Իրանը պնդում է՝ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները
Wed, 21 Oct 2026 10:20:30 +0400

Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի պայմանները և համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Իրաքի Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չափազանց հստակ և հասկանալի է։ Մենք արդեն ասել ենք՝ քանի դեռ նեղուցի հարցում համաձայնություն կամ փոխըմբռնում չկա, այն բաց չի լինի բոլորի համար։ Ինչո՞ւ է Ամերիկան ընդհանրապես թույլատրում նավերին անցնել այն ջրային ճանապարհով, որտեղ պայմանավորվածությունների բացակայության պատճառով անվտանգության լուրջ խնդիրներ են առաջանում», —ասել է Իրանի գլխավոր դիվանագետը։
Նրա խոսքով՝ նախքան այլ հարցերի շուրջ բանակցություններ սկսելը՝ ԱՄՆ-ը պետք է կատարի Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։
Հավելենք, որ վերջին օրերին մի քանի լցանավ պայթել են՝ առանց իրանական կողմի թույլտվության նեղուցով անցնելիս։ Միայն նախօրեին ԻՀՊԿ-ն հայտնել էր երկու նավի մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր