Ընդդիմությունը պետք է հենվի հետեւյալ իրողությունների վրա
Mon, 26 Oct 2026 12:45:42 +0400

Ինչ խոսք, ՏԻՄ ընտրությունների արդյունքներով փաշինյանական իշխանությունը սեփական քաղաքականությունից ցուցադրական (և սա կարևոր է) հիացմունքի մեջ է, քանի որ այդ քաղաքականությունն ուղղված է հասարակության մեջ այլակարծության ցանկացած դրսևորման իսպառ ոչնչացմանը։
Ժողովրդավարության, եղբայրության և սիրո խոստումների ալիքի վրա իշխանության գալով՝ Փաշինյանն ու նրա համախոհները 2018 թվականից մինչև 2026 թվականի աշունը երկիրը վերածեցին «ուրախ համակենտրոնացման ճամբարի», որտեղ հիմնական տոնը տալիս է քաղաքական թուրքամետների կրկեսը։
Միայն այսպես կարելի է բնութագրել այն անօրինականություններն ու ամենաթողությունը, որոնց ականատեսն ենք մեր երկրում վերջին տարիներին։
ՏԻՄ ընտրությունների արդյունքներով կարելի է արձանագրել, որ երկրում այլակարծության ցանկացած դրսևորում արմատախիլ անելը համակարգային բնույթ է ստացել։ Միայն պատկերացրեք՝ ցանկացած, կրկնում եմ՝ ցանկացած ընդդիմադիր թեկնածու կամ քաղաքական ուժ, որը համաձայն չէ Փաշինյանի վարած հակապետական և հակահայկական քաղաքականությանը, հայտնվում է ճաղերի հետևում։
Կարելի է անել հետևյալ եզրակացությունները։
Առաջին։ Սկզբնական փուլում Փաշինյանը շանտաժի կենթարկի խորհրդարանական ընդդիմությանը՝ հայտարարելով, որ ստեղծված պայմաններում վերջինս որևէ հնարավորություն չունի կրկնելու 2027 թվականի գարնանը կայացած ընտրությունների արդյունքները, և որ ավելի լավ է համաձայնի «արևմտյան ադրբեջանի» սահմանադրության ընդունմանը, ինչը, ըստ էության, կնշանակի ընդդիմության՝ որպես այդպիսին, լիակատար ոչնչացում։
Երկրորդ։ Եթե ընդդիմությունը հրաժարվի հավատարմության երդում տալ Փաշինյանին, այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմին, ապա կհետևեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ նախընտրական արշավի ընթացքում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը տասնապատիկ ավելի մեծ ճնշումների կենթարկվի, քան այն ճնշումները, որոնց ականատեսն էինք նախորդ ընտրությունների ժամանակ։
Երրորդ։ Ընդդիմությունը պետք է գիտակցի մի քանի սկզբունքային հանգամանք։
• Եվրոպային և ԱՄՆ-ին, դատելով ամենից, բացարձակապես չի մտահոգում Հայաստանում ժողովրդավարական մեխանիզմների ոչնչացումը։ Նույնիսկ եթե Փաշինյանը նախաձեռնի անհամաձայնություն հայտնողների զանգվածային գնդակահարություններ փողոցներում, արևմտյան ժողովրդավարությունները, հավանաբար, պարզապես «չեն նկատի» դա։
• Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը Փաշինյանն ու նրա թուրք-ադրբեջանական տերերը դիտարկում են որպես վա-բանկ խաղ։ Ազգային և պետական շահերով առաջնորդվող ուժերը պետք է հաշվի առնեն Փաշինյանի իշխանության վճռականությունը՝ սեփական իշխանությունը պահպանելու համար մինչև վերջ գնալու հարցում։
Հետևաբար, ստեղծված պայմաններում ընդդիմությունը պետք է, ավելի ճիշտ՝ պարտավոր է, օրենքի և Սահմանադրության շրջանակներում մշակել արդյունավետ հակազդման միջոցներ՝ Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով իշխանության յուրացմանը հակազդելու համար։
Եվ ամենակարևորը՝ ընդդիմությունը պետք է հենվի հետևյալ իրողությունների վրա։
• ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում երկրում առկա իրական քաղաքական պատկերը։ Հայաստանի ընտրողների առնվազն կեսից ավելին կտրականապես համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ։
• Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը համաձայն չէ երկիրը «Ադրբեջանի» լոգիստիկ կցորդի վերածելու հետ՝ հանուն, այսպես կոչված, շինծու «խաղաղության» հաստատման։
• Հայաստանի բնակչության կեսից ավելին դեմ է երկրի Սահմանադրությունը թուրքամետ «մահվան վկայականի» վերածելուն, որը կնշանակի Հայաստանի Հանրապետության կործանում։
• Հայերի բացարձակ մեծամասնությունը դեմ է իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին։
• Հայերի բացարձակ մեծամասնությունը ցանկանում է պահպանել Հայաստանը և միաժամանակ մնալ հայ։
Հենց սա է ընդդիմության առանցքային՝ հիմնարար ռեսուրսը։
Մտածե՛ք, պարոնա՛յք։
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր