Ադրբեջան-Իրան պատերա՞զմ է սպասվում․ ՊՆ-ն էլ սպառնաց
Thu, 05 Mar 2026 13:50:49 +0400

Մարտի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), իր տարածքից հարձակումներ են սկսել Նախիջևանի միջազգային օդանավակայանի և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Այս մասին ասվում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
«ԱԹՍ-ների տեխնիկական պարամետրերը և այդ հարձակումների մանրամասները ներկայումս ուսումնասիրվում են: Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, որոնք հիմնված չեն որևէ ռազմական անհրաժեշտության վրա:
Այս միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ պատասխան միջոցառումներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ հարձակումները անպատասխան չեն մնա», – ասվում է ՊՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր կոշտ մեղադրանքներ հնչեցրել Իրանի հասցեին՝ պնդելով, որ հարձակման հետևանքով վիրավորներ կան։ Աշակերտներ և ուսուցիչներ են տարհանվել, իրենց հերթին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Թեհրանն առայժմ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել իրեն վերագրվող մեղադրանքների վերաբերյալ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր