«Հրապարակ»․ Երկիրը կառավարում է մեյլով, ֆեյսբուքի չատերով, աշխատանքից ազատում` SMS-ներով
Fri, 23 Oct 2026 10:45:08 +0400

Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադարձել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին։ Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել էր, որ պետք է թույլ չտալ, որ ժողովրդավարությունն օգտագործելու միջոցով Հայաստանում հաստատվի հակաժողովրդավարություն, եւ առաջարկել էր բոլոր ճնշումների մասին անձամբ իրեն տեղեկացնել: Դրա հաջորդ օրը Ստեփանավանում ընդդիմադիր ուժի 14 ներկայացուցիչ ձերբակալվեց` ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով: Մի տեսանյութ հրապարակեցին, որն իրականացրել են գաղտնի տեսախցիկով` մարդիկ ինչ-որ փող են հաշվում, ցուցակներով ստուգում: Երկրում վախի եւ շանտաժի մթնոլորտն ավելի է խտանում, ինչի արդյունքում ընդդիմադիր կուսակցությունները պասիվ են` չեն առաջադրվում, առաջադրվողներն էլ բանտում են հայտնվում:
Փաշինյանը ոչ միայն կոչ էր արել ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին կամ ընտրողներին, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, դիմեն ուղիղ իրեն` nikolpashinyan@gmail.com էլփոստի հասցեով, այլեւ խոստացել էր ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյայի հրապարակային պատժել։ Ասել էր. «Թեմայի առնչությամբ 3 նամակ եմ ստացել։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկն իր հրապարակային ելույթն էր ուղարկել, որում ինչ-որ ահազանգերի մասին էր բարձրաձայնել, մասնավորապես՝ մարդկանց քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատելու։ Տեսչական մարմնին հանձնարարել եմ շտապ կարգով ստուգել եւ տեղեկություն տրամադրել։ Մեկ տեսանյութ էլ եմ ստացել, որում մի երեխա քարոզչական ելույթ էր ունենում, այդ նյութն ուղարկել եմ Հակակոռուպցիոն կոմիտե։ Նաեւ ստացել եմ մեկ նամակ, որի միջոցով քաղաքացին հայտնել էր մեր վարած քաղաքականությանն աջակցելու մասին՝ հավելելով, որ քաղաքապետի վատ թեկնածու ենք առաջադրել»։ Փաշինյանը փորձել էր ներկայացնել, թե անլուրջ ու չապացուցվող ահազանգեր են դրանք։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում է իշխանության ապօրինի գործողություններին: «Հրապարակի» հետ զրույցում խոսելով ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ի ապօրինի գործողությունների մասին՝ նա նկատեց. «Ցավոք, իշխանության գործելաոճը նախընտրական փուլերում մեզ համար նորություն չէ: Դեռ 2021-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենք ապօրինությունների ականատես եղել, եւ հիմա էլ մեծ եւ փոքր ապօրինությունները շարունակվում են, շարունակվում են նաեւ խուլիգանական դրսեւորումները, մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելու դրվագները, «բացատրական աշխատանքները» եւ այլն: Այս ամենին զուգահեռ, շարունակվում է նաեւ ընդդիմադիր ուժերի նախընտրական պաստառները պոկելու, փչացնելու էժանագին գործընթացը: Մեր թիմակիցների համար այս ամենը սպասելի է, իհարկե` խոչընդոտ է, սակայն զարմանալի չէ: Մենք չենք ունեցել պատրանք, որ այս իշխանության հետ արդար եւ ազատ ընտրապայքարի մեջ ենք լինելու: Այդ ամենը գիտակցելով՝ մենք ընտրապայքարի մեջ ենք մտել, ունենք այն, ինչ ունենք, սա է մեր երկրի իշխանությունը: Մեր թիմն ամուր է, հուսանք, որ ընտրություններից հետո արձանագրած արդյունքները մեզ հաջողությունների կբերեն, եւ մենք մեր քայլերով կնպաստենք իշխանական թիմի հեռացմանը»:
Մեսրոպ Առաքելյանը նաեւ անդրադարձավ Փաշինյանի գրառումներին, զուգահեռներ տանելով դրանց եւ իրականության միջեւ. «Փաշինյանի գործողությունների տրամաբանությունն անմեկնաբանելի է, բայց երբ երկրի ղեկավարը մեյլ է գրում եւ պնդում, որ մարդիկ այդ մեյլին ինչ-որ խնդիրների մասին նամակներ ուղարկեն, դա նշանակում է, որ երկրում պետական ինստիտուտները չեն աշխատում, իսկ Փաշինյանը փաստում է, որ Հայաստանում չկա ապօրինի համակարգ: Եթե ապօրինություն է տեղի ունենում, դրա համար կան իրավապահներ, բայց այս մարդը կոչ է անում իր մեյլին ուղարկել այդ ամենը: Այսինքն` Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմինների գործառույթը, խախտելով սահմանադրական կարգը, վերագրում է իրեն: Նա ամբողջ պետական համակարգն է այդ մակարդակին հասցրել: Երկիրը կառավարում են մեյլով, ֆեյսբուքյան չատերով, իրավապահներին աշխատանքից ազատում է Վոթսափի SMS-ի միջոցով: Սա այս մարդու վերաբերմունքն է պետական ինստիտուտների նկատմամբ, իսկ բովանդակային առումով այս ամենը նրա մասին է, որ ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարի, որ ոչ մի խնդիր չկա, եթե խնդիր կար, ինչո՞ւ չեք դիմել…. հերթական քարոզչական տրյուկն է սա: Էժանագին շոու է սա, որը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ: Ընտրողների շրջանում էլ մեծ վարչական ռեսուրսներ են կիրառվում, ինչպես միշտ: Բնակիչների ճնշող մեծամասնությունը կամ իրենք են պետական կառույցներում աշխատում, կամ իրենց հարազատները, բարեկամները եւ մարդկանց այդ ձեւով ճնշում են: Արթիկում վերջերս համայնքապետն իբր բնակիչների հետ հանդիպում էր ունեցել, մենք տեղեկացանք, որ բացառապես դպրոցի ուսուցիչներ են համայնքի ղեկավարի հետ հանդիպել։ Ի՞նչ է սա նշանակում․ նշանակում է, որ վարչական ռեսուրսի տոտալ կիրառում է տեղի ունենում, մարդկանց ստիպողաբար հանդիպումների են տանում եւ հանրությանը ցույց տալիս, թե մարդիկ ինքնակամ եկել են իրենց հետ հանդիպման»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր