Մի խաբվեք
Tue, 17 Nov 2026 09:00:51 +0400

Եթե կարծում եք, թե Մասիս Մելքոնյանին պատժելու փորձերը պայմանավորված են նրանով, որ իշխանությունն ուզում է՝ երկրում արդարադատություն աշխատի, դատական համակարգում ապօրինի որոշումներ կայացնող դատավորներ չլինեն, չարաչար սխալվում եք։ Այս վարույթները հարուցվում են բոլոր դատավորների վախը բռնելու նպատակով։ Դատավորները, լսելով, որ Մասիսի դեմ վարույթ են հարուցել, չեն մտածելու՝ Մասիս, բա քեզ պե՞տք էր անունդ այդպես արատավորել, այլ մտածելու են՝ երեւի մի տեղ թերացել է վերադասի հրամանները կատարելիս՝ պատժում են։
Եթե կարծում եք, որ Սամվել Ալեքսանյանի «Մեգամոլի» նկատմամբ հարուցված վարույթը՝ հողի աճուրդի խախտումների հետ կապված, պայմանավորված է նրանով, որ առհասարակ բոլոր ապօրինությունների դեմ է այս իշխանությունը պայքարում, անկախ նրանից՝ սեփականատերը յուրային է, թե հակառակորդ, նորից սխալվում եք։ Սա կարող է մի կողմից առանց խտրականության օրենքը կիրառելու իմիտացիա ստեղծելուն միտված լինել, մյուս կողմից՝ գուցե ստիպում են, որ Լֆիկը լրացուցիչ «մուծվի», կամ վախեցնում են, որ «գծից չշեղվի»։ Եթե կարծում եք, որ Փաշինյանն Անթալիայից Դուբլին բանան էր տանում, որովհետեւ ձեզ նման ամեն օր չէ, որ բանան է ուտում, կրկին սխալվում եք․ նա ամենաթանկ եւ որակյալ սնունդն է ընդունում եւ ըստ պահանջի ապրում։ Եթե կարծում եք, թե Սպիտակի գործող քաղաքապետին ուզում են ընտրություններից հեռացնել, քանի որ նա պաշտոնը չարաշահել է, եւ վերին իշխանության համար միեւնույն է․ ով որ խախտում կատարի՝ սեփական թիմակիցը, թե ընդդիմադիր հայացքներով որեւէ համայնքապետ, պատժելու են, էլի սխալվում եք։ Այս քաղաքապետին ավելի հնազանդ ու յուրային մեկով կփոխարինեն։ Առհասարակ՝ մոռացեք, որ ինչ-որ անաչառ ու օբյեկտիվ բան կարող են սրանք անել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր