Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Sun, 04 Oct 2026 21:15:42 +0400


Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։

Սրբազան արարողությունից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Վեհարանում ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին։

Նորին Սրբությունը ողջունեց հյուրի այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ այն նկատելով պատեհ առիթ՝ ի մոտո ճանաչելու քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած երկիրը, հայ ժողովրդին ու նրա հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությունը։ Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց նաև նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ։

Զրուցակիցներն ընդգծեցին կրոնի և հոգևոր արժեքների դերը ժողովուրդների ապահով, բարօր ու առաջընթաց կյանքի կերտման գործում։ Շեշտվեց, որ առ Աստված հավատքը պետք է դրսևորվի սիրով, արդարությամբ և մերձավորի հանդեպ հոգածությամբ՝ ամրապնդելով համամարդկային համերաշխությունն ու խաղաղ համակեցությունը։ Այս առնչությամբ կարևորվեց հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության հաստատման և ժողովուրդների լուսավոր գալիքի։

Իր հերթին տիկին Ուայթ-Քեյնը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար և կիսվեց Սուրբ Պատարագից ստացած իր տպավորություններով` ընդգծելով սրբազան արարողության ընթացքում ապրած խոր ակնածանքն ու հոգևոր խաղաղությունը։ Հյուրը երախտագիտությամբ անդրադարձավ նաև Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանը, որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում

Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում Mon, 28 Sep 2026 21:03:18 +0400 Սեպտեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով