Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին

Արցախի հարաբերական անդորրը վերջերս խախտվում է մեզ անակնկալի բերող սարսափելի թնդյուններով։ Մեզանից անկախ` ցնցվում ենք, մտածում` երևի ականի պայթյուն է, բայց կողքից մեզ հիշեցնում են, որ թշնամին մեզանից ոչ հեռու զորավարժություններ է անցկացնում։ Կարծես մի պահ թեթևացած շունչ ենք քաշում, բայց նորից անհանգստությունից լրջանում` ու՞մ դեմ է պատրաստվում մեր «հարևանը» պատերազմել` 120 հազար արցախցիների՞, որ շրջափակման մեջ են, զրկված իրենց իրավունքներից, բայց նորից հիշում ենք այն կործանարար «խաղաղության» պայմանագիրը, փորձում վանել մեզանից տխուր մտածումները…

Այդպես էր օրեր առաջ։ 9-րդ ա դասարանում գրականության քննության հարցերից էի խոսում։ Կարծես ցնցվեց երկիրը ահեղ թնդյունից։ Չհասցրինք խոսք ասել, հետո կրկնվեց այն երկու անգամ։ Դասարանի պատուհանների զնգզնգոցը ավելի զգաստացրեց մեզ։ Ապա լռություն։ Քարացած 18 հայացք, որ բախվեցին միմյանց ու ձայն չհանեցին։ Լռությունը խախտեցի ես` այս ի՞նչ էր…Ոչ մի արձագանք…Ինձ «հավաքեցի», ապա հանգիստ մեկ նախադասությամբ իմ հարցի պատասխանը հնչեցրի. «Արցախում այսպես է կյանքը, այդ իսկ պատճառով դուք տարբերվում եք աշխարհի մյուս երեխաներից»։
Անցա տարբեր թեմաների….Այնտեղ հայոց պատմիչներ կային, հայրենապաշտ թագավորներ, անձնուրաց զորավարներ կային, հայրենի հողի նվիրյալներ…
Մտածում եմ` մեր երեխաները կոփվե՞լ են, թե՞ սովորական է դարձել Արցախի կյանքը, որ ամեն օր լիքն է թշնամու` մեզ մատուցած տհաճ անակնկալներով…
Արցախում միայն հումանիտար հարցերը չեն մեզ մտահոգում կամ էլ` էներգետիկ ճգնաժամը… Հոգեբանական ճնշում կա, որ այս օրերին թշնամու բանակի զորավարժությունների տեսքով հակադարձում է ադրբեջանական անցակետի արհեստական խաղաղությանը։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասունը «Վիլիսը» հայ մարդուց կարևոր է համարել

Սասուն Միքայելյանն է վերջապես մեկնաբանել Տավուշում ԵԿՄ-կանների վարքագիծը՝ ոչ միայն արդարացնելով տեղի ունեցածը, այլև հայտարարելով, …