Դաշնակիցներ պետք է փնտրել ընդդիմադիր շրջանակներում
Tue, 06 Oct 2026 18:15:49 +0400

Հայաստանի ընդդիմությունը, որին Նիկոլ Փաշինյանը հռչակել է պրոռուսական կամ, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի գործակալ, փորձում է ակտիվ աշխատանք տանել Եվրոպայում: Ընդդիմության մոտ գերակայող գաղափարն այն է, որ եթե գործող իշխանության հենարանը եվրոպական երկրներն են, եւ Փաշինյանին հաջողվել է այդ երկրների կառավարություններին համոզել, որ, ի դեմս Հայաստանի ընդդիմության, ինքը պայքարում է ռուսական գործակալական ցանցի դեմ, իրենց խնդիրն է՝ ցույց տալ եւ ապացուցել հակառակը, որ իրենք ռուսական գործակալներ չեն, իրենց նույնիսկ պրոռուսական համարելն է սխալ, որովհետեւ իրենք առաջնորդվում են Հայաստանի պետական շահերով եւ այդ շահերից ելնելով՝ պատրաստ են գործընկերային հարաբերություններ պահպանել ԵՄ-ի եւ այդ կազմակերպությանն անդամակցող երկրների հետ: Հենց եվրոպական կառույցներում եւ կառավարություններում այդ գիտակցումը լինի, որ իրենք ոչ միայն թշնամի չեն, այլեւ կարող են լինել ավելի լավ բարեկամ, եվրոպացիները կդադարեցնեն աջակցությունը փաշինյանական ռեժիմին, եւ այն կզրկվի նաեւ ներքին լեգիտիմությունից ու հանրային աջակցությունից՝ ինքնըստինքյան կփլուզվի:
Դա էր նաեւ պատճառը, որ «Ուժեղ Հայաստանը» վերցրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ ցույց տալու, որ իրենք դեմ չեն եվրոպական ինտեգրացիային, ուղղակի այն պատկերացնում են յուրովի: Պատկերն ամբողջացնելու համար ավելացնենք, որ հայաստանյան ընդդիմությունը համոզված է, որ իրենք կարող են դառնալ եվրոպական երկրների համար հուսալի գործընկեր եւ դաշնակից, քանի որ այդ երկրները շահագրգռված չեն Հայաստանի` որպես քրիստոնեական երկրի գոյության ավարտով, մի բան, որն անխուսափելիորեն տեղի կունենա փաշինյանական իշխանության շարունակման պայմաններում, եւ ընդհակառակը՝ կարող է դադարել, եթե իշխանության գան ազգային ուժեր, որոնք թույլ չեն տա հնագույն քրիստոնեական պետության քայքայումն ու ոչնչացումը:
Այս թեզն իր մեջ պարունակում է ինչպես ճշմարտության, այնպես էլ պրիմիտիվիզմի տարրեր: Եվրոպական երկրներն առաջնորդվում են իրենց շահերով եւ եթե Հայաստանի պետականության գոյությունը զոհելն ինչ-որ պահի նպաստավոր լինի իրենց, նրանք դա կանեն առանց հապաղման: Հայաստան պետության գոյությունը պետք է միայն մեզ, ինչպես որ ցանկացած այլ պետության գոյությունն այդ երկրների հասարակություններին է պետք, իսկ ոչնչացումն ամենաշատը կարող է ափսոսանք առաջացնել մյուսների մոտ: Դժվար է նաեւ պատկերացնել, որ Էմանուել Մակրոնի կամ Ֆրիդրիխ Մերցի կառավարությունները, որոնք առաջնորդվում են լիբերալ գլոբալիստական քաղաքականությամբ, կարող են որեւէ ափսոսանք զգալ, թե ինչու է Փաշինյանը ոչնչացնում Հայաստանի ինքնության հենասյուները, այդ թվում եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Ընդհակառակը՝ նրանք ջանասիրաբար ոգեւորում եւ քաջալերում են փաշինյանական խունտային, քանի որ առանց ազգային կողմնորոշիչների ոչնչացման հնարավոր չէ առաջ մղել ծայրահեղ գլոբալիստական աշխարհակարգի ստեղծման օրակարգը: Եվ այդ առումով Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող ընդդիմադիր ուժերը միանգամայն մերժելի են իրենց համար, թեկուզ այն պատճառով, որ կանգնած են Հայ եկեղեցու պաշտպանության դիրքերում, փաստացի՝ Սամվել Կարապետյանը քաղաքականություն է մտել Եկեղեցու դեմ իշխող խունտայի ոտնձգություններին հակազդելու օրակարգով:
Բայց ասվածից ամենեւին չի բխում, թե Հայաստանի ընդդիմությունը որեւէ անելիք չունի Եվրոպայում կամ եվրոպական երկրներում: Քանի որ Հայաստանի գործող ռեժիմը համահունչ է գործում եվրոպական ներկայիս կառավարությունների հետ, ընդդիմությունն էլ պետք է դաշնակիցներ գտնի եվրոպական երկրների ընդդիմադիր շրջանակներում: Եվրոպայում եւս բողոքի եւ դժգոհության մեծ ալիք կա՝ ընդդեմ վարվող լիբերալ գլոբալիստական քաղաքականության, որը հանգեցնում է եվրոպական երկրների ազգային ինքնության դեգրադացմանն ու ոչնչացմանը: Անվերահսկելի միգրացիան կանխելու անկարողությունը կամ գուցե գիտակցած խրախուսումը, երկրների բյուջետային միջոցների մսխումը կասկածելի աշխարհաքաղաքական նպատակների վրա, տնտեսական եւ սոցիալական աճող խնդիրները բողոքի ալիք են բարձրացնում ընդդեմ եվրոպական իշխող էլիտաների եւ նրանց կողմից վարվող քաղաքականության: Եվրոպական երկրներում գնալով մեծանում է ազգային եւ աջ պահպանողական գաղափարախոսություն ունեցող ուժերի հանրային աջակցությունը եւ ազդեցությունը: Ֆրանսիայում Մարի Լը Պենի Ազգային միավորումը, Գերմանիայում Ալիս Վեյդեյլի «Այլընտրանք Գերմանիայի համար» միավորումն արդեն ամենամեծ հանրային աջակցությունն ունեցող քաղաքական ուժերն են: Մեծ է հավանականությունը, որ հաջորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում հենց այս ուժերն են լինելու Եվրոպայի ամենաազդեցիկ երկրների իշխանության ղեկին: Եթե Ֆրանսիայում եւ Գերմանիայում հաղթեն աջ պահպանողականները, փոխվելու է ԵՄ-ի թե՛ ղեկավար կազմը, թե՛ վարվող քաղաքականությունը: Փաշինյանին անվերապահորեն աջակցող ուլտրագլոբալիստներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին եւ Կայա Կալլասին փոխարինելու են ոչ թե գլոբալիստական ինտերնացիոնալի շահերով առաջնորդվող անձինք, այլ մարդիկ, որոնց համար կարեւոր է Եվրոպայի՝ որպես քաղաքակրթական միավորի գոյության ապահովումը:
Ասածս այն է, որ ընդդիմության համար իմաստ չունի՝ ժամանակ եւ ռեսուրս վատնել ԵՄ գործող կառավարություններին ինչ-որ բան համոզելու կամ բացատրելու վրա, դա անիմաստ զբաղմունք է, այդ ժամանակը պետք է ծախսել գաղափարակից ընդդիմության հետ հարաբերություններ հաստատելու եւ կառուցելու վրա, որ երբ նրանք գան իշխանության, ընդդիմությունը կարողանա ասել, որ այս կամ այն երկրում իշխանության եկած ուժերն իրենց գաղափարակիցներն ու գործընկերներն են, եւ դա հնարավոր է դարձնում նաեւ Հայաստանի ազատագրումն ու վերափոխումը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր