Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա Սաֆարյան
Thu, 15 Oct 2026 15:45:04 +0400

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։ ՍԴ նախագահի թեկնածուներ են առաջադրվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը եւ Վլադիմիր Վարդանյանը։ Գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Ուստի` ընտրությունը համարվում է չկայացած, և պետք է անցկացվի նոր ընտրություն։ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դեռ հստակեցված չէ նոր ընտրության ժամկետը, սակայն նշեց, որ ինքը կատարել է իր ընտրությունը, բայց դա գաղտնի է, և ինքը դրա մասին խոսել չի կարող:
– Տեղեկություններ կային, որ Դուք էլ եք ցանկանում դառնալ ՍԴ նախագահ, սակայն Ձեր թեկնածությունը չեք առաջադրել:
– Ես առաջին անգամ եմ այդ մասին լսում, նման քննարկում ընդհանրապես չի եղել, ես նման մտադրություն երբևիցե չեմ ունեցել, երկու դատավոր են թեկնածություն առաջադրել, սակայն իմ հետ կապված ոչինչ պետք չէ փնտրել տողատակերում, ես ոչ մի մասնակցություն չունեմ այդ պրոցեսում:
– Ի՞նչ եք կարծում առաջադրված երկու թեկնածուներից ո՞ր մեկն է ավելի համապատասխանում այդ պաշտոնում:
– Ես իմ կարծիքը իմ քվեով ցույց եմ տվել: Եթե ընդհանրական ասենք, ապա երկուսն էլ կարող էին ունենալ նման ցանկություն, և կարող են դառնալ, քանի որ նրանք կարող են ՍԴ-ի համար ունենալ նշանակություն, դերակատարում, բայց ես բնականաբար մեկի կողմից եմ, մյուսին` դեմ եմ, սակայն քանի որ դա գաղտնիք է, չեմ կարող ասել ոչինչ:
– Վլադիմիր Վարդանյանի` նախկին ՔՊ-ական լինելու հանգամանքը շատ է քննարկվում, նա եղել է Քաղպայմանագիր կուսակցության կողմից առաջադրված պատգամավոր, զբաղեցրել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իրականացրել է իշխող կուսակցության քաղաքականությունը, մտավախություն կա, որ նա կլինի հեշտ կառավարելի:
– Եթե անձին այլ մարմնից բերում են Սահմանադրական դատարան, և դա թույլատրելի է, այլևս շատ հետ գնալը և այդ մասին վկայակոչելը երևի թե այնքան էլ ճիշտ չէ: Բոլորն էլ ինչ-որ մի տեղից են եկել: Մեկը Երևանի պետական համալսարանից է եկել, մյուսը` փաստաբանական հանրույթից է եկել, մյուսը` ԱԺ-ից: Այսինքն` բոլորս էլ ինչ-որ մի տեղից եկել ենք, եթե հետադարձ կապը պետք է անվերջ պահպանվի, ապա մենք ոչ ՍԴ նախագահ կունենաք, ոչ էլ դատավոր: Նման հարցերում ես կարծում եմ, որ շատ կարևոր է անձի ինքնուրույնությունը, սկզբունքայնությունը, ազնվությունը: Թե որտեղից է եկել անձը, դա այնքան էլ մեծ նշանակություն չունի: Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում: Մարդը կարող է իր հետագիծը փոխել: Կոնկրետ ես այդպես եմ դիտարկում: Ես օրինակ` ավելի շատ հետադարձ աշխատանքը զուտ եռանդի հետ եմ կապում, աշխատասիրության հետ եմ կապում, բայց ինձ համար անընդունելի չէ, որ եթե մարդը եկել է ԱԺ-ից, պիտի պարտադիր ինչ-որ քաղաքական ուժի նախապատվություն տա:
– Ամռանը, երբ ընդդիմադիր ուժերը դիմել էին ՍԴ` հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար, Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը ՍԴ-ի որոշմամբ չմասնակցեցին ընտրությունների վիճարկման գործը քննությանը, քանի որ կասկածի տակ էր դրվել նրանց օբյեկտիվության հարցը: Այսինքն` ՍԴ-ն որպես անկախ հանդիսացող դատական մարմին կասկածի տակ էր դրել նույն Վլադիմիր Վարդանյանի անաչառությունը, այժմ ինչպե՞ս է ստացվում, որ նա անկախ է:
– Ճիշտ եք հիշում: Եղել է այդպիսի բան, սակայն ես այդ հարցը չեմ կարող մեկնաբանել, սա մի փոքր այլ խնդիր է: Իմ տպավորությամբ, անձը եթե դատավոր է դառնում, պետք է իր բոլոր քաղաքական հակումները, նախկինում ունեցած քաղաքական գաղափարները պետք է մի կողմ դնել, հակառակ դեպքում որպես դատավոր հնարավոր չէ կայանալ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր