Հայաստանը՝ Աստվածաշնչի էջերում

Հայաստանը՝ Աստվածաշնչի էջերում

Fri, 06 Mar 2026 21:00:29 +0400


17-րդ դարի ֆրանսիացի գիտնական, բողոքական հոգեւորական Սամուել Բոշարը գիտական շրջանակներում հայտնի է որպես Աստվածաշնչի աշխարհագրության հետազոտող, որը Սուրբ գրքի էջերում փորձել է գտնել Հայաստանը։ Բոշարը ծնվել է 1599 թվականին՝ Ռուանում, պաստորի ընտանիքում։ Նրա քեռին հայտնի Պյեր դյու Մուլենն է, որը հայտնի բողոքական կալվինական ուղղության աստվածաբան ու հոգեւորական է եղել, բողոքական ֆրանսիացիների ինտելեկտուալ խորհրդանիշը։ Սամուելը գնացել է քեռու հետքերով։ 14 տարեկանում հունարենով սկսել է բանաստեղծություններ գրել։ Հազիվ 20 տարեկան դարձած, մեկնել է Լեյդեն՝ արաբերեն ուսանելու։ Հետո մեկնել է Անգլիա՝ իր ուսուցչի՝ Քեմերոնի հետեւից։ Այդ ժամանակ Անգլիայում քաղաքացիական անկարգություններ էին։ Ֆրանսիա վերադառնալուց հետո նշանակվել է Կանեի պաստոր ու կյանքի գրեթե ողջ մնացյալ հատվածն անցկացրել այնտեղ։ 1652 թվականին շվեդական Քրիստինա թագուհին նրան հրավիրել է Ստոկհոլմ։ Բոշարի հետ Շվեդիա է մեկնել նրա աշակերտ Պյեր Դանիել Յուեն՝ Ավրանշի ապագա եպիսկոպոսը։ Այդ ժամանակ շվեդական թագավորական պալատում շատ գիտնականներ են հավաքվել՝ Քրիստինա թագուհու հրավերով։ Բոշարն աշխատել է արքայական գրադարանի արաբերեն ձեռագրերի վրա։ Հետո վերադարձել է Կանն, անդամակցել տեղի ակադեմիային եւ շարունակել աշխատել՝ մինչեւ կյանքի վերջը։

Բոշարը զբաղվել է մի ոլորտով, որը ժամանակակից գիտության մեջ կոչվում է Աստվածաշնչի աշխարհագրություն։ Նրա հիմնական աշխատությունը Geographia Sacra, seu Phaleg et Canaan-ն էր, որը լույս է տեսել 1646 թվականին, երկու հատորով։ Այն 17-րդ դարի վերջին դարձել է իր ժամանակի ամենահայտնի գիտական աշխատություններից մեկը։ Բոշարն իր առաջ դրել էր մի խնդիր, որը նույնիսկ ժամանակակից գիտնականները համարել են անիրագործելի․ Ծննդոց գրքում ուսումնասիրել է հիշատակված 70 ժողովուրդների ծագումը եւ դրանք կապել իր ժամանակների Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի ժողովուրդների հետ։ Իր կազմած «Ժողովուրդների անվանումների հարացույցում» տեղ գտած յուրաքանչյուր անվանում նա հետազոտել է առանձին-առանձին, փորձել համապատասխանություններ կամ աղերսներ գտնել հունարեն, լատիներեն, արաբերեն, ասորերեն տեքստերում, անվանումների վերաբերյալ ստեղծել վերլուծական շղթաներ։ Գրքում ներկայացված քարտեզները, ըստ էության, առաջինն էին, որ ներկայացնում էին Սուրբ Երկիրը եւ ցույց էին տալիս այն տեղավայրերը, որտեղ տեղի է ունեցել Աստվածաշնչի Հին Ուխտի այս կամ այն իրադարձությունը։ Դա աստվածաշնչյան առաջին ատլասն էր, որում Հայաստանը հատուկ տեղ ուներ՝ որպես մի երկիր, որի հետ միանգամից մի քանի աստվածաշնչյան սյուժե էր կապվում։

Բոշարը հատկապես քննարկման նյութ է դարձրել «Հայաստան»՝ «Արմենիա» տեղանունը։ Նա առաջարկել է մի բացատրություն, որը հետո երկար ժամանակ մեջբերում էին շատ գիտնականներ՝ անկախ այն հանգամանքից, թե համամիտ էին կամ ոչ։ Ըստ նրա, Հայաստանի «Արմենիա» տեղանվանաձեւը կապված է հին եբրայական «Հար Միննի»՝ «Միննիի լեռ» անվանման հետ։ Միննին մեկն է այն երեք թագավորություններից, որոնք Երեմիա մարգարեն կոչ է անում հանդես գալ Բաբելոնի դեմ։ Բոշարը կարծում էր, որ Երեմիայի գրքի 51,27-ում հիշատակված թագավորությունների շարքում կա նաեւ Հայաստանը, եւ այն մեկնաբանությունը, որը Հայաստանի «Արմենիա» տեղանվան հետ կապված առաջարկել է Բոշարը, 17-19-րդ դարերում ամենից տարածվածն է համարվել, թեեւ նաեւ շատ է վիճարկվել։ Հայաստանի հետ կապված իր հետազոտության ընթացքում նա հատկապես ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Նոյյան տապանը կանգ է առել Արարատի լեռներում։ Հասանելի բոլոր հին աղբյուրներն ուսումնասիրելով՝ Բոշարը պնդել է, որ խոսք է գնում Հայաստանի մասին։ Նա նաեւ փորձել է Հայաստանը գտնել ժողովուրդների ծագումնաբանության աստվածաշնչյան տեսության մեջ։ Անկախ այն հանգամանքից, թե Բոշարի տեսակետներն այսօրվա գիտության կողմից ինչ վերաբերմունքի են արժանանում, պարզ է մի բան, որ նա իր գիտական աշխատանքներում մշտապես փորձել է գտնել Հայաստանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրականում ինչպիսին է ՔՊ-ի վարկանիշը

Իրականում ինչպիսին է ՔՊ-ի վարկանիշը Fri, 06 Mar 2026 13:03:23 +0400 Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով