ՞:

– Այո: Վերագնահատումը, այսպես կոչված, վեթինգն է, որը չի վերաբերում ՍԴ դատավորներին: Այստեղ նրանք փոքր ներում են տվել գործող ՍԴ դատավորներին: Բայց ՍԴ-ի հետ կապված էլ է արտառոց: Մեր սահմանադրությունն ասում է, որ 3/5-ով պետք է ՍԴ դատավորն ընտրվի: Ի՞նչ է ասում այս նախագիծը՝ որ եթե 3/5-ով չընտրվեց, երկրորդ փուլում բավարար է ԱԺ պարզ մեծամասնությունը: Այսինքն, մենք ունենալու ենք, ըստ այս նախագծի, դատական իշխանություն, որն ամբողջությամբ խորհրդարանական մեծամասնության ու կառավարության գրպանում է: Ինչպես ասում են՝ դիկտատուրան պոզով-պոչով չի լինում:

– Դատավորներն այլեւս չե՞ն մասնակցելու ԲԴԽ ընտրությանը:

– Այո: Ամբողջությամբ փոխում են գործող սահմանադրության 174-րդ հոդվածը, որով ԲԴԽ 5 դատավոր անդամներին ընտրում են դատավորները, եւ միայն ոչ դատավորներին՝ ԱԺ-ն: Հիմա իրենք անգամ դատավորների ընդհանուր ժողովին չեն վստահում, այլ ասում են՝ դուք առաջադրեք դատավոր անդամներին, մենք կորոշենք: Այսինքն՝ նրանք նախատեսում են, որ ԲԴԽ բոլոր տասը անդամներին ընտրում է Ազգային ժողովը:

– Չեմ պատկերացնում՝ ո՞վ կարող է «այո» ասել նման սահմանադրությանը:

– Նրանք, ովքեր Նիկոլ են ընտրել: Պետք է ամեն ինչ անել, որ գործը դրան չհասնի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում Tue, 24 Nov 2026 08:05:01 +0400 Երեկ հրապարակված նոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով