Ոստիկանները որոշել են միանա՞լ ցույցերին
Sat, 07 Nov 2026 20:08:48 +0400

Իտալիայում կառավարության դեմ նախատեսվող բողոքի գործողություններին կարող են միանալ նաև երկրի ոստիկանության աշխատակիցները։ Նրանց դժգոհության պատճառը իրավապահ համակարգի ներկայացուցիչների սոցիալական երաշխիքների, մասնավորապես՝ կենսաթոշակային արտոնությունների հարցում իշխանությունների ստանձնած պարտավորությունների չկատարումն է։
Ինչպես գրում է իտալական Repubblica պարբերականը, ոստիկանները պահանջում են ապահովել իրենց համար ավելի բարձր կենսաթոշակներ և հատուկ արտոնություններ՝ համաձայն կառավարության ավելի վաղ տված խոստումների։
Իրավապահների դժգոհությունը խորացել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի հրապարակումից հետո։ Նրանց ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ փաստաթղթում նախատեսված չէ ուժային կառույցների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար առանձին կենսաթոշակային համակարգի ֆինանսավորում։ Ըստ ոստիկանների՝ այդ հարցի կարգավորումը նախկինում ներկայացվել էր որպես կառավարության պարտավորություն։
Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանության ներկայացուցիչները որոշել են իրենց բողոքն արտահայտել նոյեմբերի 20-ին նախատեսված համազգային գործադուլի ընթացքում։ Նրանք մտադիր են մասնակցել այդ օրվա ցույցերին՝ արդեն ոչ թե որպես հասարակական կարգի պահպանողներ, այլ որպես սեփական պահանջները ներկայացնող ցուցարարներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր