Այսօր լուսադեմին` ժամը 6֊ին, նախատեսեցի նորից լինել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժնում, որ հերթագրվեմ` հաշվառվելու, թոշակ ստանալու համար։
Պատվիրած տաքսին նստեցի` ծանր զգացողությամբ, թե անծանոթ վարորդը ի՞նչ կմտածի, երբ դեռ չէր լուսացել, դրսում կիսամութ էր, օրը` անձրևոտ, մարդիկ` քնած։
Դառը ճակատագիր, որ բաժին է հասել արցախցիներիս։ Միայն նրանք չեն քնած, երբ տեղ հասա, հեռվից մթության մեջ մարդկային կերպարանքներ տեսա` չնկատելով այն ջրափոսերը, որում մեկընդմեջ հայտնվում էին ոտքերս։
Հավաքված արցախցիները բարևս առնելուց հետո ասացին` ուշացել եք։ Նայեցի ժամին, բազմանշանակ հայացքս ուղղեցի նրանց` ինչպե՞ս թե ուշացել եմ…
Պարզվեց` ցուցակը գրված է, արդեն 30 հոգին գրանցված են։ Հարցնում եմ` ժամը 6֊ին ուշացե՞լ եմ հերթագրվելուց։
Մեկընդմեջ նրանց եմ լսում, երբեմն հարցնում, թե երբ գալ։ Նրանց հնչեցրած ժամերը տարբեր էին, բայց ոչ գիշերվա ժամը 5֊ից ուշ, որ գոնե այդ 30֊ի մեջ ընդգրկվեի։
Բոլորն էլ անծանոթ էին, բայց հարազատ էին թվում ինձ քնից զրկված արցախցիները, որ նույն ճակատագրին էինք մատնված։ Հայտնի խոսքը հիշեցի` կուշտը սովածին մանր կբրդի, ու՞մ բողոքել, թե ինչու այնքան դառնություններից հետո արցախցիներն իրենց ցամաք հացի գումարը` թոշակի թե նպաստի տեսքով ձեռք բերելու համար հայտնվել են այս խայտառակ վիճակում։
Որպես ուշացած` մոտ մեկ ժամ անց, գոնե լուսանար, նախընտրեցի տուն վերադառնալ` նորից տաքսի պատվիրելու մտադրությամբ։
Երեք արցախցի ընդառաջ եկան, թե կարող են իրենց մեքենայով ինձ տուն հասցնել։ Գոնե նրանց ուղղված շնորհակալությամբ նստեցի տաքսին` չցանկանալով նեղություն տալ այդ բարի մարդկանց։
Խոստմանս համաձայն` որոշեցի վաղը, գիշերվա խավարը խարխափելով, ժամը 4֊ից հետո գնալ ՆԳՆ անձնագրային բաժին` հերթագրվելու համար…
Դեռ հարց է, թե երբ կհաշվառեն, երբ կստանանք հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների թոշակը։
Ասում են` Նոր տարի է գալիս, իսկ արցախցին չի մոռանում, որ իննամսյա սովահարությունից ու բազում աղետներից է փրկվել և հասել Հայաստան։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia
Թեգերբաժին հասել նրանց ուշացել