«Իմ քայլը» հայտարարություն է տարածել
Fri, 27 Feb 2026 21:03:00 +0400

Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում սրտացավ գործընկերներից, նվիրատուներից և շահառուներից՝ տեղեկացվելով, որ հիմնադրամի աշխատակիցներից մեկի անունից տարածվում է տարօրինակ բովանդակությամբ էլեկտրոնային նամակ (բովանդակությունը` ստորև):
Տեղեկացնում ենք, որ տարածվող նամակը, որը ուղարկվում է իբրև հիմնադրամի աշխատակից Զարինե Հարությունյանի անունից, բացարձակապես կեղծ է և որևէ առնչություն չունի նրա հետ:
Պարզվել է, որ անհայտ անձինք փետրվարի 18-ին գրանցել են «projects-mystep.foundation» դոմեյնը և այդ դոմեյնի միջոցով համակարգված կերպով ուղարկում են ապատեղեկատվական նամակներ՝փորձելով մոլորեցնել հանրությանը և վնասել հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հեղինակությունը։
Տեղեկատվական բաց հարթակներից տեղեկանում ենք (լուսանկարները` ստորև), որ տվյալներն այդ դոմեյնի մասին ամբողջությամբ փակ են, իսկ էլեկտրոնային փոստի հասցեն կամ հասցեները, որոնք բացվել են այդ դոմեյնով արդեն ապաակտիվացված են:
Քանի որ նամակում նշված տեղեկատվությունը հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասին ամբողջությամբ սուտ է, մենք սա գնահատում ենք որպես նպատակային կեղծարարություն և հիբրիդային տեղեկատվական հարձակում՝ ուղղված հիմնադրամի լայնածավալ բարեգործական թափանցիկ գործունեության և վստահության դեմ։
Հիմնադրամի 6 տարվա աշխատակից Զարինե Հարությունյանը, որի անունը շահարկվել է այս գործողություններում պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ օգնելու բացահատել իր անվան ապօրինի օգտագործմամբ զանգվածային ապատեղեկատվության տարածող անձանց:
Հորդորում ենք մեր սիրելի հայրենակիցներին, բոլոր գործընկերներին, նվիրատուներին, շահառուներին և հանրության ներկայացուցիչներին` եթե ստանաք նմանատիպ նամակներ նույն կամ մեր այլ աշխատակիցների անուններից, չարձագանքել դրանց, չտարածել բովանդակությունը և անհապաղ տեղեկացնել հիմնադրամին պաշտոնական կապի միջոցներով։
Վստահեցնում ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական հաղորդակցությունն իրականացվում է միայն հիմնադրամի պաշտոնական հարթակներից և հաստատված էլեկտրոնային հասցեներից։
Տվյալ դեպքի վերաբերյալ արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ իրավական քայլեր։ Շնորհակալ ենք մեր գործունության հանդեպ բարձր վստահության և հավատի համար: Այն մեզ համար խթան է` շարունակելու մեր հանրօգուտ գործունեությունը:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ
Նամակի բովանդակությունը`
Հարգելի Հայաստանի քաղաքացիներ,
Ես՝ Զարինե Հարությունյանըս՝ «Իմ քայլ» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական, ուզում եմ հայտարարել հիմնադրամում դրամական միջոցների հափշտակման մասին: Աշխատանքի ընթացքում ես բազմաթիվ դրամական խարդախությունների վկա եմ եղել:
Ինչպես շատերին հայտնի է, Աննա Հակոբյանին արդեն ոչ թե մի անգամ մեղադրել են դրամական միջոցների հափշտակման մեջ: Այդ մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, և ես պատրաստ եմ հաստատել դրանք:
Ինձ հաջողվել է պարզել, որ վերջին տարիների ընթացքում Աննան հանել է ավելի քան 4 միլիոն դոլար նվիրատվություն:
Ես չեմ կարող անտարբեր նստել և լուռ հետևել կատարվողին: Ինձ ցավում է տեսնել, թե ինչպես են հայ ժողովրդին ամենաթող ձևով խաբում:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում արդեն ներկայացված է դիմում: Հենց այդ պատճառով էլ ես հիմա չեմ կարող տարածել Ա. Հակոբյանի խարդախություններին առնչվող ապացույցող փաստաթղթերը:
Հափշտակումը հաստատող ապացույցներն արդեն ուղարկվել են Քննչական կոմիտե: Նաև փաստաթղթերն ուղարկվել են բոլոր համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ Transparency International-ին:
Ես անկեղծորեն հավատում եմ, որ արդարությունը կհաղթի, և ողջ ճշմարտությունը կբացահայտվի:
Իմ կողմից կարող եմ խոստանալ, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի Աննա Հակոբյանի կողմիցդրամական խարդախության ապացույցները մոտ ժամանակներս հրապարակվեն հանրային հասանելիության մեջ:
Հարգանքով՝ «Իմ քայլ» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական Զարինե Հարությունյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր