«Հրապարակ». Կարող եմ բարոյական աջակցություն ցուցաբերել, բայց չեմ կարող որեւէ մեկին ստիպել
Fri, 18 Sep 2026 12:15:44 +0400

Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում անդրադարձել էր աշակերտների առաջադիմության եւ գրագիտության մակարդակի վերաբերյալ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հրապարակած հետազոտությանը` PISA-ին, թիրախավորելով մանկավարժներին ու մասնավորապես` դպրոցի տնօրեններին: Նրա խոսքով՝ 2021 թվականից 300 դպրոց են վերակառուցել, որի ավարտից հետո կսկսվի եւս 300 դպրոցի կառուցման ծրագիրը։ «Ոչ մեկը չի հարցնում՝ ինչո՞ւ Հայաստանում 1000 դպրոցի կարիք կա։ Ինչպե՞ս կարող է 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինել»,- նշել է վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանի դպրոցներում խնդիրներ կան: «Մենք դպրոցներում պրոբլեմներ ունենք։ Մինչեւ այսօր մեր դպրոցներում տնօրեններ եւ ուսուցիչներ կան, որոնք այնպիսի գաղափարներ են դասավանդում, տգիտություն են դասավանդում։ Լավ է, որ այս թեման կա։ Ես ընտրություններից հետո նախարարի առաջ խնդիր եմ դրել, ասել եմ, որ այդ ամբողջ մասսային պետք է դուրս հանել դպրոցներից։ Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից, իսկ նրանք տասնյակներով են»,- ասել է Փաշինյանը` նշելով, որ կրթության ոլորտում միայն ենթակառուցվածքների փոփոխությունը բավարար չէ։ «Սրա համար եմ ասում, որ այս դահլիճում հեղափոխությունը բավարար չէ։ Տարիներով մեր դպրոցը անգիրի վրա է հիմնված։ Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձեւավորել»,- նշել է վարչապետը` նորից մեղքը դնելով նախկին իշխանությունների վրա:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ PISA-ի հետազոտությունն անցկացվում է չորս տարին մեկ, իսկ Հայաստանի մասնակցությունը դրան կառավարության որոշմամբ է իրականացվել։ «Որպեսզի մենք ունենանք միջազգային համադրելի տվյալներ եւ ճիշտ պատկերացնենք մեր անելիքը, նախաձեռնել ենք այդ հետազոտությանը մասնակցելը։ Հետազոտությանը մասնակցել է 295 դպրոցի 7 հազար աշակերտ։ Մասնակիցների մեծ մասը 10-րդ դասարանցիներ են»,- ասել է նա՝ շեշտելով, որ հետազոտությանը մասնակցած աշակերտները սովորել են նախկին չափորոշիչներով, իսկ իրենց ներդրած նոր չափորոշիչներն ու մյուս փոփոխությունները հնարավորություն կտան հաջորդ հետազոտության ժամանակ ավելի բարձր արդյունքներ արձանագրելու։ «Հրապարակի» հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր, Հակոբ Կոջոյան կրթահամալիրի նախկին տնօրեն Ռուզաննա Երեմյանն էլ, խոսելով «տգետ» տնօրենների թեմայի մասին, ասել էր. «Եթե ունենք դպրոցներ, որտեղ դրամահավաքի դեպքեր են տեղի ունենում, ուրեմն այդ դպրոցների տնօրենները տգետներ են: Ես կիսում եմ վարչապետի տեսակետը` տգետներ են: Եթե կա մի դպրոց, որտեղ ուսուցիչը չունի մոտիվացիա, եթե կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն այդ դպրոցների տնօրենները տգետներ են»: Այս հայտարարությանը տարբեր մանկավարժներ եւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ արձագանքեցին` քննադատելով նրան:
Մենք զրուցեցինք սահմանամերձ Ոսկեպար համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանի հետ: Նա, անդրադառնալով տնօրեններին ուղղված մեղադրանքներին, նկատեց. «Նախ՝ զրույցը սկսենք նրանից, որ մեր դպրոցում ունենք 20-22 ուսուցիչ, որից 11-ն ատեստավորվել է։ Ստացվում է, որ մեր դպրոցի ուսուցիչների կեսն ատեստավորվել է, բայց ասեմ, որ ես չեմ կարող որեւէ ուսուցչի պարտադրել, ես խրախուսման մեխանիզմներ անձամբ չունեմ, սակայն ատեստավորված ուսուցիչներին պետությունը վճարում է ավելի բարձր աշխատավարձ: Ես կարող եմ բացառապես պատվոգիր տրամադրել եւ ուսուցչին խրախուսել, ուրիշ ոչ մի բան: Այսինքն` ես կարող եմ միայն բարոյական աջակցություն ցուցաբերել, բայց չեմ կարող որեւէ մեկին ստիպել: Մեզ դրանից ոչ մի վնաս չկա, թող ատեստավորվեն, բայց` իրենց ցանկությամբ: Նախարարության կողմից կա ատեստավորման պլան, մենք այդ պլանը գերազանցել ենք, այսինքն` եթե մեզ ասում են՝ 30 տոկոսը ատեստավորված պետք է լինի, մենք այժմ ունենք ատեստավորված 50 տոկոս: Մեր մանկավարժների կեսն ատեստավորված է: Կառավարությունն էլ, նախարարությունն էլ կրթության զարգացման հեռանկարային պլանավորում են կատարում, կամավոր ատեստավորումը դրա մի մասն է»:
Տնօրենը նաեւ անդրադարձավ Փաշինյանի՝ «տգետ» տնօրեններին ուղղված կոչին, ապա Ռուզաննա Երեմյանի գնահատականներին. «Ասում են` անգրագետ ենք, տգետ ենք, դե՝ ինչ ասեմ, ամեն մարդ ինքը գիտի ինչ ասի, ամեն մի խոսքին պետք չէ ուշադրություն դարձնել: Ես կարող եմ իմ կարծիքն ասել, իսկ իմ կարծիքն այն է, որ մեր տնօրենների 95 տոկոսը, նույնիսկ կասեի` 99 տոկոսը բարեխիղճ ու նորմալ մարդիկ են: Լրագրողների մեջ կամ քաղաքական գործիչների մեջ հո բոլորն անխտիր լավը չե՞ն: Բոլոր ոլորտներում էլ կա լավ ու վատ, բայց, ամեն դեպքում, ես տնօրենների մեծ մասի մասին ունեմ դրական կարծիք»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր