«Հրապարակ». Ուրախ կլինեմ, որ սա չլինի նախընտրական ծառայություն, բայց կարծում եմ` կդադարեցվի
Fri, 15 May 2026 11:45:46 +0400

5 ամիս է՝ Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը: Փորձեցինք հասկանալ, թե եվրոպական որ երկրներում ինչպես է գործում այս համակարգը: Օրինակ՝ 65-ից բարձր տարիքի մարդկանց դեպքում անվճա՞ր է, թե՞ մասնակի վճարովի, եւ եթե վճարում են՝ որքա՞ն:
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը մեզ ներկայացրեց. «Եվրոպական երկրներում լավագույն եւ կայացած ապահովագրություն ունի Գերմանիան: Ես նաեւ եղել եմ Չեխիայում, ուսումնասիրել եմ իրենց ապահովագրությունը, որը շատ սոցիալական է: Սոցիալական ապահովագրության հիմքում ընկած ապահովագրությունը ծածկողական է, հատկապես՝ խոցելի խմբերի համար: Իսկ մեզ մոտ ապահովագրությունը հակառակ տրամաբանությունն ունի: Այնպես են արել, որ աղքատները վճարում են հարուստների համար: Այսինքն՝ դրել են ստանդարտ գումար, ոչ թե աշխատավարձի հետ կապված, ինչը ենթադրում է, որ, օրինակ, 2 մլն դրամ եւ 200 հազար դրամ ստացող աշխատողը վճարում են նույն ապահովագրավճարը եւ ստանում են նույն բժշկական ծառայությունը: Ստացվում է, որ ցածր աշխատավարձ ստացողներն ավելի շատ են վճարում ապահովագրավճար` տոկոսային առումով, քան՝ բարձր աշխատավարձ ստացողները: Սա սոցիալական լինելուց հեռու է: Սրանում է մեր ապահովագրական աբսուրդը: Բոլոր տեղերում կան ապահովագրական տարանջատումներ, կան ապահովագրության տարբեր փաթեթներ, դրանք ընտրվում են քաղաքացու կողմից: Իսկ մեզ մոտ ի՞նչ են ասում․ ասում են` մենք ձեզ պետական ապահովագրությունը տալիս ենք այսքան, իսկ եթե դուք ուզում եք ճոխություններ, գնացեք՝ մասնավորից առանձին ապահովագրություն առեք, ինչն անհասկանալի է: Օրինակ՝ պետական աշխատողները, մասնավոր ֆիրմաները, որոնք իրենց աշխատակիցներին ապահովագրում են, կամ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները ստիպված են կա՛մ առնել 2 ապահովագրություն, կա՛մ էլ տուժում են աշխատակիցները: Ասում են՝ դուք ունեք պետական ապահովագրություն՝ նեղ հնարավորություններով, այլեւս իրենք չեն ապահովագրում մասնավորին, եւ շատ ծառայություններից այդ քաղաքացիները չեն կարողանում օգտվել: Կոնկրետ, երբ թմբկահարվում է, հիմա էլ՝ քարոզարշավին, որ ուռուցքով հիվանդները բացառապես անվճար են ստանում այդ բուժումները, հենց երեկ բողոք ունեի հիվանդի կողմից, որ քիմիաթերապիայի համար համապատասխան կատետր դնելու համար գումար են ուզել, սրտաբանի կոնսուլտացիայի համար գումար են ուզել: Հասարակ ծառայությունների համար հիվանդներից վճարումներ են պահանջում, նույն օնկոլոգիական ինստիտուտում, որն առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող կլինիկա է: Այն, ինչի մասին խոսում են ու ցույց տալիս, այդքան էլ այդպես չէ, ինչը որ մենք տեսնում ենք: Օրինակ, երբ քաղաքացին ասում է, որ իր սրտի վիրահատությունն արել են անվճար, դեռ 2014 թվականից կատարվում էին սրտի անվճար վիրահատություններ եւ բազմաթիվ նմանատիպ վիրահատություններ: Պարզապես դրա մասին չէին խոսում քարոզարշավներում»:
Իսկ ինչպե՞ս են դրսում բուժում ամենածանր հիվանդություններն ու կատարում վիրահատություններ` անվճա՞ր, թե՞ վճարովի։ «Սոցիալական ծրագրերի շրջանակներում բազմաթիվ վիրահատություններ կատարվում են ապահովագրական փաթեթի շրջանակներում: Եթե դա գերթանկարժեք ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումով է, դրա համար կա «համավճար» հասկացությունը, բայց իրականում այն պաթոլոգիաները, որոնք կյանքին վտանգ են սպառնում, պլանային չեն, բացառապես անվճար սկզբունքով են կատարվում: Քաղաքացին է ընտրում, թե ինչ ապահովագրության ծավալ վերցնի: Եթե ընտրել է ամբողջական ապահովագրական փաթեթը, ապա անգամ այդ գերթանկարժեք ծառայություններից կարող է օգտվել: Տարբեր երկրներ տարբեր փորձ ունեն: Երկրներ կան, որ այդ փաթեթի հետ նաեւ ստոմատոլոգիան են առաջարկում, եթե քաղաքացին ընտրում է ստոմատոլոգիայով ապահովագրությունը: Քանի որ այնտեղ շատ թանկ են այդ ծառայությունները, հիմնականում քաղաքացիներն ընտրում են ամբողջական փաթեթները»:
5 ամիս է՝ քաղաքացիներն օգտվում են առողջության համընդհանուր ապահովագրությունից․ ինչպե՞ս կամփոփեք այս ամիսների արդյունքները։ «Ապահովագրական բազմաթիվ ծառայություններ նույն պետպատվերի կրկնօրինակումն են, սակայն քաղաքացիներն այս դեպքում օգտվել են: Օգտվել են բազմաթիվ ծառայություններից՝ աչքի վիրահատություններ եւ այլն: Քաղաքացիները քաջ գիտակցում են, որ սա կարող է լինել ժամանակավոր, եւ դրա համար ավելի շատ են ծանրաբեռնում հիվանդանոցները, ուզում են արագ դրանից օգտվել: Գնահատականներ, ես կարծում եմ, պետք է տրվեն հուլիս, օգոստոս ամիսներին, որովհետեւ, երբ նայում ենք բյուջեի առումով, տեսնում ենք, որ տարեկան բյուջեի համամասնությամբ բավականին գերածախս է կատարվել դեղորայքի մասով: Ես ուրախ կլինեմ, որ սա չլինի նախընտրական ծառայություն, որը հուլիսի կեսերին կդադարեցվի, եւ մեր քաղաքացիները կկանգնեն փաստի առաջ: Ցավոք, կանխագուշակում եմ, որ այդպես էլ լինելու է: Այնպես որ, այս փուլում ինչ պետք է քաղաքացուն, թող հասցի անել: Չնայած մեղադրում են ինձ, ասում են` պանիկա ենք առաջացնում, խորհուրդ կտամ՝ արագ իրենց առողջության համար դիմել, քանի դեռ կատարվում է բժշկական սպասարկումը: Դրանից հետո, բնականաբար, ապահովագրությունը չեն դադարեցնի, սակայն կլինեն այնպիսի սաստող մեխանիզմներ, որ քաղաքացիներն ավելի քիչ կդիմեն, օրինակ՝ ամբուլատոր ծառայությանը ներքին կարգով կհորդորեն, դա արել են բազմաթիվ անգամ պետպատվերի դեպքում, ուղեգրումներ չանել եւ նման բազմաթիվ բաներ»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր