Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Հիշելով «Եվրաքվեն». Փաշինյանի հերթական շուստրիությունը

«Հրապարակ»․ Հիշելով «Եվրաքվեն». Փաշինյանի հերթական շուստրիությունը

Thu, 03 Sep 2026 10:15:18 +0400


Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարացնել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը եւ հերթական մանիպուլյատիվ հնարքն օգտագործեց: Նա իրեն հատուկ «շուստրիությամբ» փորձում էր Պուտինին համոզել, թե ինքը ոչ թե սեփական ցանկությամբ է գնացել դեպի Եվրոպա, այլ դա նախաձեռնել է մեր քաղհասարակությունը, իսկ ինքը պարզապես «փրկել է իրավիճակը»՝ թույլ չտալով, որ երկրում ԵՄ անդամակցության հանրաքվե կայանա, որը, իբր, անխուսափելի էր։

«Եթե խորհրդարանը չընդուներ այդ օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել եւս 250 հազար ստորագրություն, եւ եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, ապա մենք ստիպված կլինեինք հանրաքվե անցկացնել Հայաստանում։ Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ փաստացի ստացվում է, որ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Խոսքն օրենքի ընդունմանը նախորդած «Եվրաքվե» նախաձեռնության մասին է, որը մեկնարկեց 2024 թվականի աշնանը եւ միտված էր Հայաստանի՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթաց սկսելու հարցով հանրաքվե անցկացնելուն։

Շարժման շրջանակներում նախաձեռնողները հավաքեցին ավելի քան 60 հազար ստորագրություն` պահանջվող 50 հազարի փոխարեն, ինչից հետո համապատասխան օրինագիծը ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։ Այն մեկ անգամ մերժվեց, սակայն երկրորդ անգամ ընդունվեց: Եվ արդեն 2025 թվականի սկզբին կառավարությունը հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ նախագծին, այն մտավ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ եւ մեծամասնության կողմից ընդունվեց։

Որպեսզի Փաշինյանի նշած սցենարն իրականություն դառնար, արտախորհրդարանական արեւմտամետ ուժերը, որոնք ձեւավորել էին Ժողովրդավարական ուժերի հարթակը, պետք է ունենային հանրային այնպիսի հսկայական աջակցություն, որն ի վիճակի լիներ ապահովել եւս 250 հազար ստորագրություն, ընդհանուր` 300 հազար ստորագրություն, որի պարագայում նրանց առաջարկը կարող էր դրվել հանրաքվեի, իսկ հետագայում նաեւ հասարակությունը պետք է մեծ աջակցություն հայտներ, որ հանրաքվեն հաղթեր, եւ հանրությունն ինքը ընդուներ այդ օրենքը` առանց խորհրդարանի մասնակցության։

Սակայն սա բարդ ճանապարհ է, եւ քիչ հավանական էր սրա հաղթանակը, որովհետեւ ընդամենը ամիսներ անց կայացած` 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունները ջրի երես հանեցին այս ուժերի իրական կշիռն ու հանրային աջակցության աստիճանը։ «Եվրաքվեի» հիմնական շարժիչ ուժերն ընտրություններում գրանցեցին ողորմելի արդյունքներ: «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան) ստացավ ընդամենը 1,08%, այսինքն՝ մոտ 15 հազար 949 ձայն, «Հանուն հանրապետության» դաշինքը (Արման Բաբաջանյան)՝ ընդամենը 0,46% (մոտ 6 հազար 793 ձայն)։ Մյուս մասնակիցներն անգամ չէին առաջադրվել: Այսինքն, այս երկու ուժերը միասին վերցրած ողջ Հայաստանում հավաքել են ընդամենը 1,54%՝ շուրջ 22 հազար 742 ձայն։ Ստացվում է՝ քաղաքական միավորները, որոնք ողջ ընտրազանգվածից ստացել են ընդամենը 22 հազար ձայն, ըստ Փաշինյանի, պետք է հավաքեին 250 հազար ստորագրություն, ապա նրանց առաջարկած հանրաքվեն էլ 600 հազար ձայն ստանար, ինչը գործնականում անհնար է:

«Հրապարակի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն այս առնչությամբ ասաց. «Պարզ է, չէ՞, որ նույնիսկ եթե 2024-ի աշնանը նրանց հաջողվել էր հավաքել այդ նախնական 52 հազար ստորագրությունը, դրանք իշխանության, վարչական ռեսուրսի միջոցով ստացած ձայներ էին: Սա նշանակում է, որ այդ տղան չի մտածում, թե վաղն ինչ է լինելու, այսօր այսպես է հարմար` այսպես է ասում: Ինչու Մոսկվայում չգիտե՞ն, չե՞ն տիրապետում հայաստանյան ընտրությունների իրական թվերին: Ծիծաղելի է փորձել Ռուսաստանի նախագահին վախեցնել մի «հանրաքվեով», որի նախաձեռնողները ողջ երկրում չեն կարողացել անգամ խորհրդարան անցնելու նվազագույն շեմը հաղթահարել»: Մենք հետաքրքրվեցինք` Բիշքեկի հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերություններում հնարավո՞ր են դրական զարգացումներ։ Պատգամավորն ասաց` որեւէ դրական փոփոխություն բիշքեկյան հանդիպումից ինքը չի սպասում, դա ընդամենը Փաշինյանի «հերթական ինքնամատուցումն էր»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները

«Հրապարակ»․ Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները Thu, 03 Sep 2026 08:20:03 +0400 Երեկ հայտնի դարձավ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով