Որ դեպքերում կարող են քաղաքացուն զրկել քաղաքացիությունից
Thu, 26 Nov 2026 13:48:24 +0400

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պարզաբանել է, թե ինչ հիմքերով կարող է անձը զրկվել ՀՀ քաղաքացիությունից՝ անդրադառնալով Նոր Սահմանադրության նախագծում նախատեսվող համապատասխան դրույթին։
Լրագրողը նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք ժողովրդավարական կառավարման համակարգ որդեգրած այլ երկրներում ևս գոյություն ունի քաղաքացիությունից զրկելու նման մեխանիզմ, թեև նման կարգավորում նախատեսված է, օրինակ, հարևան Թուրքիայում։
Ի պատասխան՝ Գալյանը նշել է, որ քաղաքացիությունից զրկելու իրավական հնարավորություններ նախատեսված են նաև զարգացած իրավական համակարգ ունեցող մի շարք պետությունների օրենսդրությամբ։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Ֆրանսիան, Դանիան, ինչպես նաև Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրները։
Նախարարի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է այս դրույթը հանրային քննարկումներում ներկայացվում որպես արտառոց կամ սենսացիոն առաջարկ։
Գալյանը նաև հերքել է տարածված մեկնաբանությունները, թե առաջարկվող կարգավորմամբ հնարավոր կլինի քաղաքացուն զրկել քաղաքացիությունից ցանկացած հանցագործության համար։ Նրա պարզաբանմամբ՝ խոսքը բացառապես պետության անվտանգության և սահմանադրական հիմունքների դեմ ուղղված ծանր հանցագործությունների մասին է։
Մասնավորապես, նախարարը թվարկել է պետական դավաճանությունը, դիվերսիան և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը՝ որպես այն արարքների օրինակներ, որոնց պարագայում կարող է կիրառվել քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր