«Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ
Sat, 21 Nov 2026 08:20:42 +0400

Երեկ տեղեկացանք, որ, վարչապետի որոշմամբ, Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ։
Վերջին մի քանի տարիների ընթացքում սա արդեն երրորդ նշանակումն է այդ պաշտոնում։ Իսկ ՄՍԾ-ն մինի նախարարություն է, որը մեծ թվով սպառողների շահերին է առնչվում եւ կարեւոր գործառույթներ ունի: Սակայն այս նշանակումն ուշագրավ է մեկ այլ տեսանկյունից՝ իշխանությունների կողմից նախկին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց դեմ ծավալված պայքարի քաղաքական համատեքստում։
Բանն այն է, որ Արամ Միրիջանյանը Գագիկ Միրիջանյանի հորեղբորորդին է եւ Մուշեղ Միրիջանյանի եղբորորդին։ 2018 թվականին Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի քվոտայով նշանակվել էր Արմավիրի մարզպետ, սակայն պաշտոնավարումը երկար չտեւեց․ կարճ ժամանակ անց նա հրաժարականի դիմում ներկայացրեց եւ հեռացավ պաշտոնից։
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ մեղադրանք է առաջադրվել ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի եւ նրա որդու՝ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի նկատմամբ։ Վերջին տարիներին Գագիկ Միրիջանյանը բնակվում է ԱՄՆ-ում եւ, ըստ մեր տեղեկությունների, Հայաստան չի վերադառնում գուցե հենց քրեական վարույթի պատճառով։ Այս ֆոնին նրա հորեղբորորդու՝ Արամ Միրիջանյանի նշանակումը պետական կարեւոր կառույցի ղեկավարի պաշտոնում՝ առնվազն ուշագրավ է։ Հատկապես այն պարագայում, երբ իշխանությունները հետեւողականորեն հայտարարում են նախկինների եւ նրանց ազդեցության դեմ պայքարի մասին։ Ստացվում է՝ նախկին պաշտոնյաների հետ կապերը մի դեպքում կարող են դառնալ քաղաքական քննադատության առարկա, մյուս դեպքում՝ ամենեւին չխանգարել պետական բարձր պաշտոնում նշանակվելուն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր