Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Ինչո՞ւ գեթ մեկ անգամ Ալիեւը չխոսեց Ջերմուկից դուրս գալու մասին՝ հանուն Փաշինյանի հռչակած «Քյարքիի»

«Հրապարակ». Ինչո՞ւ գեթ մեկ անգամ Ալիեւը չխոսեց Ջերմուկից դուրս գալու մասին՝ հանուն Փաշինյանի հռչակած «Քյարքիի»

Fri, 04 Sep 2026 09:15:56 +0400


«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

– Բիշքեկում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին երկար սպասված հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն այն որակել է որպես շատ լավ հանդիպում: Ինչի՞ մասին էր այդ հանդիպումը:

– Դատելով Պուտին-Փաշինյան հանդիպման հրապարակային հատվածից՝ դա, ըստ էության, լարված զրույց էր։ Պուտինն ակնհայտորեն փորձում է ճնշում գործադրել ՀՀ կառավարության վրա՝ դրդելով հանրաքվեի դնել ԵՄ անդամակցության հարցը։ Փաշինյանն իր հերթին խուսափում է այդ թեմայից՝ նշելով, որ նման հարց պետք չէ այս պահին բերել օրակարգ։ Առնվազն հրապարակային հատվածը խոսում էր այն մասին, որ այդ հարցը ռուսական կողմը փորձում է դարձնել առաջնահերթ եւ փաստացի վերջնագրերի լեզվով է փորձում խոսել։ Միեւնույն ժամանակ, Պուտինի խոսքն ուղղված էր նաեւ հայ ժողովրդին՝ փորձելով մեզ էլ կանգնեցնել ընտրության առաջ։ Ցանկացած մտածող ՀՀ քաղաքացի հասկանում է, որ առաջիկայում ՀՀ-ն ԵՄ անդամ չի դառնալու, դա մոտ ապագայի հարց չէ, փոխարենը՝ կան տնտեսական շահեր եւ կապեր ԵԱՏՄ շրջանակներում։ Միեւնույն ժամանակ, ՀՀ-ում շատերը կողմ են ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, բայց դա չի նշանակում դատարկ խոստումներ, դա նշանակում է առարկայական համագործակցություն։ Իսկ այս պահին ԵՄ անդամակցության հարցն անիրատեսական է։ Փաստացի, հանդիպման միակ առարկայական քայլն այն է, որ Փաշինյանն առաջիկայում գնալու է Մոսկվա։

– ՌԴ նախագահը հայտարարել է, որ եթե հայկական կողմը շահագրգռված չէ, որ ռուսական ռազմաբազան տեղակայված մնա ՀՀ-ում, ապա այն կարող են դուրս բերել Հայաստանից:

– Այս հայտարարությամբ Պուտինը փորձում է ասել, որ պետք չէ Ռուսաստանին շանտաժի ենթարկել ռազմաբազայի թեմայով։ Կարծում եմ՝ սա ՀՀ կառավարությանն էր ուղղված։
Փաստն այն է, որ ՌԴ դիրքերը տարածաշրջանում նվազել են արցախյան պատերազմից հետո։ Փաստ է նաեւ, որ Արցախում ՌԴ-ն ձախողեց իր խաղաղապահ առաքելությունը, միեւնույն ժամանակ՝ անգամ իր թուլացած դիրքերով ՌԴ-ն մեծ դեր ունի տարածաշրջանում։
Ըստ իս՝ եթե ՀՀ-ում լիներ պետական շահը սպասարկող իշխանություն, ոչ թե կգնար ՌԴ-ի հետ հարաբերությունների լարման ճանապարհով, այլ հակառակը՝ կօգտագործեր թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ-ի հետ իր կապերը՝ ի շահ պետության։ Մեր պետությունը կարող է դառնալ ոչ թե հակամարտության, այլ համագործակցության հարթակ։

– Օգոստոսի 31-ին Փաշինյանն ու Բաքվի բռնապետը եւս հանդիպեցին: Ինչի՞ մասին էր այդ հանդիպումը:

– Առնվազն, ըստ պաշտոնական հաղորդագրության, գերազանցապես խոսում էին ԹՐԻՓՓ-ի գործարկման կարեւորության մասին։ Կարծում եմ՝ երկու կողմի համար էլ կարեւոր է ցույց տալ հարաբերությունների թվացյալ զարգացումը, մինչդեռ երկու կողմն էլ գիտեն, որ ողջ տրամաբանությունը կառուցվում է «Ալիեւն ասում է, Փաշինյանն անում է» հակահայկական քաղաքականության վրա, ցավոք։

– Փաշինյանի օրակարգում այժմ Տիգրանաշենի հանձնման հարցն է: Նա ասել է, որ Տիգրանաշենը Քյարքի է անվանում, որպեսզի կանխի էսկալացիան:

– Փաշինյանի օրակարգում արդեն տեւական ժամանակ է՝ ադրբեջանական շահերի հետ կապված հարցեր են։ Մեզ հասած «խաղաղության» մեջ պարբերաբար կրկնվում է պատերազմի սպառնալիքը․ այ, որ «Արցախ» բառն ասեք, պատերազմ կլինի, այ, որ էթնիկ զտումից խոսեք, պատերազմ կլինի, այ, որ Տիգրանաշենը չհանձնենք, պատերազմ կլինի, այ, որ Ալիեւի ուզած սահմանադրությանը «ոչ» ասեք, պատերազմ կլինի, եւ այսպես շարունակ։ Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա, կա որոշում՝ ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները եւ Հայաստանը դարձնել ադրբեջանական մոդելի պետություն, որտեղ եկեղեցին, բանակը, մշակույթը, ազգային ինքնությունը, Անկախության հռչակագիրը, սփյուռքը, պատմական հիշողությունը թիրախավորված են, իսկ առհասարակ հայ լինելը խնդրահարույց է։ Եթե սա ոմանց չափազանցություն է թվում, ուրեմն իրենք դեռ վարդագույն ակնոցով են նայում մեզ հետ տեղի ունեցողին։ Ոչ ոք հարց չի տալիս՝ ինչո՞ւ ադրբեջանական մեդիա տիրույթում երբեք չհայտնվեց որեւէ հայտարարություն կամ նյութ, որտեղ ասում են՝ Արծվաշենը հայկական տարածք է, դա ՀՀ տարածք է, պետք է ետ տալ Արծվաշենը։

– Նա նաեւ Տիգրանաշենը նույն հարթության վրա է դրել Ջերմուկի այն դիրքերի հետ, որոնք ադրբեջանցիները զավթել են:

– Այդ համեմատությունը չի բխում Փաշինյանի շահերից, որովհետեւ եթե ինքը հայտարարում է, որ եթե Տիգրանաշենը չկոչի «Քյարքի», նշանակում է, որ հրաժարվում ենք Ջերմուկի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից, ապա ինչպե՞ս կարող է բացատրել, որ դեռեւս 2024 թվականի հունվարի իր հարցազրույցում Ալիեւն ասում էր․ «Մենք ոչ մի տեղից հետ չենք քաշվելու։ Ո՛չ 2021 թվականի մայիսի, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերի դիրքերից․․․»։ Ինչո՞ւ գեթ մեկ անգամ Ալիեւը չխոսեց Ջերմուկի գրավյալ տարածքներից դուրս գալու մասին՝ հանուն Փաշինյանի իսկ հռչակած «Քյարքիի»։ Որովհետեւ Ադրբեջանը ո՛չ Արծվաշեն է մեզ տալու, ո՛չ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու։ Բոլորն էլ դա լավ հասկանում են, ուստի ոչ թե պետք է մենք մեր ուղեղում պատրաստվենք Ալիեւի կամակատարի հերթական զիջումներին, այլ պատրաստվենք այդ զիջումները կանխելուն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել Fri, 04 Sep 2026 08:45:10 +0400 Ընտրություններից առաջ մի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով