Պիտի խստացնենք 30․000 տուգանքը. Ավինյան
Mon, 02 Nov 2026 11:26:44 +0400

Մեր նախորդ շրջայցին տեսանք, որ մենք մեծ քանակի շինաղբի խնդիր ունենք մեր աղբամանների մեջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ կոնկրետ մի դեպքում Բաղրամյան պողոտայում տեսախցիկներով պարզել են, թե ովքեր են այդ շինաղբը լցրել աղբամանի մեջ, և այդ մարդիկ տուգանվել են. «Սա նշանակում է, որ մենք հնարավորությունը ունենք արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում և աղբամանի մեջ լցնում իրենց շինաղբը, որը արգելված է։ Կարծում եմ՝ սրանից հետո իրավախախտումների նոր կազմակերպվող միավորը պետք է արձանագրի այս տեսակ խախտումներ: Այս պրոցեսը կարծում եմ՝ նաև կարելի է որոշ չափով ավտոմատացնել: 30,000 դրամի տուգանք էր, բայց կարծում եմ՝ նաև տուգանքների չափով կարելի է որոշակի խստացման գնալ, որովհետև իրականում սա շատ համատարած երևույթ է և պետք է պայքարել այդ երևույթի դեմ»,–ասաց նա։
Ավինյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա ինչ–որ մի ամսից սկսած սկսելու են նաև շինաղբի հավաքման համար որոշակի տարաներ թողնել։ Արդեն 50 հատ նման տարա գնվել է, ևս 50–ը կգնվի։
«Այսինքն Երևանում 100 տեղ մենք ունենալու ենք շինաղբ տեղափոխելու համար նախատեսված հատուկ տարաներ»,–ասաց Ավինյանը՝ հավելելով, որ դա որոշակի վճարում է ենթադրելու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր