Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ

Mon, 23 Nov 2026 11:50:31 +0400


ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ
Սա հատված է ՔՊ-ի սահմանադրության նախագծի նախաբանից. «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:
Այս նախադասության հեղինակը ոչ թե իրավաբան է, այլ բլոգեր կամ միջակ լրագրող։ Սահմանադրության նախաբանն ունի հստակ ոճաբանական կանոններ. այն պետք է լինի վեհ, հանդիսավոր, սեղմ և հռչակագրային։
Վստահ եմ` այս նախադասությունը տեքստի մեջ զոռով (բուլդոզերով) մտցրել է ՔՊ-ի պարագլուխը: Այն չունի սահմանադրության տեքստին բնորոշ մոնումենտալություն և պատմաիրավական կշիռ։

Սահմանադրության առանցքային էությունը իշխանության սահմանափակումն է և մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը։ Այս նախադասության մեջ ընդհանրապես բացակայում են մարդը, նրա իրավունքները, ազատությունները և իշխանության բաժանումը։
«Ներքին և արտաքին հարաբերություններ» ձևակերպումը չափազանց ընդարձակ է և անորոշ։ Ներքին հարաբերություններ են նաև քաղաքացիաիրավական, ընտանեկան կամ աշխատանքային հարաբերությունները, որոնք Սահմանադրության անմիջական առարկան չեն։ Բացի այդ, Սահմանադրությունը սահմանում է ոչ միայն սկզբունքներ, այլև կոնկրետ նորմեր, ինստիտուտներ և լիազորություններ։
«Հավաքական պայմանավորվածություն» եզրույթով փորձ է արվում արտացոլել Ժ.-Ժ. Ռուսոյի, Ջ. Լոքի և Թ. Հոբսի «հասարակական դաշինքի» դասական տեսությունը, ըստ որի՝ պետությունն ու իրավակարգը ձևավորվում են քաղաքացիների կամքի համընկնման արդյունքում։ Մի՞թե այս տեքստը գրող իրավաբանները չգիտեն, որ սահմանադրական իրավունքում կիրառվում է հասարակական դաշինք կամ համաձայնություն հասկացությունը, այլ ոչ թե պայմանավորվածություն։ Թե՞ սա էլ է ՔՊ-ի պարագլուխը բուլդոզերել։ Պայմանավորվածություն բառը կենցաղային, իրավիճակային կամ քաղաքական գործարքի իմաստներով է օգտագործվում։ Մինչդեռ սահմանադրությունը ընթացիկ ու պարզ պայմանավորվածություն չէ, այն ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունն է։
Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ։

Արա Սահակյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ոմանք կդառնան ավելի հնազանդ, իսկ թասիբ ունեցողները չեն աշխատի

«Հրապարակ». Ոմանք կդառնան ավելի հնազանդ, իսկ թասիբ ունեցողները չեն աշխատի Wed, 25 Nov 2026 11:15:22 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով