Էս ի՜նչ թազա հրեշտակ ենք ստացել․․․
Sat, 03 Oct 2026 15:00:52 +0400

«Աղոթքի նախաճաշ» է կազմակերպվում, և Փաշինյանը լավ գիտի՝ ինչու։ Հայ Առաքելական Եկեղեցու հետ ունեցած սուր հակամարտության պայմաններում, առանց Մայր Աթոռի պաշտոնական մասնակցության, ամերիկյան բարձրաստիճան հյուրերը պետք է լսեն Փաշինյանի՝ հավատքի մասին ճառերը։ Երկու կողմն էլ լավ գիտի, որ «Աղոթքի նախաճաշը» պարզապես աղոթքի շուրջ հավաքվելու միջոց չէ։ Այն քաղաքական ու գործարար հարցեր լուծելու, կապեր հաստատելու և ազդեցություն գործելու միջոց է։ Իսկ հոգևոր խոսքի տակ լուծվում են նաև ազգային ավանդույթների ու կառույցների վրա ազդելու խնդիրներ։ Այս դեպքում՝ Հայ Առաքելական Եկեղեցու։
Բայց Փաշինյանի աստվածաշնչյան մեջբերումները, հոգևոր բառերն ու սաղմոսախառն ճառերը հայ քրիստոնյային այլևս չեն հուզում։ Նա արդեն ճաշակել է Փաշինյանի աստվածասիրության դառը պտուղները, գիտի նրա «սիրո» գինը։ Եվ այս ամենի ֆոնին հումորով գրում է. «Էս ի՜նչ թազա հրեշտակ ենք ստացել»։
Կարծես ամեն ինչ ասված է։
Բայց Փաշինյանն ավելի հեռուն է գնում։ Խաղաղության պայմանագիրը ներկայացնում է որպես «Աստծո ծրագիր»։ Ահա՛ և պատասխանը, թե ինչու է կազմակերպվում «Աղոթքի նախաճաշը», ինչու են հրավիրվում օտարերկրյա հոգևոր ու քաղաքական գործիչներ, և ինչու է այդ միջավայրում այսքան կարևորվում Փաշինյանի հավատքի մասին խոսքը։ Որովհետև այդ խոսքի միջոցով խաղաղության անունով ներկայացվող քաղաքականությունը պետք է ստանա նաև աստվածային արդարացման տեսք։ Իսկ երբ քաղաքական որոշումը ներկայացվում է որպես Աստծո կամք, մարդուն կարծես այլ բան չի մնում, քան հնազանդվելը։
Ուրեմն ի՞նչ պետք է անի հայ մարդը, երբ իր տան մեջ կրակում են մոր վրա՝ երեխաների աչքի առաջ։ Հնազանդվի՞։ Ընդունի՞ դա որպես Աստծո ծրագիր։
Աստծո ծրագիր չի կարող լինել այն, որ թշնամին գա քո ընտանիքի վրա, իսկ դու ձեռքերդ ծալած սպասես։ Ընտանիքդ պաշտպանելը մեղք չէ, սեփական ժողովրդին պաշտպանելու կամքը՝ նույնպես։ Կուրորեն հնազանդվելը հավատք չէ, իսկ չպաշտպանվելը՝ խաղաղություն։
Եվ ճիշտ ժամանակին Աստված մեզ ցույց տվեց Մորը, որը պաշտպանում է իր զավակներին թշնամուց։ Մորը, որի համար զավակների կյանքն ու անվտանգությունն ավելի թանկ են, քան ցանկացած ճառ կամ գեղեցիկ խոստում։
Իսկ երբ Փաշինյանը միջոցառման մասնակիցներին՝ հիմնականում օտարերկրյա հոգևոր ու քաղաքական գործիչներին, շնորհակալություն է հայտնում «Աստծո լեզվով խոսելու համար», ակամա հարց է առաջանում․
Իսկ հազարամյա Հայ Առաքելական Եկեղեցու լեզուն Աստծո լեզու չէ։ Ի՞նչ արժեք ունի օտար հյուրերի առաջ հավատքի ճառեր ասել, երբ սեփական ժողովրդի հավատքի գլխավոր կառույցի հետ հակամարտության մեջ ես։
Մի՞թե Աստծո լեզուն այն է, ինչով խոսում են ամերիկյան հյուրերդ, իսկ քո ժողովրդի Եկեղեցու լեզուն այլևս հասկանալի չէ։
Իրոք, էս ի՜նչ թազա հրեշտակ ենք ստացել․․․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր