Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Նորվեգայի ժողովուրդն է որոշել պահպանել միապետությունը

Նորվեգայի ժողովուրդն է որոշել պահպանել միապետությունը

Sat, 05 Sep 2026 12:45:56 +0400


Նորվեգայի ժողովուրդն է որոշել պահպանել միապետությունը

Օգոստոսի 28-ից Նորվեգիան նոր միապետ ունի՝ Հոքոն 8-րդը։ Նա գահ բարձրացավ հոր՝ Հարոլդ 5-րդի մահվանից հետո։ Սեպտեմբերի 1-ին նոր միապետը երդվեց խորհրդարանում։ Նորվեգիայում թագադրման արարողությունը մի փոքր այլ է, քան Մեծ Բրիտանիայում, որտեղ նախադեպերն ու ավանդույթը մեծ դեր ունեն։ Նորվեգական միապետության դեպքում ամեն բան դետալներով հստակ ամրագրված է սահմանադրությամբ եւ հարակից օրենքներով։ Նորվեգական միապետական ընտանիքն աչքի է ընկնում իր համեստությամբ։ Այստեղ չկա ճոխ պալատական կյանք, ինչպես Լոնդոնում, չկան պալատական բարդ արարողակարգեր։ Թագավորական ընտանիքը ճամփորդում է երկրով մեկ, հանդիպում քաղաքացիների հետ, մասնակցում մշակութային եւ բարեգործական միջոցառումների։ Նորվեգիան, դասական իմաստով՝ սահմանադրական միապետություն է։ Սահմանադրությունն ամրագրում է երկրի պետական կարգը՝ որպես «սահմանափակ ժառանգական միապետություն»։ Միապետը գահակալում է, բայց չի իշխում` ռեալ իշխանությունը պատկանում է դեմոկրատական ճանապարհով ընտրված խորհրդարանին եւ կառավարությանը։

Ժամանակակից սահմանադրամիապետական համակարգը Նորվեգիայում ձեւավորվել է դեռ 19-րդ դարում։ Սահմանադրությունն ընդունվել է 1814 թ. մայիսին, իսկ 1905-ին` Շվեդիայից անկախանալուց հետո պահպանել է գործող համակարգը։ Անկախ Նորվեգիայի առաջին թագավորը Հոքոն 7-րդն է։ 1905-ին նորվեգական խորհրդարանը երկրի միապետ է ընտրել երիտասարդ դանիացի արքայազն Կարլին, որն ընդունել է Հոքոն անունը։ Դրանից առաջ տեղի է ունեցել համաժողովրդական հանրաքվե, ժողովուրդն է որոշել, թե ինչ պետական կառավարման համակարգ է ցանկանում, եւ ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել միապետությանը։ Ժամանակի հետ, սակայն, միապետությունը վերածվել է սիմվոլիկ ինստիտուտի։ Ֆորմալ առումով իշխանությունը պատկանում է միապետին, ըստ սահմանադրության, սակայն, պառլամենտական համակարգը սահմանափակում է միապետի իշխանությունը՝ կառավարման հիմնական լիազորությունները վերապահելով խորհրդարանին եւ կառավարությանը։ Կառավարություն ձեւավորում է խորհրդարանական մեծամասնությունը, միապետը վավերացնում է բոլոր որոշումները, սակայն միայն վարչապետի հետ խորհրդակցելով։ Բոլոր որոշումների պատասխանատվությունը, որը ստորագրում է միապետը, կրում է կառավարությունը։ Այլ խոսքով ասած՝ միապետն ինքնուրույն քաղաքական ֆիգուր չէ։ Նորվեգիայի համար միապետությունն ազգային միասնությունն ու պատմականությունը խորհրդանշող ինստիտուտ է։ Թագավորը ներկայացնում է երկիրն աշխարհում, սակայն չի կարող լինել կոնկրետ քաղաքական կուսակցության անդամ, մասնակցել ընտրապայքարին եւ կախված չէ պառլամենտական մեծամասնության փոփոխությունից։ Նա վերկուսակցական համաժողովրդական կարգավիճակ ունի։

Նորվեգական միապետությունը մի յուրահատկություն էլ ունի` 1908 թվականից թագադրման արարողություն չի կատարվում։ Հոքոն 8-րդն էլ միապետ է դարձել ինքնաբերաբար՝ հոր մահվան պահից։ Թագադրման փոխարեն Նովեգիայում գործում է միապետի «նվիրագործման» կամ «օրհնության» արարողությունը։ Սա կրոնական արարողություն է, որն ավելի շատ ունի ազգային պատմական բնույթ եւ նշանակություն։ Օրհնության այդ կարգը կատարվել է Հարոլդ 5-րդի եւ Սոնյա թագուհու նկատմամբ՝ 1991 թ. հունիսի 23-ին։ Համարվում է, որ դրանով միապետը ստանում է Աստծո օրհնությունը։ Արարողությունը կատարվում էր Տրոնհեյմի Նիդարոսի տաճարում` պատմական վայրում, որը կապված է Սբ Օլաֆի` նորվեգական պատմության եւ նորվեգական ինքնության մեջ առանձնահատուկ նշանակություն ունեցող կերպարի հետ։ Օրհնության արարողությունը վերականգնվել է 1958-ին՝ Օլաֆ 5-րդի կողմից։ Արարողության ժամանակ արքայական թագը կարող է ներկա լինել, սակայն միապետը պարտավոր չէ այն դնել գլխին։ Շատ ավելի կարեւոր է երդմնակալության արարողությունը, որը սահմանադրական պարտավորություն է գահ բարձրացած միապետի համար։ Այս անգամ այն տեղի է ունեցել պառլամենտում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի

«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի Thu, 03 Sep 2026 08:10:14 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով