Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Սերտե՛նք Շաքիի դասերը

Սերտե՛նք Շաքիի դասերը

Fri, 16 Oct 2026 16:15:44 +0400


Իրադարձությունները փորձառություն են ու նախադեպ, որոնք վաղը պետք է օգնեն մեզ՝ հասկանալ, թե ինչին ինչ անուն տալ եւ ինչպես արձագանքել։ Բայց շատ ավելի լավ կլինի, եթե այդ փորձառությունից կարողանանք սովորել ամենակարեւորը՝ ինչպես խուսափել դրա կրկնությունից։ Եվ այսպես, ի՞նչ սովորեցրեց մեզ Շաքիում տեղի ունեցածը։
Մի իրադարձություն, որը, թերեւս, կարելի է անվանել դիվերսիա, ոմանք գնահատում են որպես պատահականություն, իսկ ավելի «անհոգները» համարում են մանր դեպք, որի շուրջ, իբր, չարժե այդքան աղմուկ բարձրացնել։ Մինչդեռ Շաքիում տեղի ունեցածը մեզ մի շատ դառը բան հիշեցրեց. մեր երկրի սահմանների անվտանգության հետ կապված լրջագույն հարցեր կան, իսկ վտանգը երբեմն կարող է այնքան մոտենալ, որ մի տխուր օր բացեք ձեր տան դուռն ու պարզեք՝ այնտեղ օտար զինված մարդ է տեղավորվել։

Տեղավորվե՞լ է։ Ավելին՝ բնակվել է։ Այո՛, հենց բնակվել։ Եթե մարդը զինված ներխուժել է օտար պետության տարածք, մտել մի պատահական տուն, իր համար փլավ պատրաստել, կերել, կոմպոտ բացել-խմել, հետո մեկնվել բազմոցին ու անվրդով քնել, ուրեմն նա պարզապես չի թաքնվել այդ տանը, այլ բնակվել է՝ իրեն զգացել ինչպես տեր ու տիրական։
Նա չի փորձել պարզապես մի անկյուն գտնել, թաքնվել ու սպասել։ Նա չի կերել ձեռքն ընկած առաջին պատառը՝ շտապ հեռանալու մտադրությամբ։ Նա իր համար կենցաղ է կազմակերպել։ Ուրիշի տունը դարձրել է իր ժամանակավոր բնակավայրը՝ իրեն թույլ տալով այնպիսի հանգստություն, ինչպիսին անգամ այդ տան իրական բնակիչները չէին կարող ունենալ նրա հայտնվելուց հետո։ Եվ հեռացել է այնտեղից ոչ թե սեփական կամքով, այլ այն պատճառով, որ նրան դիմադրել են ու վռնդել։ Ահա թե ինչն է այս պատմության մեջ առավել սարսափելին։ Ոչ միայն այն, որ զինված օտարերկրացին կարողացել է հասնել հայկական բնակավայր ու հայտնվել խաղաղ բնակչի տանը, այլեւ՝ այն, որ իրեն պահել է այնպես, կարծես այդ տունը, այդ տարածքը, այդ երկրի սահմաններն իր համար որեւէ արգելք չեն ներկայացնում։ Եվ հիմա մեզ առաջարկվում է այս ամենին նայել որպես պատահական միջադեպի՞։ Ո՛չ։ Սա այն դեպքերից է, երբ մենք պարզապես իրավունք չունենք հանգստանալ՝ մտածելով, թե ամեն ինչ ավարտվել է։ Եթե նման բան տեղի է ունեցել մեկ անգամ, մենք պարտավոր ենք հարցնել՝ ի՞նչն է երաշխավորում, որ այն չի կրկնվի։

Դաս առաջին՝ երբեք մի՛ նվազեցրեք վտանգը․ երբեք չի կարելի նվազեցնել վտանգը, որի մասին ահազանգում է այս, այսպես կոչված, դեպքը։ Այն պետք է դատապարտվեր ամենայն խստությամբ, պետք է լինեին հայտարարություններ, պետք է թշնամին հասկանար, որ այս կողմերում փլավ եւ հանգստություն փնտրող մարդիկ լուրջ վտանգի տակ կհայտնվեն, որ նրանց չեն սպասում, չեն խնայում եւ չեն ներում։ Դաժա՞ն է այդպիսի վարքագիծը, իսկ ես կասեմ, որ դաժան է եղել այն, ինչին առնչվել է Շաքիում մի հայ ընտանիք։ Դա եղել է դաժան, եւ ճակատագրի լիովին անսպասելի բերումով են փրկվել մայրն ու 3 երեխաները։ Երբ վտանգավոր իրադարձությանը փորձում են տալ հնարավորինս անվնաս բացատրություն, վտանգվում է մեր զգոնությունը, կորցնում ենք մեր իմունիտետը, դառնում ենք բաց ու անպաշտպան՝ թշնամու արկածախնդրության վտանգի առջեւ։

Դաս երկրորդ՝ պատրաստ եղիր պաշտպանվել առանց պետության պատասխանատվության կամ բարեգթության վրա հույս դնելու։ Պետական մարմինները՝ ամենաբարձր ատյանից մինչեւ վերջին գյուղապետ, այնքան են հակվել իրենց երազած խաղաղության խնամքին, որ մոռանում են երկրի քաղաքացու անվտանգության խնամքի անհրաժեշտության մասին։ Վարչապետն ասում է՝ եթե մայրական բնազդը չխանգարեր, հանգիստ սպասեր իրավապահ մարմիններին, ոչինչ էլ չէր լինի։ Այսպիսի հետեւությունը խնամք է թշնամու նկատմամբ, իսկ հայ կինն իր տանը՝ իր երեխաների հետ, զրկված է խնամքից։ Նրանք կարող են անգամ մեղավոր համարվել անհամբերության, ագրեսիվության, գուցե՝ անհյուրընկալության համար։

Դաս երրորդ. առանց անվտանգության խաղաղություն չկա։ Մեր իրականության մեջ խաղաղության մասին այնքան շատ է խոսվում, որ երբեմն թվում է՝ բավական է այն շարունակաբար կրկնել, եւ վտանգներն ինքնաբերաբար կանհետանան։ Բայց խաղաղությունը բառ չէ, որ արտասանելուց հետո սահմաններն ավելի ամուր են դառնում։ Պետությունը չի կարող իր հորինած խաղաղության խնամքին՝ զոհաբերել քաղաքացու անվտանգությունը։ Խաղաղություն խնամող պաշտոնյաները պետք է հիշեն, որ եթե այդ խաղաղությունը վտանգել է անվտանգությանը, ուրեմն արդեն պետք է խնամել անվտանգությունը։

Դաս չորրորդ. տուժածին չի կարելի դարձնել մեղավոր։ Շաքիի դեպքի ամենազգայուն կողմերից մեկը մոր վարքագծի շուրջ ծավալված քննարկումներն են։ Դրսից միշտ հեշտ է ասել՝ պետք էր սպասել, պետք էր հանգիստ մնալ, պետք էր այս կամ այն կերպ արձագանքել։ Բայց նման խորհուրդները սովորաբար տրվում են այն ժամանակ, երբ վտանգն արդեն անցել է, երբ խոսողը նստած է ապահով միջավայրում եւ գիտի պատմության ավարտը։ Իսկ այդ մայրը չգիտեր, թե ինչպես է ավարտվելու ստեղծված իրավիճակը։ Նա չէր կարող նախապես իմանալ՝ զինված անծանոթն ինչ մտադրություններ ունի, ինչ կարող է անել հաջորդ պահին, եւ արդյո՞ք իր երեխաներն ապահով են։ Առավել եւս՝ պետական պաշտոնյաների խոսքը պետք է զգույշ լինի, երբ վերաբերում է նման փորձառություն ապրած ընտանիքին։ Ավելին՝ մայրը վստահ է, որ եթե ինքը դիմադրելիս հապաղեր, ողջ ընտանիքը զոհվելու էր «անկոչ բարեկամի» ձեռքով։ Մոր արձագանքը քննարկելուց առաջ անհրաժեշտ է պատասխանել մի հարցի՝ ինչո՞ւ այդ մայրը հայտնվեց նման ընտրության առջեւ։ Եվ սա արդեն ոչ թե մոր, այլ պետության պատասխանատվության հարցն է։

Դաս հինգերորդ. հասարակությունն իրավունք ունի իմանալու ամբողջ ճշմարտությունը։ Շաքիի դեպքը մի շարք հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները հասարակությունն իրավունք ունի ստանալու․ ինչպե՞ս է զինված անձը հատել սահմանը։ Ինչպե՞ս է հասել բնակավայր։ Ինչո՞ւ վտանգը չի կանխվել ավելի վաղ։ Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել դեպքից հետո, եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ նման ներթափանցումը չի կրկնվի։ Եվ ինչո՞ւ, իմանալով, որ բնակավայրում կա (կամ կան) զինված թշնամի, չի հայտարարվել այդ մասին, որպեսզի մարդիկ զգոն լինեն, զգուշանան եւ խուսափեն վտանգին դեմհանդիման դուրս գալու հնարավորությունից։

Դաս վեցերորդ. մի՛ սովորեցրեք մարդկանց հարմարվել վտանգին։ Սա, թերեւս, Շաքիի դեպքից բխող ամենակարեւոր հասարակական դասն է։ Մենք չպետք է աստիճանաբար սովորենք այն մտքին, որ նման դեպքեր կարող են պատահել, եւ դա արդեն մեր կյանքի բնականոն մասն է։ Չպետք է սովորենք հարմարվել վտանգին։ Երբ հասարակությունը սկսում է հարմարվել վտանգին, վտանգն աստիճանաբար դադարում է արտառոց թվալ։ Իսկ դա շատ ավելի լուրջ խնդիր է, քան մեկ առանձին միջադեպը։ Պետության պարտականությունը քաղաքացիներին վտանգի հետ ապրել սովորեցնելը չէ։

Եվ վերջապես՝ կա մի դաս, որն ամփոփում է նախորդ բոլոր դասերը։ Պետության ուժը չափվում է ոչ միայն նրա հայտարարություններով, սահմաններով կամ բանակով, այլ այն վստահությամբ, որով քաղաքացին երեկոյան փակում է իր տան դուռը եւ համոզված է, որ իր ընտանիքն ապահով է։ Շաքիի դեպքը մեզ սովորեցրեց, որ նման վստահություն ունենալ հայ մարդն այլեւս չի կարող։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել

300 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ են սառեցրել Fri, 16 Oct 2026 16:00:02 +0400 Եվրամիության անդամ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով