«ՍՈՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ», այս սարսափելի խոսքը մեծատառով եմ գրում…


Զարմանալի է, որ այսօրվա տեղադրած այս գրառումս ջնջված է, նորից եմ տեղադրում։
«Հաց չկա»,- մեր շրջապատում այսօր բարի լույսին փոխարինող խոսք, որ ոչ թե վերջացել է, այլ փուռերը ալյուր չունեն հաց թխելու, հետևաբար այդտեղից խանութներին մատակարարվող հաց չի լինելու։
Մեծերս փորձում ենք հաղթահարել «հաց չկային», բայց առավոտյան քնից արթնացած երեխաներին ինչպե՞ս բացատրել, որ հաց չկա, եթե շատ ու շատ ընտանիքներ վաղուց սպառել են ունեցածը, ուրիշ սնունդ չունեն տանը։
Ու այս իրավիճակում հաճախ ծնողների կողմից հարցումներ, թե սոված երեխաներին ինչպե՞ս են ուղարկելու դպրոց։
«ՍՈՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ», այս սարսափելի խոսքը մեծատառով եմ գրում, երբ աշխարհի խիղճը այդպես էլ չարթնացավ գոնե Արցախի 30 հազար երեխաների համար։
Սա էլ յուրահատուկ համակենտրոնացման ճամբար է, 21֊րդ դարի մի նոր պատանդառություն, որի համար մեղավորներ չկան, այլապես նրանց ձեռքերն էլ կոլորեին` հազարավորների սովի մատնելու համար։
Սովամահության տանող ճանապարհը ինչպե՞ս կարող են հաղթահարել արցախցիները, եթե իշխանության ներսում էլ կրքեր են բորբոքված։
Արցախում քաոսը ու՞մ է ձեռնտու, ովքե՞ր են այն մորթապաշտները, որ օգտվում են ժողովրդի վհատությունից` իրենց սեփական շահերի համար ատամներ սեղմում։
Քանի դեռ լույսի մի փոքր շող ունենք մեր հոգում, մեզ մի՛ սպանեք մեր երկրում, թու՛յլ տվեք գոնե անցյալի հուշերով գոյատևենք, որտեղ լիություն էր, ոչ մի ապրանքատեսակի պակաս չկար… Այնտեղ մեր տղաները ողջ էին, Արցախն էլ մերն էր…Այն ժամանակ ազգի ներսում այսքան հայատյացներ չկային… Եվ որ շատ կարևոր է, այն ժամանակ հավատում էինք մարդուն` վերևից ներքև։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Փաստաբանների ահազանգը. ոստիկանական բեսպրեդելն այլևս սահմաններ չի ճանաչում

Ոստիկանական բեսպրեդելն այլևս սահմաններ չի ճանաչում: Բանը հասել է նրան, որ խնդրի մասին սկսել են …