«Հրապարակ»․ Զինդատախազությունը պարտակեց Չարբախիկի դանակահարության գործը
Sat, 17 Oct 2026 11:15:00 +0400

Չարբախում՝ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվան զբոսայգում, օգոստոսի 10-ին տեղի ունեցած վայրագության վերաբերյալ վարույթը «հաջողությամբ» ավարտվել է: Ակնհայտ հանցավոր արարքը՝ շան դանակահարությունը վկայի աչքի առաջ, 2 ամսից ավելի ծամծմելուց հետո զինվորական քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Մասիս Տեր-Թարխանյանն ի վերջո ջրից չոր դուրս բերեց անպաշտպան թափառող շանը դանակահարողին՝ 29-ամյա պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ Նարեկ Արծրունի Թադեւոսյանին:
Հսկող դատախազ Տիգրան Պետրոսյանն ու քննիչը որոշել են նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել: Պատճառաբանությունը պարզապես ապշեցնում է՝ նա «ծայրահեղ անհրաժեշտությունից» ելնելով է դանակահարել շանը, որն իբր կծել է իրեն: Հետաքրքիր է, որ դեպքի օրը, երբ ահռելի բազմություն է հավաքված եղել արյունահոսող շան կողքը, Աբովյանի բնակիչ Նարեկը հրաժարվել է ցույց տալ իր վերքը: Բայց քննիչին մի հուզիչ պատմություն է ներկայացրել, թե դեպքի օրը ընտանիքի հետ զբոսնելիս «օգտվել են եւ երեխաներին հյուրասիրել նույն այգում առկա դեղձից», իսկ դանակն էլ, պարզվում է, տնից բերել էր հենց «դեղձը կտրատելու նպատակով»: Բայց այստեղ քննիչի լեգենդը քանդվում է` Գորգիսյանի անվան այգում ընդհանրապես դեղձի ծառ չկա: Չկա ու չի էլ եղել: Իսկ քննիչը, որը նույնիսկ այգի էր գնացել՝ դեպքի վայրը դիտելու, չի էլ նայել՝ կա՞ այնտեղ դեղձի ծառ, թե՝ ոչ:
Ականատես վկայի ցուցմունքի համաձայն՝ սերժանտը ծածուկ մոտեցել է շանը, դանակով հարվածել որովայնին, ապա հեռացել: Կարճ ժամանակ անց նա կրկին վերադարձել է եւ այս անգամ նույն դանակով «բացել» շան մեջքը: Թե ինչու է «ինքնապաշտպանվող» անձը երկրորդ անգամ մոտեցել վիրավոր կենդանուն ու նոր, ավելի խոր հարված հասցրել նրան՝ քննիչն այդպես էլ չկարողացավ մեզ բացատրել:
Հիշեցնենք․ խոր վերքեր ստացած կենդանուն մի կերպ հաջողվել էր փրկել կենդանասերների ջանքերով: Այս դեպքի շուրջ մինչ օրս Չարբախում կրքեր են բորբոքվում: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժինը նույն օրը վարույթ էր հարուցել: Գործում առկա էին վկայություններ, տեսանյութեր, արյունահոսող ու բազմակի վերքերով շան լուսանկարները, ինչպես նաեւ՝ անասնաբուժական կլինիկայի փաստաթղթերը:
«Վետ Լայն» կլինիկայի բժշկուհի Գոհար Ազատյանը, որը հետազոտել էր շանը, փաստել է. «Ինչպե՞ս կարող էր այդ շունն ագրեսիվ լինել կամ կծել, եթե անգամ վերքերով, առանց ցավազրկման նա թույլ էր տալիս իրեն դիպչել, չէր կծում, միայն նվնվում էր ցավից»: Բայց քննիչը, չնայած այս բոլոր ապացույցներին, արդարացրեց Թադեւոսյանին: Վերջինս «բժշկի թուղթ» էր ներկայացրել (դատաբժշկական փորձաքննության թիվ 1241 եզրակացությունը), թե իբր շունն իրեն կծել է ու ձախ սրունքին մակերեսային քերծվածք թողել։
Արդյունքում՝ համակարգը սեփական համազգեստավորին պաշտպանեց: Քննիչի որոշման մեջ կա մի քանի ակնհայտ թույլ կետ: Բժշկուհի Գոհար Ազատյանը հստակ արձանագրել է, որ շան որովայնի պատռվածքը եղել է ներթափանցող դեպի որովայնի խոռոչ, եւ մաշկը դիտավորյալ քաշել-պատռել են: Բայց քննիչն իր եզրակացության մեջ սա ձեւակերպել է որպես պարզ «մեկանգամյա համաչափ հարված»: Որոշման 7-րդ էջում սեւով սպիտակի վրա գրված է, որ սերժանտին արդարացնող առանցքային վկան՝ Ռոման Գրիգորյանը, ոչ միայն նրա հարեւանն է, այլեւ նրա հետ համատեղ ծառայում է ՀՀ ՊՆ N 11082 զորամասում: Այսինքն՝ քննիչը որպես անաչառ ցուցմունք է ընդունել ծառայակից ընկերոջ խոսքը, որն ակնհայտորեն «փակում է» ընկերոջ թիկունքը:
Ըստ Նարեկի ցուցմունքի՝ նա դեպքից անմիջապես հետո դանակը նետել է այգու աղբամանը: Որեւէ քննչական փորձարարություն, աղբամանի զննություն կամ հանցագործության գործիքի փնտրտուք քննիչը չի արել: Չկա դանակը, չկան մատնահետքերը, չկա հավելյալ փորձաքննություն: Բնականաբար, կենդանապաշտպանները չեն ընդունում վարույթի արդյունքը:
ՀԳ. Չարբախիկը՝ այդպիսի անուն ունեցավ շունն այս դաժան պատմությունից հետո, լավ է: Ապրում է Երեւանի կացարաններից մեկում: Նրա կեցության համար վճարում է երեւանցի մի կին: Նշենք, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքով հսկող դատախազը Տիգրան Պետրոսյանն է: Դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի վերաբերյալ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը չի աշխատում եւ ծառայում է լավագույն դեպքում իրավապահների ստվերային հարստացմանն ու Եվրոպայի դեմքին թոզ փչելուն:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր