Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք

Կլինենք այն, ինչը որ եղել ենք, կմնանք այն, ինչը որ հիմա ենք

Fri, 11 Sep 2026 19:15:58 +0400


Երբ լսում ես ԹՐԻՓՓ-ի կարեւորությունը հիմնավորող այս իշխանությունների փաստարկները, ակամայից հասկանում ես, որ պետությունը ճիշտ ձեռքբերում չէ, իսկ երբ լսում ես Հայաստանի համար ԹՐԻՓՓ-ի անընդունելի լինելու մասին ընդդիմության փաստարկները, միանգամից հասկանում ես, թե ինչու է այս պետությունն այսքան չկայացած:

Բայց քանի որ մեր նպատակը ո՛չ պետության՝ ում ձեռքում լինելը որոշելը եւ ո՛չ էլ նրա կայացվածության չափը չափելն է, ուստի պետք է արձանագրենք, որ ինչքան էլ այս իշխանությունների համար ԹՐԻՓՓ-ը միայն հավելյալ մաքսատուրքեր եւ հարկեր հավաքելու համար լինի, որքան էլ ընդդիմության համար այն Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ «վատ բան» անելու համար լինի, միեւնույն է` ԹՐԻՓՓ-ը ո՛չ հավելյալ մաքսատուրքեր եւ հարկեր գանձելու եւ ո՛չ էլ Ռուսաստանին ու Իրանին «վատ բան» անելու մասին չէ: ԹՐԻՓՓ-ը Հայաստանն ապաշրջափակելու, Հայաստանի տնտեսությունը հարեւան երկրների տնտեսություններին կապելու, այլ խոսքով՝ այն դիվերսիֆիկացնելու Հայաստանի իրական հնարավորությունն է:

Այս իմաստով, ամեն անգամ, երբ լսում եմ ԹՐԻՓՓ-ից հարյուր միլիոնավոր դոլարներով հավելյալ մաքսատուրքեր եւ հարկեր գանձելու մասին օրվա իշխանության պատմությունները, բայց նրանց պատմածներում ոչ մի բան չեմ գտնում, ինչը կվկայեր երկրի տնտեսությունն արտահանող տնտեսություն դարձնելու նրանց մտադրության մասին, միանգամից հասկանում եմ, որ նրանց արած այս բոլոր պատմություններն արվում են ոչ թե երկիրը վերափոխելու ու վերակազմակերպելու, այլ՝ մանիպուլացնելու համար:
Իսկ երբ լսում եմ ընդդիմության պատմությունները, որոնք, որպես կանոն, ոչ թե երկրի տնտեսությունը ԹՐԻՓՓ-ով բացվելիք շուկաներում մրցունակ դարձնելու իշխանությունների գործադրած անբավարար ջանքերը քննադատելուն, այլ ԹՐԻՓՓ-ով Ռուսաստանին եւ Իրանին «վատ բան» անելուն են վերաբերում, հասկանում եմ, որ ինչքան որ այս իշխանությունների պատմությունները ոչ թե երկիրը վերակազմակերպելու, այլ նրան մանիպուլացնելու, այնքան էլ ընդդիմության քննադատությունները ոչ թե երկիրն այս վիճակից դուրս բերելու, այլ Ռուսաստանի եւ Իրանի համար «վատ բան» անելը թույլ չտալու համար են արվում:

Սակայն, անկախ նրանից, թե ԹՐԻՓՓ-ով ինչի է ուզում հասնել իշխանությունը, անկախ նրանից, թե ԹՐԻՓՓ-ի կարեւորությունը նվազեցնելով ում դուրն է ուզում գալ ընդդիմությունը, միեւնույն է, ԹՐԻՓՓ-ը Հայաստանի համար ո՛չ հավելյալ մաքսատուրքեր եւ հարկեր գանձելու, ո՛չ Ռուսաստանի եւ Իրանի համար «վատ բան» անելու մասին չէ: ԹՐԻՓՓ-ը, անկախ ամեն ինչից, Հայաստանի համար, առաջին հերթին, իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, այն արտահանող տնտեսություն դարձնելու մասին նախաձեռնություն է: Կհասկանանք այսքանը ու կիրացնենք այս հնարավորությունը՝ կդառնանք ուժեղ տնտեսությամբ, 21-րդ դարի պատերազմելու հմտություններին տիրապետող բանակով ժամանակակից պետություն: Չենք հասկանա այդքանը՝ ԹՐԻՓՓ-ի ընձեռած հնարավորությունները կապիտալիզացնելու փոխարեն, նրան վերաբերող քննարկումները կպահենք «ճանապարհ է, թե միջանցք» տիրույթում, կլինենք այն, ինչ եղել ենք այս 35 տարիներին, կմնանք այն, ինչը որ հիմա ենք:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր

Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Fri, 11 Sep 2026 15:49:23 +0400 16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով