Երևան-Կիպրոս ինքնաթիռը հարկադիր վայրէ՞ջք է կատարել
Sat, 19 Sep 2026 12:45:21 +0400

«Հրապարակի» խմբագրություն էր դիմել մի քաղաքացի, և պատմում էր, որ երկու օր առաջ ինքը Կիպրոսից Երեւան է ժամանել եւ ինքնաթիռում վթարային վիճակ է առաջացել` հրդեհ է բռնկվել, խուճապ է առաջացել, անգամ մի տղամարդ ուշագնաց է եղել վախից, ինչից հետո ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել մոտակա օդանավակայաններից մեկում, ապա այլ ինքնաթիռով թռիչքը շարունակել են: Կնոջ խոսքով` «հրաշքով են փրկվել»:
Մենք «Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացանք, որ ընդամենը երկու ավիաընկերություն է Երևան-Կիպրոս ավիափոխադրումն իրականացնում` «FlyOne Armenia»-ն ու Wizz Air-ը, որն ի դեպ հունգարական ավիաընկերություն է, սակայն Հայաստանից թռիչքներ է իրականացնում: «Զվարթնոց» օդանավակայանից մեզ ասացին, որ ոչ մի տեղեկություն մեզ փոխանցել չեն կարող` միայն ավիաընկերությունը կարող է նման ինֆորմացիա մեզ տրամադրել: Եւ անգամ չասացին, թե խոսքը որ ավիաընկերության մասին է: Ուղեւորը նշում էր, որ ինքնաթիռը պատկանում էր «FlyOne Armenia» ավիաընկերությանը, մենք կապվեցինք ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ, սակայն նա կտրականապես հրաժարվեց մեկնաբանություն տալ` նշելով, որ ընկերությունը բացառապես էլեկտրոնային հաղորդագրություններին է պատասխանում այսուհետ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր