«Հրապարակ». Եթե 81 տոկոսը չի հասկանում կարդացածը, դա նշանակում է, որ այդքան մարդ նաեվ իր ղեկավարի ասած խոսքը չի հասկանում
Wed, 21 Oct 2026 12:15:16 +0400

Հարցազրույց հրատարակիչ, Անտարես մեդիա հոլդինգի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ
– Հետազոտությունը ցույց է տվել, որ այսօր դպրոցականների գերակշիռ մասը կարդում եւ չի հասկանում։ Նույն վիճակում է հասարակությունը, որ կա՛մ չի կարողանում հասկանալ, կա՛մ չի կարդում: Այս մտավոր ճգնաժամն ավելի աղետաբեր չէ՞, քան պատերազմում պարտվելը․ թող ինձ ներեն մեր սուրբ նահատակները:
– Այս տարվա սեպտեմբերին հրապարակվեցին PISA-ի արդյունքները, որտեղ նշված էր, որ Հայաստանի մինչեւ 15 տարեկան երեխաների 81 տոկոսը տեքստը կա՛մ չի կարողանում կարդալ, կա՛մ կարդում է, բայց չի հասկանում: Դրանից հետո հանրությունը սկսեց քննադատել իշխանությանը, իսկ իշխանությունը սկսեց պաշտպանվել: Հասարակական խորհուրդ կա՝ կրթության նախարարին կից, որտեղ էլ մենք որոշեցինք այդ հարցով զեկույց պատրաստել: Նախարարը զեկուցողն էր, ես համազեկուցողն էի` որպես Գործարարների միության փոխնախագահ. այդպես էի այնտեղ ներկայացված: Ես, որ նախապես ուսումնասիրել էի ամբողջ դաշտը եւ այդ ոլորտին առնչվող մարդկանց բոլոր հարցազրույցները, մի քանի խորհուրդ եմ տվել: Եվ ի՞նչ եմ առաջարկել. հայտարարել հատուկ դրություն, բայց ոչ թե որպես իրավաբանական կատեգորիա, այլ՝ որ հասկանում ենք, որ ճգնաժամի առաջ ենք կանգնած, ավելի շուտ` մեջն ենք: Սա նշանակում է, որ ամբողջ կառավարությունն այս ուղղությամբ պիտի աշխատի: Երկրորդ․ ԿԳՄՍ նախարարին տալ փոխվարչապետի լիազորություններ, որ այս ճգնաժամից դուրս գալու ծրագրերը կարողանա համակարգել ինքը` առանց խնդրողի դերում լինելու ֆինանսների կամ տարածքային կառավարման նախարարից: Երրորդ․ սահմանադրական օրենք ընդունել եւ 20 տարվա պլան նախագծել: Իսկ ինչո՞ւ սահմանադրական օրենք. որպեսզի վաղը հաջորդ իշխանությունը որ գա, չընդհատի այս ռեֆորմը, եւ ստեղծվի մի քանի հոգուց կազմված՝ նախարարին կից խորհուրդ, որը պատասխանատու կլինի այս ռեֆորմի 20 տարվա կատարման համար:
– Մեր հասարակությունն այս վիճակում է, մնում է նոր սերնդի հետ աշխատել, նոր հասարակություն կերտել: Պետությունն էլ պետք է սպասի, մինչեւ խելամիտ մարդկանց ձեռքո՞ւմ հայտնվի:
– Սա հեշտ ռեֆորմ չէ: Իրագործել այն ծրագրերը, որ առաջարկվել են եւ դեռ կառաջարկվեն, թե ինչպես ընթերցանության մակարդակը բարձրացնել, ինչպես մանկավարժներ պատրաստել, ինչպես հանրության մեջ մանկավարժի դիրքը համապատասխանեցնել մեր պատկերացրածին, ինչպես համալրել գրադարանները եւ գրադարանավարներ պատրաստել: Այս ամենը ծրագրերի համալիր է, որը պետք է իրականացվի: Բայց որպեսզի, նորից եմ ասում, մյուս իշխանությունը չգա ու նորից չսկսի, սա պետք է ունենա սահմանադրական օրենքի ուժ: Թող իրավաբաններն ասեն, թե ինչպես է արվելու: Իսկ իմ ծրագիրը, առաջարկը սա էր, որ այս փոփոխությունները պետք է լինեն, որպեսզի մենք կարողանանք այս սարսափելի ծանր վիճակից դուրս գալ: Մենք տարածաշրջանում ամենաթույլիկն ենք, Ադրբեջանը մեզնից ուժեղ է, իսկ Վրաստանում, որ ճշգրիտ գիտեմ, մեկ շնչին ընկնող գնված գրքերի քանակը 14-ն է, այսինքն` 7 հայաստանցուն բաժին է ընկնում 1 գնված գիրք, իսկ 1 վրաստանցուն` 2 գիրք, տարբերությունը 14 անգամ է: Իրանի հետ համեմատության մեջ զիջում ենք, էլ չեմ ասում Թուրքիայի մասին: Չկա շատից-քչից լուրջ երկիր, որ մենք կարողանանք հետը մրցել: Եթե 81 տոկոսը չի հասկանում կարդացածը, դա նշանակում է, որ այդքան մարդ նաեւ իր ղեկավարի ասած խոսքը չի հասկանում եւ կարող է ուրիշ բան անել: Որովհետեւ կան չափումներ, որ այն երկրներում, որտեղ ընթերցանության մակարդակը բարձր է, կառավարման մակարդակը նույնպես բարձր է, իսկ որտեղ կա բարձրաձայն ընթերցանության մշակույթ, էլ ավելի բարձր է:
– Ասացիք, որ խնդիրը բարձրացրել եք կառավարության առաջ, կոնկրետ առաջարկություններով եք հանդես եկել, ի՞նչ արդյունք է ունեցել:
– Երկու զեկույց է եղել, նախարարն իր զեկույցն է կարդացել, ես` իմ: Դրանից հետո քննարկում է եղել, բայց որոշում չի եղել: Որովհետեւ այդ հասարակական խորհուրդն ընդամենը խորհրդակցական ձայն ունի եւ որոշումներ կայացնող չէ, դա պետական մարմինը պիտի կայացնի: Բայց հասարակական խորհրդում այդ բոլոր մտահոգությունները բարձրացված են:
– Հույս ունենա՞նք, որ ինչ-որ արդյունք կլինի:
– Ես այդքան էլ հույս չունեմ, դուք կարող եք հույս ունենալ, իսկ ես մի քիչ լավ եմ ճանաչում մեր հանրությանը: Չեմ կարծում, որ այդքան հեշտ է փոխել, որովհետեւ ամեն մարդ պիտի սկսի իրենից: Բայց այստեղ ի՞նչն է կարեւոր եւ տարբերվող: Երբ իշխանությունը սկսում է որեւէ բարեփոխում իրականացնել, հանրությունը, որպես կանոն, սկսում է դիմադրել: Պետությունը լրատվամիջոցներով, տարբեր օղակներով մեծ գումարներ պիտի ներդնի, որ այդ դիմադրությունը հաղթահարի: Իսկ հիմա շատ լավ վիճակ է, որովհետեւ այդ դիմադրությունը չկա, այսինքն` այդ փողը չես ծախսելու, հանրությունը պատրաստ է այդ ռեֆորմին: Այսօր պիտի սկսես, այսինքն` այսքան պակաս գումար կծախսես, որ դիմադրությունը հաղթահարելու համար պիտի ծախսեիր: Օրինակ, հիշո՞ւմ ենք, որ քառօրյա պատերազմից հետո բանակին գնացող 1000 դրամ էին պահում բոլոր աշխատողներից, եւ հանրությունը լուռումունջ ընդունեց, որովհետեւ հասկանում էր` ինչ վիճակ է, եւ ինչի համար է տալիս: Այսօր նման վիճակ է, հանրությունը հասկանում է, որ խոր ճգնաժամի մեջ է, եւ պատրաստ է գնալ այդ քայլերին: Իշխանությունը պետք է կարողանա այդ հարցը լուծել:
– Դպրոցներում, բուհերում ներդնում են դասագրքերի, գրականության ընթերցանության էլեկտրոնային տարբերակը: Դա որքանո՞վ է արդյունավետ կամ թերի` տպագիրի համեմատ:
– Դանիայում 13 տարի առաջ ամբողջովին անցել էին էլեկտրոնային տարբերակին եւ անցյալ տարի տարբեր չափումների ենթարկելով հասկացան, որ իրենք կորուստ ունեն ընկալման մեջ: Լրացուցիչ հետազոտություններ արեցին ու եկան այն եզրահանգմանը, որ էլեկտրոնային գրքով աշակերտն առնվազն 25 տոկոս պակաս է ընկալում, եւ հիմա ամբողջովին անցել են թղթե դասագրքին: Սա եւս մի փաստ է, որ էլեկտրոնայինը փրկություն չէ: Իսկ ի՞նչ է նշանակում 25 տոկոս, որ ամեն մի չորրորդ էջը, չորրորդ գլուխը, չորրորդ տառը չես կարդում: Դա ցանկացած մարդ կարող է փորձարկել, կարդալ հեռախոսից, հետո կարդալ թղթից ու տեսնել` արդյո՞ք ավելի հասկացավ, թե՝ ոչ: Իսկ դա նշանակում է, որ մեր էլեկտրոնային հաղորդակցությունների 25 տոկոսը մենք չենք ընկալում: Նման բաների վրա պետք է ուշադրություն դարձնել, որովհետեւ փորձում ենք աշխարհից առաջ ընկնել ինչ-որ առումներով, բայց աշխարհն այդ սխալներն արել է, ճանաչել է դրանք եւ այսօր գնում է նրան, որ պիտի ունենա գրադարան, որտեղից կարող են մարդիկ օգտվել անվճար: Գիտելիքը, գիտելիքի աղբյուրը պիտի լինեն անվճար, դա է լավագույն միջոցը: Դա չի նշանակում, որ անվճար է առհասարակ, անվճար` քաղաքացու համար: Քաղաքացին է օգտվում, բայց պետությունը, համայնքն է վճարում:
– Բայց հասարակ քաղաքացին է գիրքը գնում եւ ասում է, որ թանկ է: Այսօրվա հայաստանցու համար գիրքը թա՞նկ է, թե՞ էժան:
– Եկեք նայենք` ինչից է թանկ: Գուցե 1 կգ խոզի մսի գնին հավասար է, բայց 1 կգ տավարի մսից էժան է գիրքը: Էժան է մի շիշ օղուց, էլ չեմ ասում, թե մատնահարդարի ծառայությունից քանի անգամ է էժան: Այսինքն, նախընտրելիության խնդիր է, դու ունե՞ս պահանջմունք, որ գիրք առնես ու կարդաս: Քո անձնական բովանդակության մակարդակի բարձրացումը քեզ ինչքանո՞վ է հուզում, թե՞ քո հանրությունը տուրք է տալիս միայն նրան, թե դու ինչ բրենդի կոշիկ ես հագնում կամ կոստյում, ինչ մեքենա ես վարում եւ ժամացույց կապում: Այսինքն, եթե դու բովանդակությունն անտեսում ես, արտաքին ինչ-որ բաներ գալիս են եւ անբովանդակ միջավայրի տարածմանը հանգում, որն այսօր ունենք Հայաստանում:
– Դուք ներկայացրիք Հայաստանի կրթական ու մտավոր թշվառ վիճակը, բայց տարիներ շարունակ երկրի հաշվին ուսանողներ են գնացել` սովորել արտասահմանյան թանկ բուհերում, նրանք չպե՞տք է գային եւ հզորացնեին մեր մտավոր կարողությունները:
– Ուզում եմ երեւի թե մի քիչ փնովել մեր էլիտային: Սա չի վերաբերում միայն մեր այսօրվա իշխանությանը, սա վերաբերում է վերջին 30 տարվա էլիտաներին: Հայաստանի իշխանավորը, իմանալով, որ Հայաստանն ունի ինչ-որ քվոտաներ աշխարհի բուհերում, այնպես էր անում, որ իր երեխան հայտնվում էր այդ բուհերում, որի համար հիմնականում վճարում էր Հայաստանը: Այսինքն` Հայաստանի հաշվին իրենց երեխաները գնում շարունակում էին իրենց ուսումն այդ բուհերում, եւ նրանց մեծամասնությունը մնում էր դրսում: Սա ի՞նչ է նշանակում․ որ Հայաստանի իշխանավորը չէր հավատում մեր կրթական համակարգին, անգամ խնդիր չէր դնում՝ այդ համակարգը խելքի բերելու, որովհետեւ իր երեխու համար ճանապարհը գտել էր` ժողովրդի հաշվին կրթելու, դեռ մի բան էլ թալանելու այս ժողովրդին: Որովհետեւ, եթե իր երեխան վերադառնար եւ ինչ-որ մի բան աներ այս հանրության համար, դա կլիներ փոխհատուցում, բայց չի արել, գնացել է ու մնացել դրսում: Փաստորեն, Հայաստանի էլիտաներն իրենց պահել են ճիշտ այնպես, ինչպես «էլիտա» հասկացությունը սահմանում էր Նորավանքի քահանան: Ասում էր` Արմեն, գիտե՞ս էլիտան ինչ է: Ասում էի` երեւի գիտեմ: Ասում էր` չէ, դու չգիտես, էլիտան այն մարդիկ են, ովքեր ուզում են, որ պետությունն իրենց էլի՛ տա, էլի՛ տա ու էլի՛ տա:
– Հայի տականքն ինչո՞վ է տարբերվում մյուս ազգերի տականքից:
– Ղազախստանի նախկին դեսպաններից մեկը, որի անունը չեմ տա, մի օր ասաց` պարոն Արմեն, գիտե՞ք, թե մեր տականքը ձեր տականքից ինչով է տարբերվում: Ասացի` չէ, բայց արդեն հետաքրքիր է: Ասաց` երբ նայում ես մեր տականքի դեմքին, երեւում է, որ տականք է, իսկ ձեր տականքը դուրս է գալիս թանկարժեք մեքենայից՝ «Արմանի» կոստյումով, խնչում է եւ քսում ծառին: Սա ներքինի եւ արտաքինի հարաբերակցության խնդիրն է, այսինքն, որն է կարեւոր՝ բովանդակությո՞ւնը, թե՞ ձեւը: Մենք ընտրել ենք ձեւը, վաղուց ենք ընտրել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր