Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

ՀԷՑ-ը կվերադարձվի Սամվել Կարապետյանին

ՀԷՑ-ը կվերադարձվի Սամվել Կարապետյանին

Thu, 15 Oct 2026 14:45:01 +0400


Փաշինյանն ասում է՝ «ՀԷՑ-ը պետական կառավարման ենք հանձնում, մասնավորեցման նպատակ չունենք»։ Մարդիկ չեն պատկերացնում այս գործընթացը և մտածում են, թե Նիկոլ Փաշինյանն ինչ ուզի՝ կանի, ումից ինչ ուզի՝ կվերցնի ու կպետականացնի։
Փաշինյանն ասում է, որ ունի պլան Ա և պլան Բ, բայց իրականում դրանք ոչ թե իր մշակած առանձին պլաններն են, այլ գործընթացի հնարավոր փուլերը։ Իրավական առումով պետությունը կարող է մասնավոր սեփականությունը վերցնել և հանձնել այլ կառավարչի, բայց դա սեփականության ազատ տնօրինման իրավունք չի տալիս։ Գործընթացը տեղի է ունենում հստակ փուլերով, որը Փաշինյանն անվանում է պլան Ա և պլան Բ։

Առաջին փուլում ՀԷՑ-ը ճանաչվել է հանրային գերակա շահի օբյեկտ։ Սա իրավական ընթացակարգ է, ոչ թե Փաշինյանի անձնական պլանը։ Հիմա երկրորդ փուլն է՝ ՀԷՑ-ը հանձնել պետական կառավարման։ Դա էլ պլան Բ չէ։ Հաջորդ հնարավոր փուլը ընկերության կառավարումը միջազգային օպերատորին հանձնելն է։

Փաշինյանը փորձում է հանրությանը զարմացնել՝ հայտարարելով, թե եթե չհաջողվի իրականացնել պլան Ա-ն ու պլան Բ-ն, կանցնեն այլ պլանների քննարկմանը։ Մինչդեռ խոսքը միջազգային գործընթացի երրորդ փուլի մասին է՝ ՀԵՑ-ի հանձնում միջազգային օպերատորին։ Այսպես նա գործընթացի փուլերը ներկայացնում է որպես սեփական ռազմավարություն, մինչդեռ խոսքը ՀԷՑ-ի կառավարման փուլերի մասին է։

Միջազգային օպերատորին հանձնելը չի նշանակում ընկերության գույքը նրան նվիրել կամ վաճառել։ ՀԷՑ-ը մնում է պետական սեփականություն, իսկ կառավարումն իրականացնում է միջազգային մասնագիտացված ընկերությունը։ Բայց այստեղ կա լուրջ խոչընդոտ։ ՀԷՑ-ի նկատմամբ սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու համար պահանջվում է հսկայական փոխհատուցում՝ տասնյակ միլիարդավոր դրամների չափով։ Եթե բյուջեում այդ միջոցները չլինեն, կամ «Տաշիր» խմբի հետ դատական վեճերը ձգձգվեն, պետությունը կարող է հայտնվել փակուղում և ստիպված լինել փոխզիջման գնալ՝ գույքը վերադարձնելով նախկին սեփականատիրոջը կամ համաձայնության գալով այլ կառույցի հետ։

Սա կարող է վերածվել «կարուսելային պտույտի»․ պետությունը նախաձեռնում է սեփականության փոփոխություն, գործընթացը բախվում է իրավական կամ ֆինանսական խոչընդոտների, և ի վերջո հնարավոր է դառնում վերադարձը նախկին իրավիճակին։ Չի բացառվում նաև, որ գործընթացը ծառայի որպես ճնշման միջոց «Տաշիր» խմբի կամ Մոսկվայի վրա՝ քաղաքական կամ տնտեսական հարցերում զիջումներ կորզելու նպատակով։ Եթե կողմերը համաձայնության գան, գերակա շահի հիմքով սկսված գործընթացը կարող է փոխվել կամ դադարեցվել, և ՀԷՑ-ը կարող է վերադառնալ Սամվել Կարապետյանի վերահսկողությանը։

Քանի որ գործընթացի վերջնաժամկետ է նշվում 2027 թվականի հոկտեմբերի 1-ը, ժամանակը ցույց կտա՝ սա իրական ռազմավարական փոփոխությո՞ւն է, թե՞ ժամանակավոր մարտավարական քայլ։ Փաշինյանի՝ «ուրիշ պլանների» մասին հայտարարությունը բաց է թողնում իրավական ու քաղաքական նահանջի հնարավորությունը։ Հետևաբար հիմք կա հարցնելու՝ արդյոք այս ամենը պետական կառավարման իրական փոփոխությո՞ւն է, թե՞ «կարուսելային» մարտավարություն՝ ժամանակ շահելու և իրավիճակից կախված նոր գործարքների գնալու համար։ Մանավանդ որ Ռուսաստանի հետ հարաբերություններում զիջումների շղթան արդեն սկսվել է՝ ատոմակայանի և երկաթուղու հարցերով։ Այնպես որ՝ օդից բռնած ենթադրություն չէ, որ ՀԷՑ-ը կվերադարձվի Սամվել Կարապետյանին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քանդելու ենք

Քանդելու ենք Thu, 15 Oct 2026 13:15:53 +0400 Նիկոլ Փաշինյանը ողջունել է Աջափնյակի Շինարարների փողոցում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով