Շաբաթ , 14 Դեկտեմբերի 2024

Հայ-ադրբեջանական նոր պատերազմն անխուսափելի է դառնում. Հայաստանին Արցախի ճակատագի՞րն է սպասվում


«International CRISIS Group»-ն իր կանխատեսումն է հրապարակել՝ կապված այս տարի եղած հակամարտութունների դինամիկայի ու նորերի բռնկման հետ: Մասնավորապես՝ միջազգային հեղինակավոր փորձագետները հանգել են այն եզրակացության, որ 2024-ը կարող է բացառիկ արյունալի տարի լինել աշխարհի համար: Նրանք, մասնավորապես, կանխատեսել են նաև պատերազմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Հայաստանի պարագայում, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ ձեռնարկի, տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվելու են շրջափակման մեջ ու ստիպված են լինելու հեռանալ Իրան կամ Ռուսաստան։ Եվ այդ տեղահանումն ավելի սարսափելի պատկեր կունենա, քան նույնիսկ Արցախից հայաթափումը»,-ասված է վերլուծության մեջ:
Նմանատիպ վերլուծություններն ու կանխատեսումները ՀՀ իշխանությունների կողմից, որպես կանոն, չի մեկնաբանվում: Շատ դեպքերում նույնիսկ իշխանամետ մամուլն է փորձում ծածկադմփոց անել ու ժողովրդի ականջին ոչ հաճելի, մռայլ կանխատեսումները չտիրաժավորել: Հասկանալի է, թե ինչու է այդպես արվում: Այսօր հայաստանյան իշխանությունները հանրությանը փորձում են վաճառել «խաղաղության դարաշրջանի» մասին հորինածին թեզը, համոզում են, թե եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա արնահեղություն է լինելու, հետևաբար՝ «ռևանշիստներին» շանս տալն ուղղակի հանցագործություն կլինի ու Հայաստանի վերջին կհանգեցնի: Ի դեպ՝ «ռևանշիստների» մասին խոսում է մեկ էլ Իլհամ Ալիևը՝ պարբերաբար Հայաստանի վրա բռունցք թափահարելով:
Ադրբեջանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները շատերը համարում են մեծ պատերազմին նախորդող պրոցես: Ասում են՝ Ալիևը գնում է ընտրությունների՝ սեփական ժողովրդից Հայաստանի դեմ հարձակման համար մանդատ պոկելու: Ի՞նչ է անում Հայաստանը՝ կանխելու մեծ պատերազմը, որի անխուսափելիության մասին գուժում են գրեթե բոլորը: Ինչպես 2020-ին, այնպես էլ հիմա, պրակտիկորեն ոչինչ չի արվում: Իհարկե, Հայաստանը կարծես զինվում է, բայց ակնհայտորեն դա բավարար չի լինելու՝ դիմակայելու թուրք-ադրբեջանական միացյալ կոալիցիային: Իսկ ահա այս օրերին բանակում տեղի ունեցող սպանություններն ու ինքնասպանությունները հուշում են, որ զինված ուժերի բարեփոխման հարցում առաջընթաց չի գրանցվում:
Իշխանություններն իրականում փափուկ բարձ են դնում հասարակության գլխի տակ՝ տպավորություն ստեղծելով, թե պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, սակայն ակնհայտ է, որ եթե իսկապես պատերազմ բռնկվի, ապա Հայաստանն արժանանալու է Արցախի ճակատագրին, ու թող ոչ ոք չասի, թե աշխարհը նույնիսկ աչք է թարթելու:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել

  Մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, թե ինչով է ներկա պահին զբաղվում ՌԴ-ում վերջերս …