Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Էլի խե՞նթ է խաղում․․․

Էլի խե՞նթ է խաղում․․․

Fri, 11 Sep 2026 19:45:54 +0400


Նիկոլ Փաշինյանը Երևան-Փարիզ չվերթի օդանավից տեղեկացրեց, որ օդանավում կարդացել և ավարտել է Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը։ Այլաբանությամբ կարծես ուզում է հիշեցնել հանրությանը, որ ինքը էլի խենթի դեր է տանում։ Խենթ՝ ոչ թե այն իմաստով, ինչ հանրությունն իր ամենօրյա վարքի ու որոշումների համատեքստում տեսնում է, այլ փորձում է իր խենթ լինելը ներկայացնել լավ, ռոմանտիկ իմաստով։

Գաղտնիք չէ, որ հանրությունը Փաշինյանի բազմաթիվ քայլերը չի հասկանում և հաճախ չի կարողանում ուշքի գալ նրա հակասական հայտարարություններից, ստերից, տարօրինակ վարքագծից ու քաղաքական թեթևամտությունից։ Բայց Փաշինյանը կարծես գտել է այդ ամենը մեկնաբանելու ձևը։ Որպեսզի հասկանանք՝ որն է այդ ձևը, բավական է հիշել նրա կարդացած գրքի շատ սեղմ բովանդակությունը։

Ինչպե՞ս է հերոսը դառնում «խենթ»։ «Խենթը» գիրքն սկսվում է նրանով, որ գլխավոր հերոսը մի օր արթնանում է և տեսնում, որ գողացել են իր յոթ դիմակները, որոնք նա կրել էր իր յոթ կյանքերի ընթացքում։ Նա առանց դիմակի (մերկ դեմքով) վազում է փողոցներով, և երբ մարդիկ նրան տեսնում են, բղավում են՝ «Նա խե՛նթ է»։ Այդ պահին արևն առաջին անգամ համբուրում է նրա մերկ դեմքը, և նա հասկանում է, որ ազատվել է հասարակության կեղծիքից ու ձևականություններից։

Քաղաքական այլաբանության մեջ սա կարելի է հասկանալ շատ պարզ կերպով․ Փաշինյանն իրեն փորձում է նորից ներկայացնել որպես «խենթի», որն իբր դեն է նետել բոլոր դիմակները, չի վախենում հանրային քննադատությունից և պատրաստ է մենակ գնալ իր ընտրած ճանապարհով։ Նա ցույց է տալիս, թե հասարակությունն իրեն չի հասկանում, և դա իր սխալը չէ։ Ինքը խենթ է, չի տրվում հասարակական կարծիքին և առաջ է գնում․․․ Սակայն այստեղ կա մի էական տարբերություն։ Ջիբրանի «խենթը» ազատ է, որովհետև ոչինչ չունի թաքցնելու։ Իսկ Փաշինյանը թաքցնելու շատ բան ունի։ Նա պիտի թաքցնի իր իշխանության ծանր, կործանարար հետևանքները։ Հենց այդ պատճառով դեմքին կրում է կեղծ խաղաղության ու բարեկեցության դիմակ։ Նա իր կարդացած գրքի հերոսի նման չի կարող անկաշկանդ, ազատ ու «մերկ դեմքով» վազել փողոցներում, ինքը միայն ուժայիններով, դիպուկահարներով է փողոց դուրս գալիս։ Եթե իր դեմքից հանի կեղծ խաղաղության դիմակը, նրա տակ կերևա իր իշխանության թողած անդառնալի հետևանքները։

Նա նորից խենթ է խաղում։ Նորից ու նորից խաղում է։ Իր քաղաքական բոլոր ձախողումները ներկայացնում է «խենթության» կամ «այլ կերպ մտածելու» դրսևորում։ Անգամ չի պատկերացնում, որ իր ստեղծած կերպարն ու իրականը վաղուց խառնվել են միմյանց։ Նման դեպքում ասում են՝ դու խե՛նթ չես, դու դե՛ր ես տանում և միշտ կրելու ես այն դիմակը, որը պահանջում է դերդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում

Փաշինյանի վերջին առաքելությունը Հայաստանի կյանքում Sat, 24 Oct 2026 17:15:25 +0400 Նիկոլ Փաշինյանը գուցե չի …