Գեղամյանն ասում էր՝ եթե Նիկոլին մատով կպնեի, օրթոպեդիկում կլիներ
Thu, 29 Oct 2026 19:45:03 +0400

Լևոն Զուրաբյանը հիշեցնում է, թե ինչպես էր Արտաշես Գեղամյանը քոթակել Նիկոլ Փաշինյանին։ Մանրամասները չի նշում, բայց ես հիշեցնեմ։
2017 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի միջանցքում Նիկոլ Փաշինյանն ու Արտաշես Գեղամյանը բախվում են իրար։ Կոնֆլիկտի նախապատմությունը սկսվել էր ԱԺ նիստերի դահլիճից։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հեգնել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանին։
Նիստից հետո պատգամավորները դուրս են գալիս միջանցք, խոսակցությունը թեժանում է ու վերածվում քաշքշուկի։ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անմիջապես գրում է, թե Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, և հավելում․ «Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով»։
Գեղամյանը կտրականապես հերքել էր ծեծկռտուքի կամ բռունցքներով հարձակվելու փաստը։ Հայտարարել, որ ընդամենը տղամարդկային խոսակցություն է եղել, ապա հեգնանքով ավելացրել․ «Եթե միջադեպ լիներ, դիմացինս օրթոպեդիկ հիվանդանոցում կհայտնվեր»։
Ակնարկը հասկանալի էր․ Գեղամյանը հիշեցնում էր իր ֆիզիկական տվյալներն ու բռնցքամարտի անցյալը։ Մոտիկ շրջապատում Գեղամյանն ասում էր, որ եթե մատով կպնեի, Նիկոլը օրթոպեդիկում կլիներ։
Անցել է ինը տարի։
2026 թվականն է։ Ազգային ժողովում էլի քաշքշուկ, ծեծ։ Նիկոլի թիմակիցներն ու ընդդիմությունը՝ իր անուղղակի մասնակցությամբ։ Այս անգամ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» անվանմանը և սոցիալական էջում գրել․ «Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ. Փաստորեն չէ»։
Նույն Նիկոլն է։ Գեղամյանին ինքն է ծեծել ։ ՔՊ իր թիմին էլ ողջունում է, որ լավ ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ին։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին օրը, ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի իր ելույթում էլ ասաց․ «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։ Մարդը ասել ու անում է։ Ինքը իրեն երբեք ծեծված չի համարում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր