Ո՞վ է գրել նախագիծը․ «խառը աշխատած բան է». Դանիել Իոաննիսյան
Tue, 24 Nov 2026 15:15:07 +0400

Երեկ հրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը, որի նախաբանում բացակայում է հղումը Անկախության հռչակագրին, բայց նաեւ բազում այլ փոփոխություններ են առաջարկվում, որոնք ակնհայտ հետընթաց են նշանակում ժողովրդավարության նորմերից եւ սուպերվարչապետական լիազորությունների էլ ավելի ընդլայնում։ Նույնիսկ դրոշի գույների ու զինանշանի պատկերների նկարագրություններն են հանվել, դրանց սահմանումը նախատեսվում է օրենքով իրականացնել, որ ցանկացած բան կարողանան անցկացնել։ Նախագծով նախատեսվում է նաև, որ բոլոր դատավորները միանգամից համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ եւ պետք է մեկանգամյա վերագնահատում՝ վեթինգ անցնեն, նոր նշանակվեն դատավոր։ Իշխանությունը փորձում է ներկայացնել, որ այս նախագիծն ընդունվելու պարագայում վերջնականապես խաղաղություն կհաստատվի մեր երկրում, քանի որ Ադրբեջանի պահանջը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։ Հանրության ընդդիմադիր հատվածը սա համարում է ալիեւյան Սահմանադրություն եւ վստահ է, որ Ադրբեջանի պահանջները սրանով չեն սահմանափակվելու։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ հայտնի չէ, թե ով է այս նախագիծը կազմել, ովքեր են աշխատել Սահմանադրության տեքստի վրա։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը ընդգրկված է եղել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանադրության նախագծին՝ այն գնահատելով «դրական»․ «Դրական եմ վերաբերվում, որ կարգավորումն է, որ ավելի վատն է այս նախագծում, քան գործող սահմանադրությունում․ ամեն ինչ կամ նույնն է, կամ ավելի լավն է»։
-Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը բացասական, քննադատական մեկնաբանությունների վերաբերյալ։
-Օրինակ ո՞րը։
-Դե, օրինակ ընդդիմադիր պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրել է․ «․․․․Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է, իսկ անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ տալու դրույթը ոչ թե վտանգում է, այլ թիրախային հարվածում է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հիմքերին․․․․»։
-Նոր նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը թող կարդա Մարիաննա Ղահրամանյանը․․․
-Իսկ ովքե՞ր են աշխատել տեքստի վրա, ո՞վ է խմբագրել եւ ո՞վ է վերջնական հաստատել։
-Սա խառը աշխատած բան է, բաներ կան, որ խորհուրդն է աշխատել․ բաներ կան, որ արդարադատության նախարարությունն է աշխատել։ Սա արդարադատության նախարարությունն է հրապարակում, հետեւապես երևի հաստատել է արդարադատության նախախարը։
-Ե՞րբ է Վենետիկ հանձնաժողով ուղարկվելու նախագիծը։
-Դեռ շուտ է դրա համար։ Սա առաջին հերթին Հայաստանի քաղաքացիներին պետք է տրամադրվի, Հայաստանի քաղաքացիների կարծիքները հավաքվի, հետո նոր Վենետիկի հանձնաժողովին ուղարկվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր