Զոհվածների ծնողներին պառակտել են, անցել են անհետ կորածների ծնողներին
Wed, 18 Nov 2026 20:47:23 +0400

Մենք ավելի վաղ գրել էինք, որ նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացվելու է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն եւ համագործակցություն» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել են Անվտանգության խորհրդի գրասենյակը, ԱԳՆ-ն եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Համաժողովին ելույթ են ունենալու Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, ՄԻՊ-ը, արդարադատության փոխնախարարը, աշխարհի տարբեր երկրներում անհետ կորածների հարազատներ:
Անհայտ կորածների ծնողներից մեկը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել պառակտել անհայտ կորածների ծնողներին: Իշխանություններին արդեն իսկ հաջողվել է պառակտել զոհվածների ծնողներին` «Որդիների կանչ» ՀԿ-ն որը ժամանակին շատ ակտիվ էր, ակցիաներ էր կազմակերպում, այսօր ակտիվ չէ: Հիմա հերթը անհայտ կորած զինվորների ծնողներինն է: Մեզ պատմեցին, որ անգամ ամենակտրուկ, և ընդդիմադիր ծնողներին իշխանությանը հաջողվել է լռեցնել: Ծնողներից ոմանք ենթադրում են, որ նրանցից մի քանիսին ինչ-որ բան են իշխանավորները խոստացել, այդ պատճառով էլ իրենց վերաբերմունքը կտրուկ փոխել են իշխանության հանդեպ: Մեր աղբյուրն ասում է, որ ծնողներին ներշնչել են, որ եթե քննադատեք իշխանությանը, ձեր որդիների հարցը չի լուծվի, սակայն թե ինչ հարցի լուծման մասին է խոսքը, պարզ չէ:
Ի դեպ, 19-ի համաժողովից առաջ` այսօր` նոյեմբերի 18-ին ծնողներից մի քանիսը հանդիպել են ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հետ, եւ որոշ հարցեր քննարկել: Ըստ ամենայնի, ամեն ինչ արել են, որ ծնողները չդժգոհեն եւ «չհարամեն» իրենց կոնֆերանսը, որին ընդամենը 5 ծնողի են թույլատրել մասնակցի` այն էլ ցուցակը ԱԱԾ-ի հետ համաձայնեցնելուց հետո:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր