Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Պատմությունը «քամելեոնությունը» չի պատժում անմիջապես, պատժում է ուշացումով

Պատմությունը «քամելեոնությունը» չի պատժում անմիջապես, պատժում է ուշացումով

Sat, 03 Oct 2026 13:15:26 +0400


Պատմաբան, ուսուցիչ Ժորա Դալալոյանն ինձ հետ զրույցը սկսում է. «Փաշինյանի քաղաքական գույների քամելեոնական փոխարկումների մասին բան ունեմ ասելու» արտահայտությամբ. «Քամելեոնը գույնը փոխում է միջավայրին հարմարվելու համար։ Բնությունը նրան այդ հատկությունը տվել է գոյատևելու նպատակով։ Քաղաքականությունը, երևում է, կատարելագործված տեսակ է ստեղծել․ երբեմն ոչ միայն գույնն է փոխվում, այլև երեկվա գույնի մասին… հիշողությունը։ Փաշինյանի՝ Արցախի հարցի շուրջ տարիների ընթացքում հնչեցրած հայտարարություններին հետևելիս մարդ ակամա սկսում է մտածել․ մենք գործ ունենք քաղաքական դիրքորոշման փոփոխությա՞ն, ժամանակի ազդեցությա՞ն, հարկադրված վերագնահատմա՞ն, թե՞ քաղաքական քամելեոնության հետ, որը դեռ հիմնարար ուսումնասիրված չէ։ Իրականությունը մեզ ասում է՝ Բարի գալուստ «Հայկական տրանսֆորմերներ» քաղաքական շոու, որտեղ բնության օրենքները չեն գործում, իսկ եթե փորձեք գծել վարչապետի հայտարարությունների հետագիծը` 2018-ից մինչ օրս, ապա ոչ մի ճարտարապետական նախագիծ կամ ամերիկյան «ոլորան» (Roller Coaster՝ Ռելսային ուղի, որով վագոնիկները մեծ արագությամբ, սլանում են՝ մարդկանց մոտ ադրենալինի հոսք առաջացնելով) չի համեմատվի այս գլուխգործոցի հետ։

Ներկայացնեմ խրոնոլոգիան․ Ամեն ինչ սկսվեց խոստումնալից 2018թ-ին, իշխանության գալուց անմիջապես հետո, Փաշինյանն Արցախ էր մեկնել եւ խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի, Արցախի իշխանությունների՝ բանակցային գործընթացում ներգրավված լինելու անհրաժեշտության և Արցախի միջազգային ճանաչման մասին։ Անգամ հստակ արձանագրեց, որ Հայաստանի ջանքերն ուղղված են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խթանմանը։

Մի տարի անց՝ 2019-ին, Ստեփանակերտի հրապարակում, գույներն ավելի խտացան՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Սա վերջակետով դիրքորոշում էր։ Ապա ավելացավ դիվանագիտության «նորարարական» բանաձևը․ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և… Ադրբեջանի ժողովրդի համար։ Թե ինչպես էր հնարավոր միաժամանակ գոհացնել բոլորին՝ պատմությունը լռում է, բայց դե այն ժամանակ հնչում էր զորեղ-գեղեցիկ։
Հետո եկավ պատերազմը։ Հուլիսին՝ ոչ մի զիջում, սեպտեմբերին՝ «Մեզ հաղթել հնարավոր չէ», հոկտեմբերի 3-ին՝ «Բացառապես հաղթանակ», հոկտեմբերի 6-ին՝ «Դե, որ իրենք զիջեն, մենք էլ կզիջենք», հոկտեմբերի 16-ին՝ «Անջատում հանուն փրկության», հոկտեմբերի 21-ին՝ «Առանց Արցախի չկա Հայաստան», նոյեմբերի 9-ին՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»… ու նույն գիշերը՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրում։
Ապշեցուցիչ ճկունություն. 44 օրում անցանք քաղաքական մտքի բոլոր հնարավոր «ագրեգատային» վիճակներով՝ պինդից մինչև գազանման: Նոյեմբերի 9-ի հետո եկավ խաղաղության օրակարգը…

2021-ին ինքնորոշման իրավունքը դեռ «սրբազան» էր։ 2022-ին հայտնվեց «միջազգային հանրությունը» և խնդրեց «մի փոքր իջեցնել նշաձողը»։ Նշաձողն այնքան իջեցվեց, որ 2022-ի հոկտեմբերին Պրահայում և 2023-ի մայիսին Բրյուսելում Փաշինյանը բացահայտ հայտարարեց, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառվում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Այստեղ արդեն քաղաքական քամելեոնը գույնը փոխելուց բացի սկսել էր նաև բառարանի բառերը փոխարինել աշխարհագրական թվերով։ 2023թ․ սեպտեմբերի 21-ին մեզ հավաստիացնում էին, որ «ուղիղ սպառնալիք չկա», սեպտեմբերի 28-ին արձանագրվեց, որ «արցախահայ չի մնա»։ Մեկ շաբաթվա տարբերությամբ՝ փաշինյանական կատարյալ հանգստությունից մինչև ամբողջական հայրենազրկում։ Եվ հետո արդեն այնպիսի քաղաքական լեզու, որ 2019թ-ի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը կարծես ինչ-որ մեկի հին գրառումը լիներ, որը հիմա փնտրում ես սոցցանցում ու մտածում՝ էս ո՞վ էր գրել։ Իսկ գրողը նույն մարդն է։

Եվ ահա, 2024-ին գագաթնակետը․ պարզվում է՝ 1994 -ից ի վեր բանակցային ողջ գործընթացը եղել է Արցախը

Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ 2023-ին ԱԺ քննիչ հանձնաժողովում, իսկ 2024-ին հրապարակային ելույթներում նա պնդում էր, որ պատերազմից խուսափելու տարբերակներից մեկը կարող էր լինել Ադրբեջանի 7 շրջանների վերադարձին և Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ծանր պայմաններին համաձայնելը։ Ստացվում է՝ 30 տարի պետական համակարգը, բանակը, դիվանագետները, ժողովուրդը զբաղված են եղել «դավաճանությամբ» կամ «ինքնախաբեությամբ»։ Բայց այստեղ հարցը ոչ թե «նախկիններն ի՞նչ էին անում» պարզունակ բանավեճն է, այլ փաստաթուղթը։ Որտե՞ղ են փաստաթղթերը։ Եթե ասում ես, որ նախորդ իշխանություններն ու բանակցողները տարիներ շարունակ սխալ ճանապարհով էին գնում, ապա հարցը շատ պարզ է․ իսկ դու ե՞րբ հասկացար դա։ Թե՞ ամեն անգամ հասկացել ես այն ժամանակ, երբ նախկին հայտարարությունն արդեն քաղաքականապես անհարմար է դարձել։

Ամենաուշագրավ ու ծանր տրանսֆորմացիան Փաշինյանի քաղաքական դիրքորոշումների փոփոխությունը չէ։ Ամենասարսափելին հասարակության զանգվածային «մետամորֆոզն» է՝ դիմադրողականության մաշվելը։ Ամեն նոր գույնի հետ մենք կարծես սովորեցինք մոռանալ նախորդ գույնը։ Մտավորականներն ու արվեստագետները 2018-ին «Արցախը մեր տունն է» երգելուց հետո, հիմա մասնագիտացել են «Ղարաբաղն ի սկզբանե բեռ էր մեր ուսերին» թեմայով դասախոսություններ լսելու մեջ։ Քաղհասարակությունը, որը նախկինում յուրաքանչյուր թփի համար ցույց էր անում, հիմա լռելյայն համաձայնում է, որ «նշաձող իջեցնելը» «ամենաէկոլոգիական» լուծումն էր։ Քաղաքական գործիչները սովորեցին ծափահարել միաժամանակ և՛ «Արցախը Հայաստան է»-ին, և՛ «Արցախը 86.6 հազարի մեջ է»-ին՝ առանց դեմքի մկանը շարժելու։

Այդ հարվածն էլ տարանք, հասանք «Արցախի հարցը փակված է»-ին։ Եթե ժողովուրդն ամեն նոր հայտարարությունից հետո մոռանա նախորդը, քաղաքական գործիչը երբեք ստիպված չի լինի պատասխանել ամենակարևոր հարցին․ «Բա երեկ ինչո՞ւ էիք ուրիշ բան ասում»։ Երբ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ից դեպի «Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Արցախը» անցումը դառնում է սովորական քաղաքական տեխնոլոգիա, հասարակական հիշողության մեջ քամելեոնը հիմնավոր տեղավորվում է։ Բայց մի բան է դիրքորոշումը փոխելը, և բոլորովին ուրիշ բան՝ փոփոխության պատասխանատվությունը չկրելը։ Եթե երեկ ասում էիր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ այսօր՝ «Արցախի հարցը փակված է», իրավունք ունենք հարցնելու․ Ի՞նչ եղավ, ե՞րբ եւ ինչո՞ւ փոխվեց սկզբունքը։ Մեր քաղաքական կյանքում կարծես նոր մասնագիտություն է ծնվել՝ հայտարարությունների գունափոխման մասնագետ։ Եվ հարցս անտեղի չէ՝ «Մեզանից ո՞վ է փոխվել ավելի շատ՝ քաղաքական գործի՞չը, թե՞ մենք»։

– Դուք՝ որպես պատմաբան, պատմության դասագրքեր, տարեգրություններ եք ուսումնասիրել։ Հայոց կամ համաշխարհային պատմության մեջ կա՞ նման նախադեպ, երբ ղեկավարն այս աստիճան արագ ու անհետևանք փոխել է իր քաղաքական գույները, և հասարակությունն էլ այդքան հեշտությամբ «մարսել» է դա։ Պատմությունն ինչպե՞ս է գնահատում «քամելեոնություն» ֆենոմենը։

– Պատմությունը դաժան հատկություն ունի․ այն չի ներում թե ինքնախաբեությունը, թե խաբեությունը։ Համաշխարհային պատմության մեջ քաղաքական գործիչների տրանսֆորմացիաներ, անշուշտ, եղել են՝ Թալեյրանից մինչև նորօրյա պոպուլիստներ։ Բայց կա մի էական տարբերություն․ մեծ պետությունների ղեկավարները գույնը փոխել են հանուն իրենց պետության շահի, իսկ փոքր ազգերի ողբերգությունն այն է, երբ գույնը փոխում են հանուն սեփական իշխանության պահպանման՝ պետության տարածքների ու սկզբունքների հաշվին։ Պատմական նախադեպեր եղել են նաև Հայոց պատմության մեջ, երբ անկման շրջաններում հասարակությունը, հոգնած պատերազմներից ու զրկանքներից, թմրել է և ընդունել «հարմարվողականության» կործանարար թույնը։ Բայց դա միշտ ավարտվել է պետականության կորստով։ Պետությունը պահարան չէ, որ երեկվա խոսքերը գցես ներքևի դարակը, վրան նոր պիտակ կպցնես ու ասես՝ «հարցը փակված է»։ Հարցերը չեն փակվում հայտարարություններով։ Հատկապես՝ երբ վերաբերում են մի ամբողջ ժողովրդի ճակատագրին։ Պատմությունը «քամելեոնությունը» չի պատժում անմիջապես, պատժում է ուշացումով և դատավճռով՝ ջնջելով այդպիսի գործիչներին արժանապատիվ հիշողությունից, իսկ նրանց հանդուրժած հասարակությանը կանգնեցնելով դաժան ու ամոթալի փորձությունների առջև։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արցախի մասին հիշողությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգ են դարձել

Արցախի մասին հիշողությունները Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգ են դարձել Fri, 02 Oct 2026 20:45:46 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով