«Հրապարակ». ԵՊՀ դասախոսներ են ձերբակալվել
Wed, 28 Oct 2026 10:00:27 +0400

Երեկ տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 4 անձ է ձերբակալել, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանի երկու ամբիոնի վարիչների՝ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանին եւ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ասել էին, որ նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար: Մենք տեղեկացել էինք, որ ձերբակալությունը կատարվել է ցուցադրաբար՝ ուսանողների ու դասախոսների աչքի առաջ։
Հիշեցնենք նաեւ, որ սահմանադրագետ Վարդան Այվազյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր Սուրեն Պետրոսյանի «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ցուցակով: Նա զբաղեցնում էր ցուցակի երկրորդ համարը: Թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը, մեզ դեռեւս հայտնի չէ, միայն նշենք, որ Վարդան Այվազյանը բավականին խիստ քննադատում էր իշխանություններին, իսկ Էդիկ Մինասյանը ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։
Մենք խնդրեցինք Սուրեն Պետրոսյանին՝ մեկնաբանել տեղի ունեցածը։ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Վարդան Այվազյանի ձերբակալությանն ու նրան ուղղված մեղադրանքին՝ նա ասաց. «Ես քաղաքում չէի, մանրամասներին չեմ տիրապետում, բայց ես Վարդան Այվազյանին ոչ միայն որպես մեր երկրորդ համար եմ ճանաչում, այլեւ նա իմ ընկերն է: Նա ունի բարձր մարդկային եւ մասնագիտական որակներ: Վստահ եմ, որ սա կեղծ, շինծու գործ է, բացառված է, որ Վարդան Այվազյանը կաշառք վերցրած լինի: Բացառում եմ դա: Նա ունի բարձր որակներ»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր