Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հոկտեմբեր» կինոթատրոնին․ քրեական մեղադրանք Ղուկասյանին և նոր սեփականատերերի ծրագրերը
Thu, 22 Oct 2026 13:45:06 +0400

Երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվեց նոր քրեական մեղադրանք, որպես խափանման միջոց կիրառվեց երկրից չբացակայելու արգելքը։ Մեղադրանքը վերաբերում է նրա պաշտոնավարման տարիներին պաշտոնեական դիրքի չարաշահմանը և համայնքային սեփականություն հանդիսացող արժեքավոր գույքերի ու պատմամշակութային տարածքների՝ ապօրինի կամ չնչին գներով օտարման գործարքներին։
Այս իրադարձությունների ֆոնին կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Գյումրու ամենահայտնի խորհրդանիշներից մեկի՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի աղմկահարույց պատմությունն ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները։
1926 թվականին նախագծված և Գյումրու ճարտարապետական դեմքը ձևավորող այս պատմական շենքը տասնամյակներ շարունակ եղել է քաղաքի միակ գործող կինոթատրոնը։ 2003 թվականին, Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք, Գյումրու ավագանու որոշմամբ համայնքային այս արժեքավոր գույքն օտարվեց «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին։ Գործարքն իրականացվել էր շուկայականից անհամեմատ ցածր գնով, ինչն էլ պատճառ է դարձել, որ իրավապահ մարմինները քննության առարկա դարձնեն և Ղուկասյանին նոր մեղադրանք առաջադրեն։
Ինչևէ, նշենք, սակայն, որ 2023 թվականին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը վաճառեց նոր սեփականատերերի։ Ըստ մամուլի հրապարակումների՝ գնորդները Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն ու նրա բիզնես-գործընկեր, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն են։
Այս վաճառքից հետո համացանցում և սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ։ Նոր սեփականատիրոջ կողմից շենքը փակելուց հետո լուրեր տարածվեցին, որ պատմական կինոթատրոնը ցանկանում են վերածել առևտրի ու ժամանցի կոմերցիոն կենտրոնի կամ հյուրանոցի։ Գյումրեցիներն ու մշակութային գործիչները ֆեյսբուքյան հարթակներում ու լրատվամիջոցներով դժգոհությունն արտահայտեցին՝ պահանջելով, որ քաղաքի միակ կինոթատրոնը չկորցնի իր մշակութային նշանակությունն ու դիմագիծը։
Բարձրացված աղմուկից և հանրային արձագանքից հետո նոր ղեկավարությունը հանդես եկավ հավաստիացումներով, որ շենքի կինոդիտման հիմնական գործառույթը պահպանվելու է։ Վերանորոգման աշխատանքներից հետո կինոթատրոնը վերաբացվեց, սակայն պարզվում է, որ դրա չարաշահումներով սեփականաշնորհման պատմությունը դեռ չի ավարտվել։Ուշագրավ է, որ չնայած «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքն արդեն ունի նոր սեփականատերեր, անցել է մի քանի ձեռքով և տարիների ընթացքում կինոթատրոնի շուրջ նորանոր խնդիրներ ու աղմուկ են ի հայտ եկել (այդ թվում՝ կոմերցիոն նպատակներով օգտագործելու և մշակութային դիմագիծը փոխելու փորձերի հետ կապված), գործող իշխանությունները հանկարծ հիշել են տարիներ առաջ տեղի ունեցած ամենաառաջին՝ սկզբնական օտարման գործընթացը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվում միայն տարիներ առաջվա առաջին գործարքը, մինչդեռ դրան հաջորդած վաճառքներն ու ներկայիս սեփականատերերի հետ կապված խնդրահարույց զարգացումները կարծես թե մնում են ստվերում։
Ի դեպ, Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը վերածվել էր «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական շտաբի, որն աշխատում էր ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի համար։ Գաղտնիք չէ, որ նոր սեփականատերը՝ Արման Սահակյանը, Սարիկ Մինասյանի ընկերն է և, տարածք տրամադրելով, առնվազն այս կերպ սատարում էր իր մտերիմ ընկերոջն ու իշխանության թեկնածուին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր