Առաջնային խնդիրն Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է
Mon, 28 Sep 2026 13:43:13 +0400

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և հետագա անելիքների վերաբերյալ քննարկումների ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշել է, որ իշխանությունների դիրքորոշումները, իր գնահատմամբ, շարունակում են մնալ անփոփոխ՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ազգային շահերին առնչվող հարցերում։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր և հասարակական տարբեր շրջանակների միջև այս հարցերում դեռևս անհրաժեշտ է ավելի լայն համախմբում և միասնական մոտեցումների ձևավորում։ Վարդանյանը կարևորել է տարբեր անհատների ու ուժերի միավորումը՝ ընդգծելով, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ձևավորել բավարար հանրային և քաղաքական ազդեցություն։
Պատգամավորի գնահատմամբ՝ ներկայում առաջնային խնդիրներից մեկը Արցախի քաղաքական ներկայության պահպանման հարցն է։ Նա ընդգծել է, որ առանց այդ ուղղությամբ հստակ քայլերի և համապատասխան քաղաքական ու պետական ինստիտուտների պահպանման՝ Արցախի հետ կապված մյուս խնդիրների առաջմղումը կարող է սահմանափակվել միայն հայտարարությունների և քննարկումների մակարդակով։
Վարդանյանը այս տեսակետները ներկայացրել է «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ՝ ընդգծելով Արցախի հարցի քաղաքական շարունակականության ապահովման կարևորությունը։
«Այն, որ այս իշխանությունները և հակաարցախյան, և հակահայկականության հարցում անշրջելի են, փաստ է, իրենք գերկոնսոլիդացված են իրենց դիրքորոշումների մեջ։ Սակայն մյուս կողմում նույն պատկերը մենք չունենք․ պետք է լինի հավաքականություն, անհատների համախմբում, որը կստիպի մյուսներին սթափվել»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր